«Ասացի`ինձ ձեռք չտան ու ձեռքերս չոլորեն». Դավիթ Հակոբյանը`բերման ենթարկվելու և իրենց կյանքում ստեղծված սոցիալական վիճակի մասին

Երեկ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց`պարետ Տիգրան Ավինյանին խնդրելու իրենց ոլորտի մարդկանց թույլ տալ աշխատել: Ակցիային մասնակցում էր նաև դերասան Դավիթ Հակոբյանը, ով բերման էր ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Tert.am Life-ն այս մասին զրուցել ենք դերասանի հետ:

«Ես հարցազրույցի էի տալիս, երբ վերջացրի, ոստիկանները մոտեցան ու ասացին, որ պետք է բերման ենթարկեն ինձ: Նրանք մեկնաբանեցին, որ հորդորել են ազատել տարածքը, ես չեմ ենթարկվել, բայց նման հորդոր չեմ լսել: Հենց այդ պահին ասացի, որ չեմ լսել ու կարող եմ արդեն ուրիշ կողմում կանգնել: Ոստիկանները պնդեցին, որ պետք է բերման ենթարկեն: Ասացի`ինձ ձեռք չտան ու ձեռքերս չոլորեն, իմ կամքով, առանց դիմադրելու գնացի: Բաժանմունքում մնացի մոտ 3 ժամ: Նրանց ասելով`վարչական իրավախախտում եմ թույլ տվել, բայց ես փաստաթուղթ եմ ստորագրել, որ համաձայն չեմ իրենց հետ: Երբ տուգանքի չափը որոշվի, կբողոքարկեմ որոշումը»,- ասաց նա` նշելով, որ ոստիկաններին չի մեղադրում, քանի որ իրենց աշխատանքն են անում:

Դերասանի խոսքով`հիմա աշխատանք չունի, քանի որ «Երկուսով» նախագծի նկարահանումները դադարեցված են, հանդիսավոր արարողությունները՝ արգելված:

«Ես փորձում եմ ինչ-որ նախագծեր սկսել, բայց դրանք միանգամից գումար բերել չեն կարող: Մեզ ասում են`այլ բան մտածենք ու աշխատենք, բայց դա միանգամից լինել չի կարող: Ի՞նչ անեմ, գնամ տաքսի՞ վարեմ: Եթե ես տաքսու վարորդ չեմ կարող աշխատել, բայց կարող եմ իմ գործը լավ անել, ուզում եմիմն անել: Տարվա մի կեսին նորմալ գումար եմ վաստակում, որը ծախսում եմ նաև մյուս կեսին, քանի որ միջոցառումների սեզոնը փակվում է: Ես չեմ ասում, որ պետք է վարեմ այնքան հարսանիք, որքան առաջ: Հասկանալի է, որ համաճարակ է ու չպետք է նպաստենք դրա տարածմանը: Մենք առաջարկում ենք վարել ամսական 3 հարսանիք, միջոցառումները լինեն բացօթյա, հյուրերը`30-40 հոգի, ովքեր իրարից հեռավարություն կպահեն: Մարդիկ պետք է գումար վաստակեն, որ կարողանան կեցության հարցը լուծել»,-ասաց նա:

Դավիթն ընդգծեց, որ կարանտինի սկզբնական շրջանում լուռ էին, որովհետև իրավիճակը հասկանալի էր. «Հիմա, երբ տեսնում եմ, թե Կասկադում, Սարյան փողոցում ինչ է կատարվում, բարկանում եմ: Մարդիկ գաղտնի հարսանիքներ են անում, հավաքվում են, միջոցառումներ կազմակերպում․ կամ բոլորը պետք է աշխատեն, կամ բոլորը պետք է ենթարկվեն կանոններին»:

Դերասանը նաև շեշտեց, որ իշխանության հետ խնդիր չունի և հայտնում է իր քաղաքացիական կարծիքը: Նա չի բացառում, որ նոր ակցիաների ևս կմասնակցի: