Պատահում է, որ մարդիկ ստեղծված են լինում միմյանց համար, բայց հանգամանքները խանգարում են միասին լինել։ Հաճախ, եթե նրանց հաջողվում է հաղթահարել դրանք, ստանում են երկրորդ հնարավորություն։ Կարևորն այն բաց չթողնելն է, քանի որ երկրորդ փորձը կարող է ավելի հաջող լինել, քան առաջինը, հատկապես, եթե բաժանումը պայմանավորված է եղել զգացմունքների հետ կապ չունեցող պատճառներով։ Երբեմն հարաբերություններին երկրորդ հնարավորություն տալը ողջամիտ է և նույնիսկ՝ անհրաժեշտ, ուստի VNews-ը որոշեց ներկայացնել Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի սիրո պատմությունը:
Երբ նրանք հանդիպեցին, Ջենիֆեր Լոպեսն ամուսնացած էր Քրիս Ջադի հետ, դրա համար էլ նրա հարաբերությունները Բեն Աֆլեքի հետ սկսվեցին անկեղծ ընկերությամբ: Այդ մասին Աֆլեքն ասել է հարցազրույցներից մեկում.
«Քանի որ նա ամուսնացած էր, ռոմանտիկ հարաբերությունների մասին խոսք չկար։ Այդպես մենք հնարավորություն ունեցանք ճանաչելու միմյանց առանց կեղծիքի, որն ուղեկցում է ժամադրություններին, քանի որ փորձում ես լավ տպավորություն թողնել: Ես ոչ մի բան չեմ փորձել փոխել իմ մեջ, ոչ էլ նա: Մենք դարձանք շատ լավ ընկերներ»:
Հաջորդ տարի երգչուհին ամուսնալուծության հայց ներկայացրեց Ջադին, և նրա հարաբերություններն Աֆլեքի հետ տեղափոխվեցին նոր մակարդակ։ 2002-ի օգոստոսին լուրերը, որ նրանք միասին են, հաստատվեցին, երբ լրագրողները տեսան նրանց միասին։ Դա մի քիչ տհաճ անդրադարձ ունեցավ զույգի վրա:
Ջենիֆեր Լոպեսն ասել է. «Մենք առաջին անգամ միասին հայտնվեցինք տաբլոիդներում, և մեզ համար դա հետևյալն էր՝ «Աստված իմ»։ Չափից մեծ էր ճնշումը»։
Նույն թվականի նոյեմբերին Բեն Աֆլեքը զարմացրեց սիրելիին՝ առաջարկելով ամուսնանալ։
Սովորաբար, մենք բոլորովին անհոգ ենք պատկերացնում հայտնիների կյանքը։ Մեզ համար դժվար է պատկերացնել, թե ինչպես է լինում, երբ այն ամենն, ինչ անում ես, ինչ ասում ես, մի խոսքով՝ ամբողջ կյանքդ դառնում է հրապարակային։ Պատկերն այլևս այնքան էլ ուրախ չի թվում այդ դեպքում։ Սա պատճառներից մեկն էր, որ 2000-ականների սկզբի ամենախարիզմատիկ զույգերից մեկը՝ Բենիֆերը, ինչպես նրանց լրատվամիջոցներն էին անվանում, բաժանվեց:
Հարսանիքը պետք է տեղի ունենար 2003-ի սեպտեմբերին, սակայն դրանից ընդամենը մի քանի օր առաջ հարսն ու փեսան որոշեցին չեղարկել միջոցառումը։ Բացառիկ հարցազրույցում նրանք հայտարարեցին, որ չեղարկման պաշտոնական պատճառը մեծ թվով պապարացիներ են, որոնք ժամանել են քաղաք, որտեղ պետք է տեղի ունենար արարողությունը։
«Մենք զգացինք, որ այդ օրվա մթնոլորտը, որը պետք է լիներ մեր կյանքի ամենաերջանիկ օրը, կարող է վտանգվել: Զգում էինք, որ օրը, որը պետք է ուրախ և սուրբ լիներ, կփչանա մեր ընտանիքների և ընկերների համար»,- ասել են Բենն ու Ջենիֆերը հարցազրույցներից մեկում։
2004 թվականի հունվարի սկզբին Բենն ու Ջենիֆերը վերջնական բաժանվեցին։
«Կարծում եմ՝ ամեն ինչ իր ժամանակն ունի, ով գիտի, թե ինչ կարող էր պատահել, բայց մենք իսկապես սիրում էինք միմյանց»,- մեկնաբանել է երգչուհին։
Այդ ժամանակ նա նորից ամուսնացած էր՝ Մարկ Էնթոնիի հետ։ Այսօր, սակայն, նրա խոսքերն այլ իմաստ են ստացել։
Ջեյ Լոն Էնթոնիի հետ ամուսնալուծվեց 2012-ին։ Աֆլեքը, որն ամուսնացել էր Ջենիֆեր Գարների հետ 2005 թվականին, ամուսնալուծության հայց ներկայացրեց կնոջը 2017-ի ապրիլին, սակայն ամուսնությունը պաշտոնապես չեղյալ հայտարարվեց միայն 2018 թվականի հոկտեմբերին։
Ջենիֆեր Լոպեսը մինչև վերջերս հանդիպում էր Ալեքս Ռոդրիգեսի հետ և նույնիսկ նշանվել էր նրա հետ, բայց և այնպես, նրանք անցյալ տարի բարեկամաբար եզրափակեցին իրենց հարաբերությունները:
«Մենք հասկացանք, որ լավագույն ընկերներ ենք, և հույս ունենք, որ այդպես էլ կմնանք։ Կշարունակենք միասին աշխատել և աջակցել միմյանց մեր ընդհանուր գործերում և նախագծերում»,- հայտարարել են Ալեքս Ռոդրիգեսը և Ջեյ Լոն նշանադրությունը չեղարկելուց հետո:
Աֆլեքի հետ նրա բաժանությունից անցել էր ավելի քան 17 տարի։ Շատ բան էր փոխվել։ Երկուսն էլ ծնող էին դարձել ու մնացել մենակ։ Եվ, թեև արդեն միասին չէին, շարունակում էին ընկերություն անել։ Այդպես նրանք որոշեցին միմյանց երկրորդ հնարավորություն տալ։
Հին սխալների կրկնությունից խուսափելու համար նրանք այժմ շատ ավելի զուսպ են վերաբերում իրենց անձնական կյանքին և այն համարում են անձեռնմխելի։
«Մենք դարձել ենք ավելի խելացի, ավելի փորձառու և մեր կյանքի այլ փուլում ենք: Այժմ երեխաներ ունենք, և պետք է գիտակցված մոտենանք շատ հարցերի»,- իրենց հարաբերությունների ասել է Ջենիֆեր Լոպեսը:
Դրանում նրանք սոլիդար են։ Երկու աստղերն էլ վճռել են ամեն գնով իրենց երեխաներին հեռու պահել տաբլոիդների ուշադրությունից, և անկասկած, ուրախ են կրկին միասին լինելու համար:
«Իմ բախտը բերել է, ես երջանիկ եմ և հպարտ, որ նրա հետ եմ: Երբ գտնում ես մեկին, որին իսկապես սիրում ես և ստանում ես երկրորդ հնարավորություն, իսկ այդպես հազվադեպ է լինում, դա շատ թանկ ու գեղեցիկ է, և մենք ըստ արժանվույն ենք ընդունում»,- ասել է Ջեյ Լոն բացառիկ հարցազրույցում։
Երկուսն էլ միշտ հիացել են միմյանցով և՛ սիրավեպի ժամանակ, և՛ երբ պարզապես ընկերներ էին: Նրանք հարգում են միմյանց անցյալը: Ջենիֆեր Լոպեսը բացատրել է.
«Ես զգում եմ, որ նա կյանքի նույն փուլում է, ինչ ես: Երբ հասնում ես այն կետին, ուր խաղաղ ես ինքդ քեզ հետ, կարող ես երջանիկ, առողջ հարաբերություններ կառուցել»: