«Շատ դերասաններ, իմանալով, որ ֆիլմը քաղաքական է, հրաժարվեցին ինձ հետ աշխատել». Մհեր Մկրտչյանը՝ նոր ֆիլմի և իր քաղաքական հայացքների մասին

Քաղաքի խցանումների միջով մեր պայմանավորված ժամից 15 րոպե ուշացումով հազիվ հասնում եմ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն ու ինձ մի կերպ գցում թատրոնի ղեկավարության աշխատասենյակ: Պարտաճանաչ զրուցակիցս տեղում է, հանգիստ նստած իր աթոռին, ուշադիր լսում է գործընկերների՝ թատրոնի տնօրենի ու դերասանի խոսակցությունը. նոր ներկայացումներ են բեմադրվում, բոլորը խառն են, մթնոլորտն՝ աշխատանքային: Համավարակից հետո թատրոնն առաջին անգամ մեծ պրեմիերաներով է ներկայանում:

«Շունչ քաշիր, հանգստացիր, իջնենք, նեքևի սրահում խոսենք, տնօրենին չխանգարենք», – նույն համբերատարությամբ շարունակում է ինձ հյուրընկալած հյուրս՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Մհեր Մկրտչյանն, ում հետ մեր քայլերն ուղղում ենք ներքնահարկ: Թեև գիտեմ, որ ռուսական դպրոց անցած ռեժիսորն անկաշկանդ զրուցակից է ու միշտ ասում է այն, ինչ մտածում է, այնուամենայնիվ, ակնարկում եմ. «Թատրոն եմ եկել, բայց կինոյից եմ խոսելու ու քաղաքականությունից, դեմ չե՞ք»:

«Դեմ չեմ, թաքցնելու կամ վախենալու ոչինչ չունեմ», – ժպտում է նա, ով շուտով մշակութային թիվ մեկ թեման կդարձնի իր «Իշխանություն»-ը. ֆիլմ իրականության՝ տեսածի, լսածի ու ապրածի մասին…

Ընդհանրապես, ժամանակակից իրողությունները սերունդներին փոխանցելու կարևոր առաքելությունն ունեն պատմաբաններն ու կինոգործիչները, գրողներն ու լրագրողները: Հենց նրանք են, որ ձեռքը պահում են ժամանակի զարկերակին, ականատեսի աչքերով փոխանցում ճշմարտությունը՝ թույլ չտալով կորցնել դրա հետագիծը…

– Պարոն Մկրտչյան, ցանկանում եմ մեր զրույցը սկսենք նոր ֆիլմի գաղափարից. ե՞րբ ու ինչպե՞ս ծնվեց:

– «Ինչպես» հարցին պատասխանելը դժվար է, այդ պահին ես սկսում եմ այդ թեմայով ապրել, դա ինձ համար թիվ մեկ կարևորություններից է դառնում: Այդպես էր նաև «Կյանք ու կռիվ»-ի ժամանակ: Նույնը հիմա կատարվեց, մեր երկրում գլոբալ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք չէին կարող ինձ անտարբեր թողնել: Իմ մեջ թեման սկսեց եռալ… Դրանք պրոցեսներ են, որոնք եփվում են ռեժիսորի, սցենարիստի գլխում: Իմ գործունեության ընթացքում չի եղել որևէ ֆիլմ, որի գաղափարը հանպատրաստից է ծնվել: Երկար ժամանակ դա իմ մեջ խմորվում է, հետո նոր՝ սցենարի վերածվում: Օրինակ՝ այս ֆիլմի սցենարի վրա սկսել եմ աշխատել 2019 թվականի վերջից:

– 2020 թվականի արցախյան պատերազմը որևէ կերպ փոխե՞ց սցենարի ընթացքը:

– Իհարկե, սցենարը փոփոխության ենթարկվեց, որովհետև, եթե դու նկարահանում ես ֆիլմ մեր օրերի մասին, որում տեղի են ունենում մասշտաբային փոփոխություններ, դա չի կարող իր հետքը չթողնել… Երբ պատերազմը սկսեց, ես արդեն արտադրության մեջ էի ու շատ տեսարաններ «ջնջեցի» ու նորից նկարեցի: Ինչպես իմ էմոցիոնալ դաշտում, այդպես էլ իմ ստեղծած աշխատանքի մեջ՝ շատ բան փոխվեց:

– Կա՞ պատերազմը ֆիլմում:

– Այո:

– «Իշխանություն» ֆիլմի գովազդային պաստառի վրա չընդգծված, բայց, այնուամենայնիվ, նկատելի է «դուխով» արտահայտությունը, որը մեր առօրյա մտավ 2018 թվականից: Կարելի՞ է ասել, որ Ձեր ֆիլմը հենց այս իշխանության մասին է ու քաղաքական ենթատեքստ ունի:

– Ես նույնիսկ չեմ պատրաստվում թաքցնել. այո՛, ֆիլմում կան նաև քաղաքական գծեր: Ֆիլմի վերնագիրը հայտարարելուց, «պոստերն» ու թիզերը հանրայնացնելուց շատ լավ գիտակցում էի, որ բացում եմ «քարտերը»: Բայց շեշտեմ, որ սա զուտ քաղաքական ֆիլմ չի, սա սիրո պատմություն է, բայց այնտեղ տեղ են գտել նաև մեր երկրում՝ 2018-ից առ այսօր կատարված իրադարձությունները: Շատերս կարող ենք այս ֆիլմում մեզ գտնել ու հուսով եմ՝ մտածել, համեմատել, ծանր ու թեթև անել: Ամեն դեպքում, ես նկարել եմ իմ հասկացածը, իմ վերլուծածն ու զգացածը: Հետևաբար, ինչ-որ մեկին սա մոտ կլինի, ինչ-որ մեկին՝ խորթ: Հանդիսատեսի ցանկացած ռեակցիա ռեժիսորի համար արժեքավոր է, քան անտարբերությունը: Հուսով եմ՝ ֆիլմը հանդիսատեսին անտարբեր չի թողնի:

– Վստահ եմ, որ անտարբեր չի թողնի, քանի որ դեռևս մեծ էկրան չբարձրացած՝ այն արդեն իսկ քննարկվում է:

– Գիտեք, ես միշտ վախենում եմ գնահատական տալ իմ աշխատանքին՝ մինչև հանդիսատեսին հանձնելը: Շատ է պատահում, որ ռեժիսորը սկսում է մեծ-մեծ խոսել, բայց ֆիլմի էկրան բարձրանալուց հետո հասկանում է, որ հիմարություն է նկարել: Այնպես որ, մինչև հանդիսատեսին հանձնելը, ես իմ գնահատականների մեջ շատ զուսպ ու զգույշ եմ:

– Նշեցիք, որ այնտեղ կան և՛ քաղաքական պրոցեսներ, և՛ պատերազմ: Որքան էլ ֆիլմը գեղարվեստական է, փաստագրական կադրեր օգտագործե՞լ եք: Նաև հետաքրիր է՝ իշխանությունը որևէ կերպ փորձե՞լ է խոչընդոտել «Իշխանության» ծնունդին, ու ի՞նչ գումարով է նկարահանվել ֆիլմը:

– Ֆիլմի պրոդյուսերը ես եմ, այս անգամ պետության հետ աշխատել չեմ ցանկացել… Բավականին անկեղծ ու բաց պատասխանելով Ձեր հարցերին, կցանկանայի, ամեն դեպքում, փակագծերը շատ չբացել փաստագրական կադրերի առումով (ժպտում է, հեղ.): Ինչ վերաբերում է խոչնդոտելուն՝ բացարձակ չեն խոչնդոտել, որևէ կերպ չեն խանգարել:

– Դերասանական կազմում ովքե՞ր են, ու ե՞րբ կլինի պրեմիերան:

– Գլխավոր դերերից մեկը վստահվել է Մոսկվայց հրավիրված տաղանդավոր, փորձառու արտիստ Սերգեյ Շակուրովին, ում հետ ես բազմիցս եմ համագործակցել: Նկարահանվել են Անի Ղազարյանը, Սարգիս Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Լևս Դավթյանը, Ռոզի Ավետիսովան: Կարծում եմ՝ շատ լավ դերասանական խումբ է հավաքվել, ովքեր միմյանցից շատ տարբեր լինելով՝ հրաշալի կոնտրաստ են ձևավորել: Մի բան հաստատ խոստանում եմ, էկրանին միանման դերասաններ չեք տեսնի: Արդեն տեխնիկական աշխատանքների փուլում ենք՝ ձայն, երաժշտական ձևավորում: Ինչպես խոստացել էի՝ պրեմիերան գարնանը կլինի: Քիչ մնաց…

– Գլխավոր դերակատարներից Սարգիս Գրիգորյանը ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: Պրեմիերային Հայաստանում կլինի՞:

– Ճիշտն ասած, իր հետ այդ թեմայով դեռ չեմ խոսել:

– Ֆիլմի հաջողության մաս է կազմում նաև դրա համար գրված սաունդթրեքը: Դրա վառ ապացույցն էր «Կյանք ու կռիվ»-ը «Կյանք ու կռիվ» երգով: «Իշխանություն» ֆիլմի համար հատուկ երգ գրվո՞ւմ է:

– Այս անգամ համագործակցում ենք կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանի հետ, ում հետ աշխատել եմ նաև «Дед 005» ֆիլմում: Իսկ առանձին երգ կգրվի, թե ոչ՝ թող դա ևս գաղտնիք մնա:

– Ձեր առաջին հայկական արտադրանքը «Կյանք ու կռիվն» էր, որով վերջին տարիների հայկական կինոարտադրության մեջ Դուք բարձր նշաձող սահմանեցիք: Այս անգամ թեման կրկին արդիկան է, չկա՞ մտավախություն, որ Ձեր իսկ սահմանած նշաձողը չեք գերազանցի:

– (Մտածում է, հեղ.) Անկեղծ կլինեմ՝ երբ ինքս իմ մտքերի հետ եմ մնում, այդ հարցն ինձ միշտ տանջում է: Ասում են՝ եթե չգիտես ճիշտ պատասխանը, ուրեմն պատասխանիր անկեղծ (ժպտում է, հեղ.). խոստովանում եմ՝ «Կյանք ու կռիվ»-ը ես հանդիսատեսին հանձնեցի 2016-ի իմ առավելագույն ուժերով, այն ժամանակ որպես ռեժիսոր դա էր իմ մաքսիմումը, «Իշխանություն»-ը նկարել եմ 2020-21 թվականի առավելագույնով: Իսկ թե ինչ առաջընթաց, կամ, գուցե, հետընթաց եմ ունեցել այս 4-5 տարվա մեջ՝ կդատի հանդիսատեսը:

– Մի՞շտ եք ֆիլմերի մեջ Ձեր՝ այդ պահի առավելագույն ուժերը ներդնում:

– Չէ, ինչպես յուրաքանչյուր ռեժիսորի կյանքում, իմ կյանքում էլ եղել են և՛ ստացված, և՛ չստացված աշխատանքներ: Բայց համոզված եմ, որ այս ֆիլմը «թուլացած» չեմ նկարել:

– Թեև Դուք հայկական կինոշուկա մի քանի տարի առաջ եք մտել, ու Ձեր մեկնարկային ֆիլմը հենց պատերազմին էր առնչվում, բայց կցանկանայի որպես ռեժիսոր պատասխանեք՝ ինչո՞ւ մենք շուրջ 30 տարիների ընթացքում Արցախը, Շուշին արժևորող մի քանի տասնյակ ֆիլմեր չունեցանք, 90-ականների մեր հաղթանակը մշակութային առումով գրեթե չբարձրաձայնվեց: Այնինչ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո թուրքական և ադրբեջանական կինեմատոգրաֆիան արդեն գործի է անցնում: Դա պետակա՞ն բացթողում է, թե՞ ոլորտի մասնագետների թերացում:

– Չեմ էլ կասկածում, որ նրանք արդեն գործի են անցել: Չի կարելի ամեն ինչում պետությանը մեղադրել: Ի վերջո, Հայաստանում ունենք տասնյակ կայացած պրոդյուսերներ: Քանի՞ տասնյակ ֆիլմեր ենք նկարել այս տարիների ընթացքում, դե թող որևէ մեկի մտքով անցներ մեր հաղթական էջերին անդրադառնալ, ո՞վ էր խանգարում իրենց նկարած ֆիլմի փոխարեն դա լիներ: Ես չունեմ դրա պատասխանը, չգիտեմ…

– Իսկ կնկարե՞ք ֆիլմ պարտության մասին…

– (Մտածում է, հեղ.) Չգիտեմ, չեմ կարող այս պահին պատասխանել, դեռ «փախնում եմ» այդ թեմայից: Ինչ-որ բան նկարելու համար պետք է թեման, այդ նյութն իմ մեջ ապրի, եռա, զարգանա, որ ես հասկանամ՝ ծնվելու, իմ մեջից այն հանելու պահն է: Իրականում, ես չէի առանձնացնի՝ ֆիլմ հաղթանակի, կամ ֆիլմ պարտության մասին, ցանկացած ֆիմում պետք է մարդու պատմություն լինի, դա ամենակարևորն է: Իսկ այս պատերազմի ընթացքում մենք բազմաթիվ ճակատագրեր ենք ունեցել, ու հնարավոր է՝ մի օր Ձեր ասած ֆիլմը ծնվի:

– Պարոն Մկրտչյան, Դուք չեք թաքցնում Ձեր քաղաքական հայացքները, նաև պարբերբար դրանք չեք փոխում՝ հետևելով սեփական հարմարավետությանն ու մեծամասնության թելադրանքին: Հեծանիվ չեմ հայտնաբերի, եթե ասեմ՝ արվեստագետների մեծ մասը միայն վերջում է սկսում խոսել, երբ արդեն կանխատեսելի է լինում, թե «ջուրն ում ջրաղացն է լցվում»: Ձեր ակտիվ քաղաքական դիրքորոշումը Ձեզ չի՞ խանգարում:

– Իսկ ինչո՞վ պետք է խանգարի, իմ առջև դռնե՞ր պիտի փակեն: Ես չունեմ փակվող դռների խնդիր: Այո՛, ես բաց եմ իմ դիրքորոշման, հայացքների մեջ, երբեք դա չեմ թաքցրել ու չեմ էլ պատրաստվում թաքցնել: Ես այն եմ, ինչ կամ, ու ինձ ոչ ոք չի կարող զրկել դրանից: Ինձ համար ավելի կարևոր է ոչ թե այն, որ հիմա հարմար «ափսե» գտնեմ օգտվելու, այլ այն, թե վաղն իմ մասին ինչ կմտածեն իմ երեխաները. իրենց հայրը վախկո՞տ մարդ է եղել, թե՞ ոչ, ազնի՞վ է եղել, թե՞ ոչ… Ամենակարևորը՝ եթե ես անկեղծ լինելով ինձ հետ՝ գտնում եմ, որ այսօրվա իշխանությունը վտանգ, փորձանք ու վնաս է իմ երկրի ապագային, ինչո՞ւ պետք է թաքցնեմ, չարտահայտվեմ: Ինչի՞ց ինձ պետք է զրկեն՝ փորձի՞ց, շնորհքի՞ց, եթե ունեմ, իհարկե… Ի՞նչ պետք է փոխվի իմ կյանքում։

– Երբեմն «ծախված մտավորական» արտահայտությունը Ձեզ չի՞ անհանգստացնում:

– Ես նույնիսկ չեմ ուզում դրա մասին խոսել: Գիտեք, երբ մարդը սկսում է արդարանալ, թե գիտե՞ք, իմ մասին այս կամ այն են ասում, ուրեմն խնդիր ունի: Խուսում են՝ լավ են անում, ապրեն իրենք: Ամեն հիմարության պատճառով արդարանալն ու դրանց պատասխան տալը, բացատրելը արդեն արդարացողի կողմից է հիմարություն: Գոնե ինձ թվում է՝ ես այդպիսին չեմ (ժպտում է, հեղ.):

– Այսօր դերասանական համայքն էլ քաղաքական հայացքների պատճառով ներդաշնակ չէ, այդ հայացքների համար տարիների գործընկերները երբեմն նույնիսկ միմյանց են վիրավորում: Թատրոնի ներսում ու նկարահանման հրապարակում բախումներ լինո՞ւմ են, թե՞ խաղաղ է մթնոլորտը:

– Անձամբ ես բախումներ չեմ ունենում և փորձում եմ թատրոնն ամեն դեպքում հեռու պահել քաղաքականությունից: Սա իմ սեփական թատրոնը չի, սա պետական կառույց է, որտեղ կարող են աշխատել տարբեր հայացքներ ունեցող մարդիկ: Ես միշտ կոլեկտվին ասում եմ. «Թատրոնի շենքից դուրս եկեք, ուզում եք՝ մորթեք իրար, բայց շեմից ներս խոսում ենք միայն ներկայացումների մասին»:

– Եղե՞լ են արտիստներ, ովքեր զուտ քաղաքական հայացքներից ելնելով հրաժարվել են նկարահանվել «Իշխանություն» ֆիլմում, կամ Դուք եք հրաժարվել նրանց հետ աշխատել:

– Ինձ համար կարևորը դերասանի պրոֆեսիոնալիզմն է ու տաղանդը… (Մտածում է, հեղ.) այս թեմայով չէի անկեղծացել, բայց քանի որ հարցրեցիք՝ կասեմ. մեր քաղաքում մի «աշխարհահռչակ» ընկերություն կա՝ «Ինդիվիդում քասթինգ»: Իրենց խնդրել էինք մեզ ուղարկել դերասանների անունները, որպեսզի ֆիլմի տիտրերում գրվեն, իրենք հրաժարվեցին անուններ տալ՝ պատճառաբանելով, որ քանի որ ֆիլմը քաղաքական է, իրենց դերասանները հրաժարվում են, որ իրենց անուն-ազգանունները գրվեն տիտրերում: Այ, տեսեք, Դուք էլ եք ժպտում, իսկապես ժպիտ է առաջացնում չէ՞ (ծիծաղում է, հեղ.): Ընդհանրապես, շատ-շատ դերասաններ, իմանալով, որ ֆիլմը քաղաքական է, հրաժարվեցին ինձ հետ այս ֆիլմում աշխատել: Կոռեկտ կլինեմ ու անուններ չեմ տա:

– Ու իրենք ի՞նչ պատճառաբանեցին:

– Բոլորի տեքստերը գրեթե նույնն էին. «Դե մարդիկ՝ հա՛մ նիկոլականները, հա՛մ հականիկոլականները, մեզ հարգում ու սիրում են»: Ու իմ բոլոր այն բացատրությունները, որ իրենք դերասան են ու պետք է խաղան և՛ հրեշի, և՛ հրեշտակի դեր՝ օգուտ չտվեցին… Բայց ես չեմ դժգոհում, իմ կարծիքով մեկտեղեցի հոյակապ դերասանական թիմ, ինչի համար երջանիկ եմ:

– Ձեր ֆեյսբուքյան գրառումներից զգում եմ, որ ժամանակ առ ժամանակ հիասթափվում եք նաև ընդդիմությունից: Շարունակելո՞ւ եք պահանջել այսօրվա իշխանության հեռանալը:

– Կարճ կպատասխանեմ՝ շարունակելու եմ լինել այն, ինչ կամ: Ես, որպես ՀՀ քաղաքացի Մհեր Մկրտչյան, ուժերիս ներածի չափով ամեն ինչ պետք է անեմ, որ երկիրը չշարունակի քայքայման գնալ: Շատ լավ իմանալով հայոց պատմություն, վստահաբար կարող եմ ասել, որ այո՛, նաև այս իշխանությունը ունենալու է իր վերջը: Մեր պատմության մեջ միշտ էլ այդպես է եղել՝ գրեթե անկում ապրելուց հետո շատ ամուր ոտքերի վրա ենք կանգնել: Համոզված եմ՝ այս ժամանակաշրջանն էլ բացառություն չէ:

– Պարոն Մկրտչյան, շուտով կրկին ընտրություններ են: Որպես նոր եկող իշխող ուժ այսօրվա ընդդիմությա՞նն եք տեսնում:

– Այսօր իմ աջակցությունը ընդդիմությանը մեկ բացատրություն ունի՝ իրենք պայքարում են այս իշխանության դեմ: Նրանց կողքին լինելը չի նշանակում, թե իրենց բոլորին եմ համակրում ու սիրում: Չէ՛, ուղղակի իրենք միակն են, ովքեր պայքարում են: Ինձ համար հարցը սկսվում և վերջանում է նրանով, որ այսօրվա իշխանությունը չպետք է լինի երկրի ղեկին, ես համարում եմ, որ իրենք փորձանք են մեր ազգի, մեր երկրի, մեր պետականության համար: Վաղը, երբ չլինի այս իշխանությունը, կգա իմ կյանքի երջանիկ պահը՝ ես կդադարեմ հետաքրքրվել քաղաքականությամբ (ժպտում է, հեղ.):

– Ըստ Ձեզ՝ իշխանության «թափթփված» լինելն անգործությա՞ն հետևանք է, կադրերի պակասի՞, թե՞ դիտավորություն է:

– Մինչև պատերազմը ես կարծում էի, որ սա անխելքության հետևանք է, բայց պատերազմից հետո դադարեցի այդպես մտածել: Հիմա գրեթե համոզված եմ, որ ամեն ինչ մտածված է արվել՝ և՛ բանակի քայքայումը, և՛ ցավալի պարտությունը: Սա մանրակրկիտ մտածված, խորամանկ կոմբինացիա էր:

– Իսկ այն խոսակցությունները, որ այսօրվա սկիզբը դրվել է դեռևս 30 տարի առաջ, որ բոլոր ժամանակների իշխանություններն էլ գիտեին, որ այսպես էր հանգուցալուծվելու, ուղղակի պահն էին ձգձգում…

– Ես բարոյական իրավունք չունեմ խոսել նախորդ 30 տարիների մասին, քանի որ Հայաստանում չեմ ապրել, այստեղի կյանքով չեմ ապրել: Ես Հայաստանում եմ ապրում 2016-ից: Ներկայումս դրսում ապրող հայերի պես ինձ իրավունք չեմ վերապահում այստեղի կյանքի մասին խոսել այնպես, կարծես ավելի լավ են հասկանում իրավիճակը: Միայն մեկ բան կարող եմ ասել՝ կայունության և անվտանգության առումով մենք ունեինք նորմալ երկիր, ու ի տարբերություն հիմիկվա, երբեք Գորիսից Կապան, կամ Արցախ գնալուց մտքիս ծայրով չի անցել՝ գնա՞մ, թե՞ վտանգավոր է, կհանդիպե՞մ ճանապարհին ադրբեջանցիների, թե՞ ոչ: Սա է փաստը:

– Արցախում հաճա՞խ էիք լինոմ:

-Այո, շատ անգամներ եմ եղել՝ Շուշի, Ստեփանակերտ, Թալիշ… Չեմ եղել միայն Հադրութի շրջանում:

– Կորցրեցի՞նք Արցախը:

– Իհարկե, կորցրեցինք, կա՞ն մարդիկ, ովքեր ասում են՝ չենք կորցրել: Կորցնելը քանի՞ տեսակ է լինում, ուրիշ ի՞նչ ձև է լինում…

aysor.am