«Հոր և որդու առաջին հանդիպումն այնքան հուզիչ էր»․ Հասմիկ Կարապետյանը՝ նորածին որդու, անվան ընտրության ու իրենց զգացմունքների մասին

Tert.am Life-ն իր ընթերցողներին տեղեկացրել է, որ երգչուհի Հասմիկ Կարապետյանը երեկ երկրորդ անգամ մայր է դարձել։ Այս անգամ նա տղա է ունեցել։ Մայրիկը նշեց, որ ամուսինը՝ Շանթ Կիրմիզյանը, ամեն րոպե իրենց կողքին է և անչափ երջանիկ։

Հասմիկը ժպիտով ասաց, որ ամուսնու վրա անգամ մի քիչ բարկանում է նորածին որդուն հաճախ մոտենալու համար, դա իրեն անհանգստացնում է։

Երգչուհին ավելի վաղ ասել էր, որ չեն ցանկանում բացահայտել երեխայի սեռն անգամ իրենց համար։ Ամեն դեպքում, նրանք չեն դիմացել մինչև վերջ։ Չնայած դրան՝ անվան ընտրության հարցում վերջնական որոշման չեն եկել, փոքրիկի ծնվելուց հետո էլ դեռ տատանվում են երկու տարբերակի միջև․ «Անվան ընտրության հարցը մի փոքր բարդ է։ Նախապես չէինք որոշել։ Երկու տարբերակ կա, որոնք դիտարկում ենք։ Ամեն դեպքում, այդ երկուսից մեկն ենք ընտրելու, տեսնենք, թե որը։ Վաղն արդեն պետք է որոշած լինենք»։

Երգչուհին նշեց, որ դրական զգացողություններն ու երջանկությունն այնքան շատ են, որ բառերով չի կարողանում փոխանցել․ «Միշտ էլ ցանկացել եմ ընտանիքում նաև տղա երեխա ունենալ։ Տաթևիս ժամանակ զգացողություններս այլ էին, որովհետև առաջին անգամ էի մայր դառնում, այս դեպքում բոլորովին ուրիշ են։ Անկախ ամեն ինչից՝ նորովի ապրում ես մի հրաշալի, աննկարագրելի բերկրանք»։

Հասմիկն ասաց, որ անչափ հուզվել է ամուսնու և որդու հանդիպման գեղեցիկ տեսարանից, չէր պատկերացնում, որ հոր ու որդու հանդիպումն այդքան զգացմունքային կարող է լինել․ «Շանթի երազնանք էր որդի ունենալ, իրենց առաջին հանդիպումն անչափ հուզական էր։ Երեխան Աստծո պարգև է, երկուսս էլ մի տեսակ տրամադրվել էինք ու համակերպվել այն մտքին, որ երկրորդ երեխա չենք ունենալու։ Հոր և որդու առաջին հանդիպումն այնքան հուզիչ էր, այնքան հետաքրքիր տեսարան էր։ Շանթը թևեր է առել ու պատկերացնում է՝ ինչ լավ ընկերներ են լինելու, ինչ են անելու ապագայում, ինչպես են միասին քայլելու կյանքի ճանապարհով։ Տղամարդու համար որդի ունենալը կարևոր է ու, բնականաբար, շատ դրական»։

Քույրիկը՝ Տաթևը, դեռ չի հանդիպել ընտանիքի նոր անդամին։ Հասմիկն ասաց, որ ինքն ու Շանթը երկար են մտածել, թե ինչպես ճիշտ կազմակերպեն նրանց ծանոթությունը․ «Աղջիկս հիմա իմ ծնողների տանն է։ Նա բավականին դյուրազգաց երեխա է։ Ես ու Շանթն ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նրա մոտ խանդ չառաջանա։ Հոգեբանական նուրբ աշխատանք է, որը ծնողներից է կախված։ Արդեն մտածում ենք այդ մասին, որովհետև Տաթևը յուրահատուկ կապվածություն ունի մեզ հետ։ Աղջիկս պետք է գիտակցի, որ եղբայն իր համար է, ինքն է կերակրելու, խնամելու, սիրելու։ Հույս ունենք, որ կստացվի»։

Հասմիկը հիվանդանոցից անմիջապես գնալու է իր ծնողների տուն։ Նա ասաց, որ չնայած ամուսնու պատրաստակամությանը՝ մայրիկի և քրոջ օգնության կարիքը կունենա․ «Բալիկիս հետ երկու շաբաթ մայրիկիս տանն ենք ապրելու, հետո կգնանք մեր բնակարան։ Ինձ պետք է կազդուրվել, հանգստանալ և կանացի օգնություն ստանալ, ինչն իմ մայրիկը սիրով կապահովի։ Նման հարցերում ընդունում եմ կնոջ օգնությունը՝ չնայած Շանթը պատրաստ է ինձ աջակցել բոլոր հարցերում։ Ամուսինս զարմանում է, որովհետև արտերկրում երեխաների խնամքի հարցում ամուսիններն են օգնում կանանց։ Սակայն ես այս հարցում տիպիկ հայ աղջիկ եմ։ Կլինեմ մայրիկիս տանը, ավելի ուշ կգնամ մեր բնակարան, որտեղ ամուսինս նախապես ամեն ինչ կպատրաստի»։

Tert.am