Էմիլիա Քլարկը պատմել է, որ գլխուղեղի երկու վիրահատությունից հետո իր ուղեղի «մի փոքրիկ կտոր պակասում է»

Էմիլիա Քլարկն առավել հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյներիսի դերով։ Քչերը գիտեն, որ 2011 թվականին սերիալի երկրորդ եթերաշրջանին նախապատրաստվելիս դերասանուհու մոտ անևրիզմ է ախտորոշվել (արյունատար անոթի կամ սրտի խոռոչի տեղային լայնացումը՝ պատի ձգման և այտուցման հետևանքով)։ Այդ ժամանակ թվում էր, թե դերասանուհուն հաջողվել է ապաքինվել, բայց երկու տարի անց Էմիլիան կրկին հիվանդանոցում էր․․․ Այժմ ամեն ինչ անցյալում է, և դերասանուհին նույնիսկ բարեգործական հիմնադրամ է հիմնել, որն աջակցում է գլխի լուրջ վնասվածքներ ստացածներին։

Վերջերս Էմիլիան BBC Sunday Morning-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչ է փոխվել իր կյանքում գլխուղեղի երկու վիրահատությունից հետո։ «Դու սկսում ես տեսնել շատ հեռանկարներ: Ուղեղիս ինչ-որ մասն այլևս չի կարող օգտագործվել… Մի փոքրիկ կտոր պակասում է… Դա ինձ միշտ ծիծաղեցնում է»,- անկեղծորեն խոստովանել է դերասանուհին:

Քլարկն ասել է, որ երկու կաթվածի հետևանքով իր հիշողությունը չի տուժել, ինչը թույլ է տալիս շարունակել նկարահանվել ֆիլմերում և մասնակցել թատերական ներկայացումներին։ «Ես կարող եմ ամեն երեկո խաղալ երկուսուկես ժամ և չմոռանալ ոչ մի տող: Ես միշտ լավ հիշողություն եմ ունեցել, քանի որ դա շատ կարևոր է դերասանի համար։ Եվ ես անընդհատ ստուգում եմ դա»,- հավելել է նա։

«Գահերի խաղի» աստղը հավելել է, որ դադարել է ինքն իրեն հարցեր տալ, թե վիրահատությունից հետո այժմ ինչ գործընթացներ են տեղի ունենում իր օրգանիզմում։ «Իմաստ չկա գլուխ կոտրել այն հարցի շուրջ, թե ինչ կարող է այնտեղ չլինել: Հատկապես, եթե այն, ինչ հիմա ունեք, հիանալի է», – ասել է նա: