«Իսպանուհի մայրս շատ համեղ տոլմա է պատրաստում». «Թղթե տունը» սերիալում Բոգոտային մարմնավորող Հովիկ Կեուչկերյանը՝ հայտնի սերիալում նկարահանվելու և Հայաստան գալու պատճառի մասին

«Թղթե տունը» իսպանական հայտնի հեռուստասերիալում Բոգոտային մարմնավորող իսպանահայ դերասան, նախկին բռնցքամարտիկ Հովիկ Կեուչկերյանն այս օրերին Հայաստանում է: Նա Հայաստան է ժամանել «Փիփլ Օֆ Ար» ընկերության, պրոդյուսեր Արման Նշանյանի նոր գեղարվստական ֆիլմում նկարահանվելու համար: Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Հովիկը, ռուս դերասաններ Միխայիլ Տրուխինը և Նելլի Ուվարովան, հայ դերասաններ Ժան-Պիեր Նշանյանը, Նարինե Գրիգորյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը, Կարինե Ջանջուղազյանը:

Tert.am Life-ի հետ զրույցում Հովիկը պատմել է նոր ֆիլմի, «Թղթե տունը» հեռուստասերիալում հայտնվելու, հայերեն լեզվին տիրապետելու և իսպանուհի մայրիկի պատրաստած համեղ տոլմայի մասին:

Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են, պրեմիերան նախատեսվում է 2021 թ. –ին, հայ-ամերիկյան համատեղ աշխատանք է: Հայկական կողմը ներկայացնում է պրոդյուսեր Արման Նշանյանը, ֆիլմի պրոդյուսերներն են նաև Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը, գործադիր պրոդյուսերն է Վարդան Բարսումյանը և համա-պրոդյուսեր Անի Որսկանյանը։  Ֆիլմը իրականացվել է պրոդյուսերներ Պատրիկ Մալխասյանի, Վարդան Բարսումյանի, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ Ազգային Կինոկենտրոնի ֆինանսական աջակցության շնորհիվ։

Հովիկն ասաց, որ հայկական ֆիլմում նկարահանվելու առաջարկն անսպասելի է ստացել: Սցենարին ծանոթանալուց հետո, կապ է հաստատել ռեժիսոր Մայքլ Գուրջյանի հետ, ով ֆիլմի սցենարի հեղինակն է, համա-պրոդյուսերն ու գլխավոր դերակատարներից մեկը, և տվել է  համաձայնությունը: «Մարմնավորում եմ հայ տղամարդու կերպար: Դեպքերը տեղի են ունենում Հայաստանում՝ խորհրդային տարիներին, երբ Ստալինը Հայաստան վերադառնալու կոչ էր արել: Ֆիլմը հայկական է, սակայն այն կհետաքրքրի բոլորին՝ անկախ ազգությունից: Կարծում եմ, որ կսիրվի, քանի որ այն հույսի և պայքարի պատմություն է ներկայացնում»:

Խոսելով «Թղթե տունը» հեռուստասերիալի մասին` դերասանն ընդգծեց, որ  մի շրջան է եղել, երբ կորցրել է բռնցքամարտի հանդեպ հետաքրրությունը, իսկ բանաստեղծություններ գրելը երբեք որպես աշխատանք չի դիտարկել, թեպետ արդեն 4 գիրք ունի հեղինակած: «Հիմա նոր մտքեր չունեմ, այդ պատճառով էլ այս շրջանում չեմ գրում: «Թղթե տունը» սերիալում էլ հայտնվեցի, որովհետև տեղեկացա քասթինգի մասին, մասնակցեցի՝ ասացին, որ համապատասխանում եմ: Շատ լավ նկարահանումներ ենք ունեցել, նույնիսկ երբ տարաձայնություններ են եղել, հեշտությամբ հարթվել են»,- ասաց նա և խոստովանեց, որ նախքան նկարահանումները սերիալը չի դիտել, բայց իր համար մեծ հպարտություն է, որ խաղացել է ամբողջ աշխարհում մեծ հաջողություն գրանցած սերիալում:

Հայերի և Հայաստանի մասին, ըստ Հովիկի, Իսպանիայում շատերը գիտեն, բայց քիչ չեն նաև մարդիկ, ովքեր տեղյակ են միայն Հայոց ցեղասպանության մասին, այն էլ՝ ոչ ամբողջապես: Չնայած Հովիկ Կեուչկերյանը միայն կիսով չափ է հայ (մայրն իսպանուհի է)`դեռ փոքրուց լեզվին տիրապետելու համար հոր հետ հայերենով է խոսել, իսկ հայկական մթնոլորտն ամբողջացրել է մայրը՝ հայկական տոլմա պատրաստելով: «Մայրս շատ համեղ հայկական տոլմա է պատրաստում, որի համար կարելի  է խենթանալ: Մայրիկիս տոլմա պատրաստել հորս մայրն էր սովորեցրել: Հայաստանում ես հասկացա, թե որքան համեղ խոհանոց ունենք, որի մասին ամբողջ աշխարհում, ցավոք, չգիտեն,-ասաց նա և հավելեց, որ Հայաստանում մարդկանց ջերմությունը և ուտեստները առանձնահատուկ են.-Ընդհանուր առմամբ, եթե հայկական գրությամբ վահանակները հանենք, եվրոպական քաղաքներին Երևանը ոչնչով չի զիջում: Կարծում եմ՝ Հայաստանը նաև հրաշալի վայր կարող է լինել ֆիլմերի նկարահանման համար, այս առումով պետք է աշխատանք տարվի»: