Bloomberg-ը պարզել է՝ որքան երկար կկարողանային աշխատել տարբեր երկրների կառավարությունները, եթե ծախսերը հոգային ամենահարուստ մարդիկ

Bloomberg գործակալությունը կազմել է «Ռոբին Հուդի նոր վարկանշային ցանկը»:Այդ վարկանշային ցանկում փորձագետները հաշվարկել են, թե որքան երկար կկարողանային աշխատել տարբեր երկրների կառավարությունները, եթե բոլոր բյուջետային ծախսերի համար վճարեր երկրի ամենահարուստ մարդը:«Ռոբին Հուդի» վարկանշային ցանկում ընդգրկվել է 49 երկիր:

Ինչպես պարզվել է՝ ամենաերկարն իր կառավարությունը կկարողանար հովանավորել Կիպրոսի ամենահարուստ մարդը՝ Ջոն Ֆրեդրիքսենը, ում կարողությունը գնահատվում է 10 միլիարդ դոլար: Նրա կարողության շնորհիվ պետությունը կկարողանար շարունակել աշխատել 441 օր: Փորձագետները պարզաբանել են, որ այդ արդյունքը ստացվել է Կիպրոսի փոքր բնակչության և ցածր սոցիալական ծախսերի շնորհիվ:

Երկրորդ տեղում է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ 5,8 միլիարդ դոլար կարողությամբ:

Ըստ Bloomberg-ի՝ նրա կարողության շնորհիվ Վրաստանը կկարողանար աշխատել 430 օր:

Վարկանշային ցանկի համաձայն՝ Չինաստանից, Ճապոնիայից և Լեհաստանից միլիարդատերերը կկարողանային պահել իրենց կառավարությունները միայն չորս օր:

Նշենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը չկան ցանկում։

Աղբյուրը՝ tert.am