Էմբեր Հերդին չի հաջողվել չեղարկել Ջոնի Դեփին 10 մլն դոլար վճարելու մասին դատարանի վճիռը

Դատարանը մերժել է դերասանուհի Էմբեր Հերդի պահանջը՝ նախկին ամուսնու՝ դերասան Ջոնի Դեփի հայցով նոր դատավարություն անցկացնելու վերաբերյալ, գրում է The New York Post-ը։

«Վիրջինիայի դատարանը մերժել է Հերդի պահանջը՝ Դեփի հայցով նոր դատավարություն անցկացնելու վերաբերյալ», – հայտնում է լրատվամիջոցը։

Ավելի վաղ Էմբեր Հերդի փաստաբանները դատարանին խնդրել էին հաշվի առնել նախորդ դատավարության ընթացքում թույլ տրված սխալները և նոր դատավարություն նշանակել զրպարտության գործով։

Դերասանուհու դատապաշտպանների խոսքով՝ ծանուցումներից մեկը սխալ երդվյալ ատենակալի է ուղարկվել։ Փաստաթղթերի համաձայն՝ թիվ 15 երդվյալ ատենակալը ծնվել է 1970 թվականին, իսկ դատական նիստին հրավիրվել է նույն ազգանունով, բայց 1945 թվականին ծնված տղամարդ, որոնք ապրում են նույն հասցեում:

Մինչ այս՝ դերասանուհու պաշտպանները պնդում էին, որ դատը շահելուց հետո Դեփին տրվելիք վնասի չափը չափազանցված է և ապացույցներով չհիմնավորված։

Ջոնի Դեփը զրպարտության վերաբերյալ հայց էր ներկայացրել նախկին կնոջ դեմ, որը նրան մեղադրում էր բռնության համար, և շահել դատը։ Էմբեր Հերդը պետք է 10,3 մլն դոլար վճարի նախկին ամուսնուն։