«Անկախ իրավիճակից՝ միշտ Արեգի հետ խաղալու ժամանակ ունեմ»․ Քրիստինե Պեպելյանը՝ որդու ներկայությունը վայելելու և նրա սիրելի զբաղմունքների մասին

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն այս ընթացքում ամբողջ օրն անցկացնում է որդու՝ Արեգի հետ։ Tert.am Life-ի հետ զրույցում Քրիստինեն նշեց, որ ժամանակն օգտագործում է որդու ներկայությունը վայելելու համար։

Երգչուհին ժպիտով ասաց, որ սկզբում փոքրիկն էլ էր զարմանում, թե ինչո՞ւ է մայրիկն ամբողջ օրը տանը․ «Այս ժամանակահատվածը կնկարագրեի ոչ թե տղայիս զբաղեցնելու, այլ իրեն վայելելու շրջան։ 24 ժամ միասին ենք լինում։ Հիմա հարցի հակառակ կողմն է ինձ անհանգստացնում. արդեն չեմ պատկերացնում, թե ինչ է լինելու, երբ վերադառնամ աշխատանքային գրաֆիկիս, այդ ժամանակ բաժանումը շատ ավելի բարդ ու ծանր կլինի ինձ համար»։

Քրիստինեն նշեց, որ շատ է սիրում որդու հետ տարբեր խաղեր խաղալ։ Երգչուհու խոսքով՝ որդին արդեն շատ բաներ հասկանում է ու բավականին լավ խաղընկեր է․ «Ես ու տղաս ունենք մեր հիմնական գործողությունների շարքը, որոնք ամեն օր, անկախ ամեն ինչից, անում ենք։ Ես ու Արեգն օրվա ընթացքում պետք է անպայման միասին պարենք։ Միասին երգելը ևս մեր պարտադիր ծրագրի մեջ է մտնում։ Ինքն արդեն իր սեփական միկրոֆոնն ունի. ինքն իրենով է երգում, ես՝ իմ միկրոֆոնով։ Տարբեր խաղեր ենք խաղում, սիրում ենք պահմտոցին, Արեգն արդեն հասկանում է՝ ինչպես է պետք խաղալ։ Անկախ իրավիճակից ես միշտ Արեգի հետ խաղալու և իրենով զբաղվելու ժամանակ ունեմ»։

Երգչուհին ասաց, որ իր համար նման գրաֆիկով ապրելը բարդ չէ, քանի որ տեսակով ինքն այնպիսին է, որ սիրում է տանը շատ ժամանակ անցկացնել․ «Աշխատանքիս բերումով գրաֆիկս գրեթե միշտ հագեցած է եղել, մեծ զբաղվածություն եմ ունեցել: Ցանկացած օր, կլինի կարանտին, թե ոչ, եթե դրսում գործ չեմ ունենում, նախընտրում եմ ժամանակը տանն անցկացնել։ Դուրս գալու համար առիթներ չեմ փնտրում։ Տանը մնալու գաղափարն ինձ նեղություն չի տվել։ Ես բառի բուն իմաստով վայելում եմ այս ընթացքն ու որդուս հետ անցկացրած ժամանակը»։