Հոլիվուդյան դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին սոցցանցերում պաշտպանել է իրանցի կանանց այդ երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին՝ Մահսա Ամինիի մահվան դեպքից հետո: Ըստ Մահսա Ամինիի հարազատների՝ աղջիկը մահացել է շարիաթի նորմերի պահպանմանը հետևող ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու պատճառով, գրում է The Independent-ը։
Ջոլին մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում կանայք իրենց մազերը կտրում են՝ ի նշան բողոքի։ Վերջին լուսանկարում նա գրել է.
«Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 12-րդ գիշերն անընդմեջ։ Դրանք սկսվել են ի պատասխան 22-ամյա Մահսա Ամինիի մահվան։ Բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր հատուկջոկատայինները դաժանորեն հարձակվել են ցուցարարների վրա, և, ըստ տեղեկությունների, սպանվել է ավելի քան 70 մարդ»:
«Հարգա՛նք Իրանի խիզախ, հանդուգն և անվախ կանանց։ Բոլոր նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ գոյատևել և դիմադրել են, այսօր դուրս են գալիս փողոց։ Կանայք կարիք չունեն վերադաստիարակվելու, նրանց պետք չէ, որպեսզի իրենց բարոյական սկզբունքներն ու մարմինը վերահսկեն: Նրանց պետք է ազատություն՝ ապրելու և շնչելու առանց բռնության և սպառնալիքների»,– հավելել է դերասանուհին։