Ուրուգվայցի դերասանուհի և երգչուհի, Արգենտինայի քաղաքացի Նատալյա Օրեյրոն Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հայտ է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Դերասանուհին լայն ճանաչում է ձեռք բերել «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալի շնորհիվ։
Նատալյա Օրեյրոն բազմիցս եղել է Ռուսաստանում, խոսել է այդ երկրի հետ իր կապի մասին: 2019 թվականին դերասանուհին ռուսական Առաջին ալիքով մասնակցել է «Երեկոյան Ուրգանտ» ծրագրին, որի ընթացքում նշել է, որ մոտ 15 անգամ եղել է Ռուսաստանում, և ինքն իրեն ավելի ռուս է համարում, քան նույնիսկ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն: Նա կատակել է, որ մնում է միայն նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ռուսական անձնագիր տա։ Հաղորդավար Իվան Ուրգանտն առաջարկել է այդ մասին խնդրել ուղիղ եթերում, և Նատալյա Օրեյրոն ասել է. «Պուտին, ինձ անձնագիր տվեք»։
«Մի անգամ գնացի Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատուն։ Ես այնքան շատ եմ ճանապարհորդում և այնքան կապեր ունեմ Ռուսաստանի հետ, որ ինձ հարցրին՝ կցանկանա՞մ պաշտոնապես քաղաքացիություն ստանալ։ Ես ասացի, որ դա ինձ համար պատիվ կլիներ։ Այնպես որ, ես լրացրի մի տրցակ թղթեր, և այդ հարցը հիմա ընթացքում է»,-պատմել է Օրեյրոն։
Դերասանուհին նաև հայտնել է, որ 2021 թվականին մտադիր է հյուրախաղեր ունենալ Ռուսաստանում և հանդիպել իր երկրպագուների հետ: