Հազարավոր վենեսուելացիներ, փախչելով սովից ու հանցավորությունից, փորձել են հատել Կոլումբիայի սահմանը (լուսանկարներ)

Հազարավոր հուսահատ վենեսուելացիներ փորձել են հատել հարևան Կոլումբիայի սահմանը՝ ցանկանալով փախչել ֆինանսական խոր ճգնաժամի հետևանքով տիրող սովից ու հանցավորության բարձր մակարդակից:

Ինչպես երևում է The Daily Mail-ի ֆոտոշարքից՝ վենեսուելացիները Սիմոն Բոլիվարի անվան միջազգային կամրջով փորձել են Կոլումբիա մտնել: Սակայն սահմանին նրանց կանգնեցրել են Կոլումբիայի սահմանապահները, որոնց թիվը զգալի ավելացել է Վենեսուելայում տիրող ճգնաժամի ֆոնին:

Հայտնի է, որ պետական սահմանի հսկողությունն ուժեղացրել է նաև մյուս հարևան երկիրը՝ Բրազիլիան, որն անցած կես տարում ապաստան է տրամադրել տնտեսական ճգնաժամից փախչող 1.5 մլն վենեսուելացու:

Աղբյուրը մանրամասնում է, որ տնտեսական ծանր պայմանների հետևանքով բռնության մակարդակը շատ է բարձրացել հատկապես մայրաքաղաք Կարակասում: Մարդիկ խմբերով հարձակվում են սնունդ տեղափոխող մեքենաների, բեռնատարների վրա:

Հայտնի է, որ միայն հունվար ամսվա ընթացքում գրանցվել է կողոպուտի 162 խոշոր դեպք, որից 42-ը վերաբերում են սննդին:

Այժմ Վենեսուելայում հանցավորության՝ աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է գրանցվել: Մարդիկ տառապում են սննդի, հիգիենայի տարրական միջոցների, դեղորայքի պակասից, ինչպես նաև բողոքում են գների կտրուկ աճից:

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտնել է, որ վերջին 6 ամսում իրենք ապաստան են տրամադրել 600.000 վենեսուելացու և այժմ ստիպված են խստացնել սահմանային հսկողությունը, քանի որ անկարող են նոր փախստականներ ընդունել:

«Սա ողբերգություն է: Դիմում եմ նախագահ Մադուրոյին (Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո-Tert.am)` սա Ձեր վարած քաղաքականության հետևանքն է»,- ասել է Սանտոսը:

Աղբյուրը՝ tert.am