«Ունեմ սիրելի կին, ում հետ մեծացնում ենք երկու ապագա զինվորի». Ավետիք Ադամյանը` «Խաբկանք» հեռուստասերիալի և անձնական կյանքի մասին

Երգիչ Ավետիք Ադամյանն այս շրջանում նկարահանվում է «Խաբկանք» հեռուստասերիալում՝ մարմանվորելով գլխավոր հերոսին` Ավոյին: Tert.am Life-ը նրա հետ զրուցել է դերասանի կրթություն ունենալու, բայց երգի ուղին ընտրելու, հեռուստասերիալի, Տաթևիկ Ադումյանի հետ հարաբերությունների և անձնական կյանքի մասին:

Ավետիքը երկար տարիներ երգարվեստով է զբաղվել, երգել սկսել է 8 տարեկանից, եղել է «Հայկազուն» խմբի կազմում ու հայրենասիրական երգեր երգել: «Հայտնի Սերգեյ Պետրովիչի մոտ դասական վոկալ եմ սովորել, բայց այդ ընթացքում ասպարեզում էին Թաթան, Արման Հովհաննիսյանը: Չեմ կարող ասել, որ գայթակղվեցի այդ ոճի երաժշտությամբ, ուղղակի հասկացա` նման երգերով կարող եմ մասնակցել միջոցառումների ու եկամուտ ունենալ: Սկսեցի ավելի շատ երգով զբաղվել, դերասանական աշխատանքը մնաց երկրորդ պլանում»,-ասաց նա և հավելեց, որ իր տեսահոլովակները քիչ են, քանի որ մեծ բյուջե են պահանջում, անորակ աշխատանք ներկայացնել չի ուզում:

Ավետիքն ավարտել է Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետը, մասնագիտությամբ օպերետային դերասան է: ««Ատամնաբույժն արևելեյան» ներկայացումն իմ ավարտական աշխատանքն էր, այնպես որ, թատրոնում նույնպես խաղացել եմ: Իմ վարպետը եղել է Երվանդ Մանարյանը: Մի անգամ նա ասաց, որ  ուզում է ինձ տանել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, բայց զգուշացրեց, որ եթե այնտեղ աշխատեմ, պետք է մոռանամ մեծ գումարների մասին: Այդ պահին համաձայնեցի, բայց նա հասկացավ` չեմ կարող գնալ: Ավելի շատ մտածեցի ֆինանսապես կայուն լինելու, ինչու ոչ, լավ մեքենա վարելու, ոչ թե վատ ապրուստով թատրոնի դերասան լինելու մասին»,-ասաց նա:

Ավետիքը նկատեց, որ մինչև «Խաբկանք» հեռուստասերիալը, դերեր է ունեցել «Որոգայթ» հեռուստասերիալում և Հրաչ Քեշիշյանի ֆիլմերում: Ասում է՝ «Խաբկանք» հեռուստասերիալում գլխավոր կերպարով հանդես գալու առաջարկը պատահական է ստացել: «Հաղորդագրություն ստացա Միացյալ Նահանգներից, առաջարկում էին նկարահանվել «Խաբկանք» հեռուստասերիալում: Սերիալը լրիվ այլ աշխարհ է, բարդ է նկարահանվել գլխավոր կերպարում, քանի որ շաբաթը 7 օր առավոտից ուշ գիշեր նկարահանումներ ենք ունենում, շատ ժամանակատար է: Երկար մտածում էի` կկարողանա՞մ համատեղել իմ հիմնական աշխատանքիս հետ: Եթե համաճարակը չլիներ, միջոցառումներ լինեին, չէի կարողանա այս ռիթմով նկարահանվել, ֆիզիկապես չէի հասցնի: Ի վերջո,  հաշվի առա, որ սերիալը տալիս է ավելի մեծ լսարան: Ճիշտ է, մինչև այս էլ ունեի իմ լսարանը, բայց սերիալից հետո այն մեծացել է»:

Որպես դերասան սիրվել-չսիրվելու մասին Ավետիքը չի մտածել. «Ամեն անգամ, երբ իմ ելույթից առաջ որևէ հայտնի, հզոր երգիչ է բեմ դուրս եկել, նրան շատ ջերմ են դիմավորել, մտածել եմ` գուցե ինձ այդպես չծափահարեն, բայց չեմ հիասթափվի դրանից: Հնարավոր է, որ ինձ նաև չճանաչեն, ես միշտ պատրաստ եմ եղել դրան, որպեսզի չհիասթափվեմ»:

Ըստ նրա` աշխատում է պրոֆեսիոնալ թիմի հետ, կերպարը քննարկել են մոտ երկու ամիս: «Սերիալում անունս չի փոխվել, ներկայանում եմ որպես Ավո: Սցենարիստ Անուշիկ Պետրոսյանն ի սկզբանե ասել էր, որ երկար է ուսումնասիրել ինձ, որպեսզի հնարավորինս համապատասխան կերպար ստանա: Ես ու կերպարս շատ նմանություններ ունենք, միայն մեկ տարբերություն կա` ես երբեք ինձ թույլ չէի տա սիրահարվել մահացած եղբորս նշանածին: Չեմ ընդունում, երբ նույնիսկ ընկերը սիրահարվում է ընկերոջ քրոջը: Ոչ ոքի չեմ քննադատում սա միայն իմ մոտեցումն է»:

Խոսելով իր և գործընկերուհու` դերասանուհի Տաթևիկ Ադումյանի հետ հարաբերությունների մասին՝ դերասանն ասաց. «Տաթևը պրոֆեսիոնալ, հրաշք գործընկեր է, ում հետ ծանոթացել եմ սերիալի նկարահանումների ընթացքում: Նա ինձ շատ հարցերում է օգնում, լավ ընկերներ կդառնանք կամ արդեն դարձել ենք: Այս նախագծում խորթություն չեմ զգում»:

Ավետիքն Ինստագրամի իր էջում հաճախ է կիսվում ընտանեկան լուսանկարներով. «Անձնականիս մասին խոսել չեմ խուսափում, թող խուսափեն նրանք, ովքեր այնպիսի ընտանիք ունեն, որն ի ցույց դնելու համար հարմար չէ: Ունեմ սիրելի կին, ում հետ մեծացնում ենք երկու ապագա զինվորի: Ես նրանց շատ եմ սիրում ու իմ բոլոր հաջողությունները նրանց հետ եմ կիսում»:

Աղբյուրը՝ Tert.am Life