Google-ին և YouTube-ին մեղադրել են սպիտակամորթ տղամարդկանց հանդեպ խտրականության մեջ

Արնե Ուիլբերգը քաղաքացիական հայց է ներկայացրել իր նախկին գործատուի դեմ Google-ում 5 տարի և 4 տարի որպես հավաքագրող YouTube-ում աշխատելուց հետո: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Ուիլբերգը պնդում է, որ անցած տարվա ապրիլին իրեն և YouTube-ի մյուս հավաքագրողներին հրահանգվել է հարցազրույցի չհրավիրել քաղաքացիների որոշ կատեգորիաների: Նրա խոսքով՝ խոշորագույն վիդեոկայքում կան պաշտոններ, որոնք չեն կարողանա զբաղեցնել եվրոպական և ասիական ծագման տղամարդիկ: Բայց միևնույն ժամանակ Youtube-ն աշխատանքի է հրավիրել կանանց կամ սևամորթ ու լատինաամերիկացի տղամարդկանց:

2017 թ. նոյեմբերին ընկերությունը հեռացրել է Արնե Ուիլբերգին՝ 40-ամյա սպիտակամորթ տղամարդու: Նրա պնդմամբ՝ քանի որ ինքը բողոքել է խտրականության դեմ պայքարի մասին օրենքների խախտումից: Իսկ հեռացումը հենց խտրականության դրսևորում է:

«Մենք հստակ քաղաքականություն ունենք թեկնածուներին նրանց ձեռքբերումների հիման վրա վարձելու համար, ոչ թե նրանց անձի: Միաժամանակ մենք փորձում ենք բազմազանեցնել բաց դիրքերի համար թեկնածուներին: Դա մեզ հնարավորություն է տալիս վարձել լավագույն մարդկանց, բարելավել մեր մշակույթը և լավագույն արտադրանք ստեղծել»,- պատասխանել են ընկերության պաշտոնական ներկայացուցիչները Wall Street Journal թերթի հարցմանը:

Աղբյուրը՝ 1in.am