Սննդամթերքի տեսակներ, որոնք խորհուրդ չի տրվում ուտել երեկոյան ուշ ժամերին

Գիշերվա ժամերն օրգանիզմի համար ամենակարևոր ժամանակահատվածն են, քանի որ հենց քնած ժամանակ են օրգանիզմի տարբեր համակարգերն ու օրգանները հանգստանում ու վերականգնվում, սակայն խնդիրն այն է, որ շատերը չեն հասկանում դա և որոշակի սխալներ են գործում, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ քնի որակի վրա։ Նման սխալներից մեկը կարող է լինել ընթրիքին սննդամթերքի որոշակի տեսակների գործածությունը, ինչի հետևանքով մարսողական համակարգը ծանրաբեռնվում է և ի հայտ են գալիս քնի խանգարումներ։

Նման տհաճ հետևանքներից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին խուսափել երեկոյան ուշ ժամերին որոշակի մթերքի գործածությունից, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Մեծ քանակությամբ ջուր պարունակող սննդամթերքի տեսակներ

Ձմերուկը, վարունգը, նեխուրն ու մեծ քանակությամբ ջուր պարունակող այլ մթերքը երեկոյան ժամերին օգտագործելը կարող է բացասաբար անդրադառնալ քնի որակի վրա, քանի որ այն խթանում է միզարտադրությունն ու ստիպում է մարդուն գիշերվա ընթացքում պարբերաբար արթնանալ միզապարկը դատարկելու համար։ Նման դեպքերում քունը ընդհատվում է, ուստի չի կարող համարվել որակյալ։ 

Կծու մթերք

Երեկոյան ուշ ժամերին կծու մթերք ուտելը կարող է դառնալ մարսողության խանգարման ու ստամոքսի այրոցի պատճառ։ Բացի այդ, կծու մթերքը պարունակում է կապսաիցին, որը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, ինչը ևս թույլ չի տալիս հեշտությամբ քուն մտնել։

Բանան 

Բանանը շատ օգտակար միրգ է, սակայն այն հարկավոր է օգտագործել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ էներգիա ստանալու համար։ Քնելուց առաջ բանան ուտելը կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտում մեծ քանակությամբ լորձի կուտակման և մարսողության խանգարման, ինչն էլ բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա։

Խնձոր

Այս միրգը պարունակում է պեկտին, որը վերահսկողության տակ է պահում արյան մեջ շաքարի ու խոլեստերինի մակարդակները, սակայն երեկոյան ժամերին խնձորը վատ է մարսվում, ինչը հանգեցնում է ստամոքսի թթվայնության բարձրացման։ Սա էլ իր հերթին վատ է անդրադառնում քնի որակի վրա։

Խաչածաղկավոր բանջարեղեն

Կաղամբը, ծաղկակաղամբը, բրոկոլին ու նեխուրը հարուստ են հսկայական քանակությամբ վիտամիններով, ուստի շատ օգտակար են օրգանիզմի համար, սակայն դրանք պարունակում են նաև մեծ քանակությամբ չլուծվող մանրաթելեր, որոնք շատ երկար են մարսվում։ Երեկոյան ժամերին նման մթերքի գործածությունը ծանրաբեռնում է աղեստամոքսային տրակտը, ինչն էլ բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա։

Ընկույզներ 

Պիստակը, նուշը, հունական ընկույզն ու այլ ընկույզները հիանալի միջոց են զարկերակային ճնշումը նորմայի սահմաններում պահելու և սրտամկանի առողջությունն ամրապնդելու համար, սակայն դրանք հարուստ են մեծ քանակությամբ ճարպերով և ունեն բավական բարձր կալորիականություն, ուստի օրվա սխալ ժամին օգտագործելու դեքում կարող են նպաստել քաշի ավելացմանը։

Մուգ շոկոլադ

Մուգ շոկոլադը հարուստ է մեծ քանակությամբ հակաօքսիդնատներով, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացն ու նվազեցնում են սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ այն դասվում է օգտակար սննդամթերքի տեսակների շարքին։ Այնուամենայնիվ հարկ է հիշել, որ շոկոլադը նաև հարուստ է կոֆեինով, որն առույգացնում է և կարող է դառնալ քնի խանգարման պատճառ, ուստի այն լավագույն ընտրությունը չէ երեկոյան ուտելու համար։

Նյութի աղբյուրը՝ The Health Site