Amazon-ը մտադիր է աշխատանքից ազատել հարյուրավոր աշխատակիցների

Աշխարհում խոշորագույն առցանց ռիթեյլեր Amazon ընկերությունը մի քանի հարյուր աշխատակցի կազատի աշխատանքից, այդ թվում՝ Սիեթլում իր գլխավոր գրասենյակում: Այդ մասին հայտնում է The Seattle Times-ը:

Լրատվամիջոցի աղբյուրների տեղեկություններով՝ կկրճատվեն, մասնավորապես, տարբեր վաճառքների, այդ թվում՝ ԱՄՆ-ի սահմաններից դուրս իրականացվող վաճառքների համար պատասխանատու բաժինների աշխատակիցները:

Լրատվամիջոցը փաստում է, որ աշխատակիցների հեռացումն Amazon-ի համար անսովոր քայլ է, քանի որ վերջին տարիներին ընկերությունը, ընդհակառակը, ակտիվ ընդլայնում է իր անձնակազմը: Վերջերս մի շարք բաժիններում նոր աշխատակիցների ընդունումը ժամանակավորապես դադարեցվել է:

Սպասվում է, որ ընկերությունը կհայտարարի զանգվածային կրճատումների մասին մի քանի շաբաթվա ընթացքում: Amazon-ից The Seattle Times-ի հրապարակման առնչությամբ հայտնել են, որ որոշ աշխատակիցների իսկապես նախատեսվում է կրճատել, բայց թե կոնկրետ ինչ թվի մասին է խոսքը՝ չեն հստակեցրել:

Աղբյուրը՝ tert.am