Թոմ Հենքսը կնոջ հետ միասին արյուն է հանձնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար

Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, որպես դոնորներ արյուն են հանձնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար:

Ինչպես փոխանցում է The Independent-ը, մասնագետները, գուցե, կարողանան նրանց արյան մեջ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո ի հայտ եկած հակամարմիններից լաբորատոր հետազոտությունների միջոցով պատվաստանյութ ստանալ:

Աստղային զույգի՝ կորոնավիրուսով վարակման մասին հայտնի էր դարձել մարտի 19-ին, որից հետո նրանք գտնվել են կարանտինի մեջ և բուժում ստացել Ավստրալիայում: Այժմ ամուսիններն արդեն իրենց լավ են զգում, վերադարձել են տուն՝ Լոս Անջելես, և բժիշկները կարծում են, որ նրանք իմունիտետ ունեն վիրուսի նկատմամբ:

Արյուն հանձնելու մտադրության մասին Ռիտա Ուիլսոնն ավելի վաղ հայտնել էլ CBS հեռուստաալիքի առավոտյան ծրագրին տված հարցազրույցում: «Մեզ հետաքրքիր է իմանալ, թե արդյոք մեր հակամարմինները կօգնեն պատվաստանյութի պատրաստման հարցում և արդյոք մենք կկարողանանք արյան պլազմա հանձնել»,- ասել էր Ուիլսոնը: