Մարտի 14-ին կյանքից հեռացած հայտնի ֆիզիկոս, տիեզերաբան Սթիվեն Հոքինգը մահից մի քանի օր առաջ համացանցում հրապարակել էր իր վերջին գիտական աշխատանքը՝ նվիրված զուգահեռ տիեզերքների գոյության՝ բազմատիեզերքի հավանականությանը, գրում է The Daily Mail-ը:
Նշվում է, որ բազմատիեզերքը, որի հիպոթեզի կողմնակիցներից էր Հոքինգը, հնարավոր անվերջ կամ վերջավոր տիեզերքների հիպոթետիկ բազմությունն է: Այն ներառում է Մեծ պայթյունի հետևանքով առաջացած ու գոյություն ունեցող ամեն ինչ՝ տարածության, ժամանակի, նյութի ու էներգիայի ամբողջականությունը, ինչպես նաև դրանք նկարագրող ֆիզիկական օրենքներն ու հաստատունները:
Հայտնի է, որ Հոքինգի հրապարակած հոդվածում վերջին անգամ շտկումներ են իրականացվել մարտի 4-ին՝ մահից 10 օր առաջ: «A Smooth Exit from Eternal Inflation» հոդվածը գրվել է Թոմաս Հերթոգի հետ:
Ոլորտի մի շարք մասնագետներ չեն բացառում, որ այս աշխատության համար Հոքինգը կարող էր հեղինակավոր Նոբելյան մրցանակի արժանանալ:
Աղբյուրը՝ tert.am