Էմմա Ուոթսոնը, Թոմ Քրուզը և Ջոնի Դեպը հայտնվել են «Ոսկե ազնվամորու» թեկնածուների շարքում

Կիրակի ԱՄՆ-ում հայտարարվել են 2017 թվականի «Ոսկե ազնվամորու» մրցանակի թեկնածուները: Կինեմատոգրաֆում ամենակասկածելի ձեռքբերումների համար շնորհվող այդ մրցանակի թեկնածուների թվում են հայտնվել Թոմ Քրուզը, Ջոնի Դեպը, Ջեյմի Դորնանը և Էմմա Ուոթսոնը, հայտնում է ТАСС-ը:«Վատագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են «Էմոջի ֆիլմ», «Տրանսֆորմերներ՝ վերջին ասպետը», «50 երանգով մուգ», «Մումիա» և «Մալիբուի փրկարարները» ֆիլմերը:

«Վատագույն դերասան» անվանակարգում ներկայացվել են Թոմ Քրուզը՝ «Մումիա» ֆիլմում իր դերի համար, Ջեյմի Դորնանը՝ «50 երանգով մուգ» ֆիլմի համար, Մարկ Ուոլբերգը՝ «Ողջույն, հայրիկ-2» և «Տրանսֆորմերներ՝ վերջին ասպետը» ֆիլմերի համար: Բացի այդ, վատագույն դերասան կարող են ճանաչվել Ջոնի Դեպը՝ «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի համար, և Զակ Էֆրոնը՝ «Մալիբուի փրկարարները» ֆիլմի համար:

Վատագույն գլխավոր դերակատարուհի «կոչմանը» հավակնում են «Մեդեայի Հելոուինը-2» ֆիլմի համար կնոջ կերպարում հանդես եկած Թայլեր Փերին, Դակոտա Ջոնսոնը՝ «50 երանգով մուգ» ֆիլմի համար, Քեթրին Հայգլը՝ «Անմոռանալի» ֆիլմի համար, Էմմա Ուոթսոնը՝ «Ոլորտ» ֆիլմի, Ջենիֆեր Լոուրենսը՝ «Մայրիկ» ֆիլմի համար:Հաղթողների անունները հայտնի կդառնան մարտի 3-ին՝ «Օսկար» մրցանակաբաշխության նախօրեին:

Աղբյուրը՝ tert.am