«Երկու տարվա ընթացքում Էջմիածնից հասա Լոս Անջելեսի բեմ». Գարիկ Սեփխանյանը` առաջին աշխատավարձի, հոր կորստի և երեխա ունենալու ցանկության մասին

Դերասան Գարիկ Սեփխանյանը տասը տարուց ավելի է` եթերում է, վերջին մեկ տարվա ընթացքում դադար էր վերցրել` հանգստանալու և սեփական բիզնեսով զբաղվելու համար: Այժմ նա կրկին աշխատանքային բուռն փուլում է:
Tert.am Life-ի հետ Գարիկի անկեղծ զրույցը եթերում պատահական հայտնվելու, հայտնի դառնալու երազանքի, մասնագիտական հիասթափությունները հաղթահարելու, աստղային հիվանդությամբ չտառապելու, ամենամեծ կորստի և կնոջ մասին է:


-Գարիկ, երբ խոսում եք Ձեր մասնագիտական գործունեության մասին, ասում եք, որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եք հայտնվել: Ինչպե՞ս:

-Եթերում պատահական հայտնվեցի, թեև մասնագիտական կրթություն ունեի, Էջմիածնի պետական քոլեջի ռեժիսուրայի բաժինն էի ավարտել: Մոտ տասը տարի առաջ ընկերս խնդրեց օգնել իրեն «Մի կաթիլ մեղր» հաղորդման շրջանակում, քանի որ այն փակվում էր: Անվճար հիմունքներով գնացի օգնելու: Որոշ ժամանակ անց Մենչի առաջարկով սկսեցի մասնակցել «Yere 1» նախագծի սցենարական աշխատանքներին: Հետո նույն նախագծի շրջանակում Մակիչի դերով հայտնվեցի էկրանին։

-Այսօր երիտասարդների մեծ մասը երազում է հայտնի դառնալ: Դուք երազե՞լ եք այդ մասին։

-Երազանքներ ունեցել եմ, բայց շանսը շատ քիչ էր, ամեն ինչ ավելի բարդ էր: Ես չունեի ծանոթ, ով կարող էր ինձ օգնել: Փորձել եմ մի քանի անգամ դիմել ինչ-որ տեղեր, ասել են` կզանգահարեն, բայց չեն զանգահարել: Բայց կյանքը ինձ բերեց հեռուստաընկերություն: Ես երկու տարվա ընթացքում Էջմիածնից հասա Լոս Անջելեսի բեմ, բայց այդ ամենը նաև իմ աշխատասիրության արդյունքն էր: Վերջին տասը տարվա ընթացքում ունեցածս ամենամեծ ձեռքբերումը, երևի, հայտնի դառնալն է: Հիմա, երբ փոքրիկ երեխաներն իմ բարդ ազգանունը ճիշտ են արտաբերում, զգում եմ, որ ինչ-որ կետի հասել եմ: Աստղային հիվանդություն երբեք չեմ ունեցել, ես նույն մարդն եմ, չեմ փոխվել: Եղել են պահեր, երբ ինձ լավ եմ զգացել, որ սիրված ու հարգված եմ շատերի կողմից, բայց դրանից չեմ փոխվել:

-Իսկ ո՞րն է եղել Ձեր ամենամեծ կորուստը:

-Հորս կորուստը։ Հիմա հաղթահարել եմ: Միշտ փորձում եմ լուծումներ գտնել դժվարությունների դեպքում, չապրել դրանցով: Չգիտեմ` ինչքանով է ստացվում, բայց փորձում եմ:

-Ծնունդով Էջմիածնից եք: Էջմիածնեցի տղայի համար բարդ չէ՞ր մուտք գործել մի ասպարեզ, որտեղ փորձ չուներ:

-Շատ բարդ էր իրականում: Մեկ տարի աշխատել եմ առանց աշխատավարձի, հետո ստացա առաջին աշխատավարձս` 40 հազար դրամ մեկ ամսվա համար: Հայտնվել էի մի տեղ, որտեղ բոլորը հայտնի էին, նրանց միայն հեռուստատեսությամբ էի տեսել: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ օգնեցին, հուսամ` արդարացրել եմ նրանց սպասելիքները:

-Մասնագիտական հիասթափություններ ունեցե՞լ եք:

-Չեն կարող չլինել, ուղղակի պետք է հաղթահարել դրանք: Կամքի ուժ է պետք, որ կարողանաս այդ իրավիճակներից դուրս գալ: Ես չեմ հիասթափվել այնքան, որ ասպարեզը թողնելու ցանկություն ունենամ: Հիմա նաև իմ բիզնեսն ունեմ, բայց չեմ պատրաստվում մոռանալ մասնագիտությանս մասին:

-«Ֆուլ հաուս» նախագիծը Ձեզ տվեց ավելի մեծ լսարան, իսկ ի՞նչ խլեց Ձեզնից:

-Ժամանակ: Արտասահմանյան համերգների, նկարահանումների ընթացքում շատ ժամանակ ենք ծախսել, բայց ոչ իզուր: Դա արել ենք ինչ-որ լավ բան ունենալու համար ու , հուսամ, ունեցել ենք: Իմ կյանքում ամենամեծ խնդիրը, որ ունեմ` ժամանակի կորուստն է: Փորձում եմ ամեն կերպ հասցնել իրագործել նպատակներս, ժամանակը ճիշտ տնօրինել: Կարծում եմ` շատերի մոտ կա այդ խնդիրը:

-Բոլորն էին ասում, որ դուք մի մեծ ընտանիք էիք: Հիմա ընտանիքի բոլոր անդամների հետ շփումը պահպանվե՞լ է:

-Բոլորի հետ շփում կա, ոչ մեկի հետ կռված չենք, ուղղակի աշխատանքային առումով տարբեր նախագծերում ենք: Հիմնականում շփում ունեմ Գրիգոր Դանիելյանի հետ, ում ճանաչում եմ արդեն տասը տարի: Գրիգորի հետ հաճախ ենք նույն նախագծերում հանդես գալիս:

-Մոտ մեկ տարի եթերային դադարի մեջ էիք, ինչո՞ւ:

-Դադարի մեջ էի, որովհետև ուզում էի հանգստանալ, բացի այդ, համաճարակի հետ կապված, ընդհանուր դադար էր: Առաջարկներ եղել են, բայց մերժել եմ, տասը տարի է` էկրանին եմ, որից հինգը` ամեն օր` օրը մի քանի անգամ. դադար պետք էր: Հիմա արդեն «Դեպի ճամբար 2» նախագծի սցենարական աշխատանքներով եմ զբաղված, մի քանի օրից կմեկնենք նկարահանումների: Ունեմ ևս մեկ առաջարկ, որը դեռ հստակ չէ:

-Ձեր կնոջ` Սյունեի մասին խոսելիս ասում եք` երջանիկ եք, որ հենց նա է Ձեր կողքին: Ներդաշնակ ապրելու բանաձևն այս տարիների ընթացքում գտե՞լ եք:

-Սյունեին շատ վաղուց եմ ճանաչում, նույն կուրսում ենք սովորել: Քանի որ նույն մասնագիտությունն ունենք, փորձում է հասկանալ իմ հաճախակի բացակայությունները: Ճիշտ է, հեշտ չէ, բայց հասկանում է ինձ: Ես բնավորությամբ մի փոքր բծախնդիր մարդ եմ, բայց երջանիկ ենք: Արդեն մտածում ենք նաև երեխա ունենալու մասին:

Մարիամ Խաչատրյան