ԱՄՆ-ում ելույթներից հետո «Women’s Club»-ը համավարակի տարածման պատճառով ստիպված եղավ չեղարկել Ֆրանսիայում ներկայացումները եւ վերադառնալ Հայաստան: Նախագծի անդամներից Լիլի Մորտոն, սակայն, BRAVO.am-ին ասել է, որ ինքն ու սիրելին՝ դիմածնոտային վիրաբույժ Վադիմ Չանգլյանը, կարանտինն անցկացնում են այլ երկրում:
«Այստեղ երկու օր մնալուց հետո սիրելիիս հետ որոշեցինք Դուբայ մեկնել՝ հանգստանալու, բայց քանի որ այնտեղ ամեն բան փակ էր, եկանք Մոսկվա, որտեղ Վադիմը մի շարք գործեր ուներ: Մայիսի 14-ից հետո նոր կվերադառնանք Հայաստան. այդտեղ էլ կիսատ թողած մի շարք գործեր եւ նոր նախագծեր կան: Հուսով եմ՝ այս իրադրությունը շուտ կավարտվի, եւ բոլորս կվերադառնանք մեր բնականոն կյանքին»,- ասել է Լիլին:
Օգտվելով առիթից՝ հանգստանում է. «Ճիշտն ասած՝ դեռ Եվրոպայում գտնվելու ժամանակ որոշել էի Հայաստան գալուն պես հանգստանալ: Այս իրավիճակը կարծես իմ օգտին է. այժմ օրվա հիմնական մասը տանն եմ լինում, համեղ ուտեստներ եմ պատրաստում, մաքրությամբ զբաղվում, մարզվում եմ, երաժշտություն լսում, ֆիլմեր դիտում, չեմ էլ նկատում՝ օրն ինչպես է սկսվում եւ ավարտվում: Զբաղվում եմ այն ամենով, ինչին նախկինում չէր ստացվում ժամանակ տրամադրել»:
Լիլին նշել է, որ չի սիրում ամուսնության եւ հարսանիքի մասին խոսել.«Ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Առհասարակ, հարաբերություններում կարեւորում եմ փոխադարձ սերը, հարգանքն ու ըմբռնումը: Մենք սիրում ենք միմյանց, երջանիկ եւ ներդաշնակ կայնքով ենք ապրում, ինչն ամենակարեւորն է: Այժմ կյանքիս ամենաերջանիկ փուլն է՝ սիրում եմ եւ սիրված եմ»: