«Մայրիկիս ասացի՝ կարոտել եմ, բայց ուզում եմ մենակ մնալ»․ Վիկտորյա Սահակյանը՝ 18 տարեկանում ընտանիքից առանձնանալու և մենակ ապրելու բարդության մասին

«Երկուսով» հեռուստասերիալի դերասանուհի Վիկտորյա Սահակյանը որոշել է կարանտինի ընթացքում չվերադառնալ հարազատ քաղաք՝ Կապան, որտեղ ապրում է իր ընտանիքը։ Վիկտորյան մեկուսացել է և ներկայումս փորձում է ժամանակն արդյունավետ օգտագործել։

Դերասանուհին Tert.am Life-ին հայտնեց, որ Երևանում իր համաքաղաքացի երկու աղջիկների հետ վարձով բնակարանում է ապրում։ Իր սենյակակից հարևանուհիները վերադաձել են Կապան, Վիկտորյան այժմ մենակ է։ Նա ժպիտով նկատեց, որ այսպես իր օրն ու էներգիան արդյունավետ է օգտագործում, իսկ ընտանիքի մոտ վերադառնալով՝ կանցներ հանգստի ու ոչինչ չէր անի։

Վիկտորյան ասաց, որ 18 տարեկանում ընտանիքից առանձին ապրելու որոշումն ինքնաբերաբար ու հանգամանքների բերումով է եղել, քանի որ Կապանն ու Երևանն իրարից բավականին հեռու են։ Վիկտորյան սովորելու համար պետք է տեղափոխվեր Երևան․ «Երևանում ապրում եմ իմ երկու համաքաղաքացի աղջիկների հետ։ Տան վարձը միայնակ տալը շատ բարդ է, երեքով ենք ապրում, որովհետև եթե մենակ լինես, ամբողջ աշխատածդ վարձի համար կգնա։ Հենց ծնողներիցդ առանձնանում ես, կյանքում ամեն ինչ բարդանում է, կապ չունի, որ հետդ ուրիշ մարդիկ են ապրում։ Միևնույնն է, դու բոլոր հարցերում դառնում ես ինքնուրույն»։

Ինքնուրույնությունն ու մայրաքաղաքում ապրելու առաջին ամիսները, դերասանուհու խոսքով, բարդ են եղել․ «Սկզբում շատ բարդ էր, ես 18 տարեկան էի, Երևանում սիրելի վայր չկար, ընկերներ չունեի, որևէ ծանոթ չունեի։ Այս ամենին գումարվում էր կենցաղը՝ ուտելիք պատրաստել, տուն հավաքել, սակայն ժամանակի հետ ես հաղթահարեցի կենցաղից լարվելու ու դրա վրա կենտրոնանալու փուլը։ Մյուս հարցերն էլ իրենց տեղն ընկան, երբ ընկերներ ձեռք բերեցի, սկսեցի աշխատել։ Հիմա սովորել եմ մենակ կենցաղավարմանը։ Ունեմ իմ հարմարավետության հատվածը և վերջ։ Բարդ է, սակայն դա իր դրական կողմերն ունի, եթե ստեղծագործող մարդ ես։ Այս փուլում Կապան չվերադառնալս իր պատճառն ուներ։ Ինձ մոտ մտավոր գերհոգնածություն էր, մայրիկիս ասացի՝ մամ ջան, իրականում կարոտել եմ, կցանկանայի գալ, բայց ուզում եմ օգտագործել այս ժամանակահատվածը մենակ մնալու, մտածելու ու ինձ վրա աշխատելու համար։ Հիմա ես տարբեր նախագծերի հետ կապված աշխատում եմ, ֆիլմեր եմ դիտում, աշխատանքային տեսանկյունից ժամանակս ծախսում եմ այն ամենի վրա, ինչ չէի հասցնում։ Այս ամենը չէի կարող անել, եթե ընտանիքիս մոտ վերադառնայի։ Ծնողներիս ասում եմ՝ գիտեմ կարոտել եք, բայց երբ երկիրն այս վիճակից դուրս գա, ավելի լավ ու ջերմ միջավայրում կհանդիպենք»։

Վիկտորյայի համար բարդ է պասիվ կյանքին սովորելն ու տանը մնալը․ «Ես մի քանի տեղ եմ աշխատում, ունեմ շատ հագեցած գրաֆիկ՝ նկարահանումներ, նախագծեր, թատրոնում փորձեր։ Այս ամենից հետո ինձ համար բոլոր տեսանկյուններից դժվար է ուղղակի նստել տանն ու ոչինչ չանել, բայց փորձեցի լուծել այս հարցը ֆիլմեր նայելով, նաև փորձում եմ ֆիլմերի մասին վլոգ անել։ Վաղուց էի ցանկանում նման մի բան անել, սակայն չէր ստացվում ժամանակի սղության պատճառով։ Ժամանակն անցկացնելու այլ տարբերակներ ևս կան՝ գիրք կարդալ, սերիալներ դիտել, Ինստագրամը փորփրել, «Տիկ-Տոկ» նկարահանել։ Թեև կարծում եմ՝ վերջին մի քանիսը ժամանակի զուր վատնում են։ Այս ընթացքում ինձ համար ամենաօգտակարը ֆիլմերի մասին խոսելն է։ Ընտրում եմ շատ լավ և դիտման իսկապես արժանի ֆիլմեր լավ ռեժիսորներից»։

Քանի որ դերասանուհին իր հիմնական զբաղմունքը համարում է ֆիլմեր դիտելը, որոշեց մեր ընթերցողներին ներկայացնել իր ամենասիրելի երեք ֆիլմն ու երկու սերիալ․ «Կառանձնացնեմ Արանովսկու «Մամա» ֆիլմը։ Չնայած երեք տարի առաջ է եղել պրեմիերան, ես վերջերս եմ դիտել։ Այդ ֆիլմից հետո դու սկսում ես մտածել ոչ թե դիտածիդ այլ քո մասին։ Հետ ես նայում, վերագնահատում ես՝ ինչ ես արել, ուր ես հասել, ուր ես գնում։ Մյուս ֆիլմը Գասպար Նոեի «Կլիմաքս»-ն է, որը ևս շատ տպավորիչ է ինձ համար։ Երկուսն էլ ծանր ու հզոր ֆիլմեր են։ Երրորդ ֆիլմը Լարս Ֆոն Տրիերի «Դոգվիլ»-ն է՝ Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ։ Սփոյլ չեմ անի, ուղղակի իսկապես հաջող ֆիլմեր են։ Երկու սերիալ էլ ասեմ՝ «Շերլոք»-ը Բենեդիկտ Քամբերբեչի մասնակցությամբ և «Պատրիկ Մելրոուզ»-ը»։

Tert.am