«Երջանիկ դեմքերով են գնում տուն». «Արուս, հասիր» հաղորդման առաջին մանրամասներն ու լուսանկարները

Լրագրող Արուս Տիգրանյանը նոր հաղորդում ունի, որի շրջանակում իրականացնում է տարբեր մարդկանց երազանքները։ «Արուս, հասիր» հաղորդումը Արմենիա TV-ի եթերում կլինի երկուշաբթի օրվանից, մինչևև այդ Արուսը Tert.am Life–ին է տրամադրել հաղորդման նկարահանումներին արված բեքսթեյջ լուսանկարները և պատմել նախագծի մասին:

 «Արուս, հասիր» անվանումն ընտրել են ստեղծագործական ամբողջ թիմով: «Առաջին հաղորդումն արդեն պատրաստ է: Առաջին հաղորդման հերոսը ցանկանում էր սուր զգացողություններ ունենալ, հայտնվել անհարմար իրավիճակներում, բարձր շենքից ճոպաններով իջնել ներքև, նրա հետ ես էլ եմ իջնում: Բոլոր հերոսներին ես եմ օգնում հասնել իրենց երազանքներին ու, հիմնականում, իրենց հետ ամեն ինչ անում եմ: Ես ադրենալին շատ եմ սիրում, այդ պատճառով խնդիր չի լինում»,-ասաց նա:

Երկրորդ հաղորդումը օրերս են նկարահանել: «Հերոսուհին ցանկանում էր հայտնի հաղորդավարուհի դառնալ: Իրականացրի նրա երազանքը, «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հաղորդում վարեց Արտակ Վարդանյանի և այլ հայտնի հաղորդավարների հետ, հարցազրույց ունեցավ իր սիրելի երգչի հետ: Չեմ ուզում շատ մանրամասներ փոխանցել, որ մարդկանց մոտ հետաքրքրությունը մնա»,-նշեց նա:

Լրագրողն ասաց, որ մինչև հաղորդում նկարահանելը ստեղծագործական թիմը կապ է հաստատում հյուրի հետ, պարզում նրա հետարքրությունները, կենսագրությունը, նախասիրությունները, որպեսզի հասկանան` տարբեր իրավիճակների դեպքում ինչպես կարեղ է արձագանքել։

«Աշխատում ենք այնպես անել, որ անակնկալները հերոսի սրտով լինեն: Հերոսի ընտրությունը շատ բարդ է, պետք է գտնենք այնպիսի մարդկանց, որոնց երազանքները կլինեն լայն տարածված, հեռուստադիտողներն իրենց կտեսնեն այդ երազանքների մեջ»,-նշեց նա:

Խոսելով հերոսների զգացողությունների մասին` Արուսն ասաց. «Հերոսների զգացողություններն ընթացքում շատ հետաքրքիր են, այնքան երջանիկ դեմքերով են գնում տուն: Սկզբում շատ են զարմանում, որ հենց իրենք են ընտրվել, հուզվում են, հետաքրքիր են արձագանքում: Իրենց համար անսպասելի է, որ երազանքները կարող են միանգամից իրականություն դառնալ»:

Tert.am