Երջանկություն, մաշկի խնամք, ճիշտ սննդակարգ. գեղեցիկ լինելու 5 խորհուրդ Սիրուն Մինասից

Հանրության լայն շրջանակի համար Women’s Club նախագծից հայտնի դարձած Սիրուն Մինասը, ով մանսագիտությամբ պլաստիկ վիրաբույժ է, գեղեցիկի մասին իր ընկալումներն ունի։

Tert.am Life-ը զրուցել է նրա հետ ու ընթերցողի համար առանձնացրել գեղեցկության հինգ խորհուրդ։

Սիրունը նշեց, որ խորհուրդները բավականին դյուրին են, կինը կարող է դրանք դարձնել իր առօրյայի լավ սովորությունները։

Սիրունը վստահ է՝ գեղեցկությունը սահմանում չունի․ «Չեմ կարծում, որ գեղեցկությունն առհասարակ ունի որևէ սահմանում։ Ըստ իս՝ դա չափանիշների մեջ մտնող երևույթ չէ։ Գեղեցկությունն իսկապես շատ անհատական է և ամեն մեկի համար տարբեր է։ Միակ հիմնական բաղադրիչը երջանկությունն է։ Ես հակված եմ մտածելու, որ առանց երջանկության գեղեցկություն գոյություն չունի։ Բոլորս էլ, վստահ եմ, նկատած կլինենք, որ երջանիկ կինը միշտ գեղեցիկ է»։

Անդրադառնալքվ խորհուրդներին՝ Սիրունն առանձնացրեց․

1. Ճիշտ և առողջ սննդակարգն ամենակարևորն է, որը մենք պետք է կարողանանք սահմանել մեզ համար։

2. Օրվա ընթացքում պետք շատ ջուր խմենք, որովհետև դա մեր օրգանիզմին պետք է, սակայն զբաղված առօրյայի ընթացքում հաճախ մոռանում ենք դրա մասին։ Պետք է ջրին ուշադիր լինենք։

3. Համակարգված քունը ևս մեծ դերակատարում ունի լավ տեսք ունենալու համար։ 7-8 ժամ հանգիստ քնի գրաֆիկը լավագույնն է։

4. Առավոտյան և երեկոյան դեմքը պետք է անպայման խոնավեցնել մաշկին համապատասխան միջոցներով։ Դեմքի խնամքը կարևոր է։ Երբեմն կանայք մոռանում են օրվա դիմահարդարումը մաքրել դեմքից, տոնային քսուկով քնում և արթնանում են։ Սա բացասական է անդրադառնում մաշկի վրա։ Անկախ ամեն ինչից պետք է քնել դիմահարդարումն ամբողջությամբ մաքրելուց հետո։ Խոնավեցումը ճիշտ խնամքի մեծ մասնիկն է կազմում և պետք է անել այն քսուկների կամ հեղուկների միջոցով, որոնք մաշկի տեսակին համապատասխան են։

5. Շատ կարևոր է օրվա ընթացքում լավ տրամադրություն ունենալը։ Կարծում եմ, եթե մենք այս օգտակար սովորությունները դարձնենք մեր առօրյայի մասը, դրական տրամադրությունն ինչ-որ չափով հնարավոր կլինի ապահովել։

tert.am