Ինչպիսին կլինի 2-րդ «Թղթե երազանքը» եւ ովքեր են դերասանական կազմում

«Շանթ» հեռուստաընկերությունը շուտով կսկսի «Թղթե երազանք 2» հեռուստանովելի նկարահանումները: Նախագծի սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը BRAVO.am-ին պատմել է, թե դերասաններից ովքեր են ընդգրկված նոր մասում, եւ ինչպիսին կլինեն զարգացումները:

«Որոշումը «Շանթ»-ի ղեկավարությանն է: Առաջին «Թղթե երազանք»-ում մենք ներկայացրել ենք գյումրեցի հերոսին՝ այնտեղի խնդիրներով: Պատմությունը շատ ծավալուն է, ուստի որոշել ենք ընդլայնել աշխարհագրությունը»,-նշել է Անին եւ ավելացրել.«Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսել էինք, երբ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն: Առջեւում ունեինք քասթինգի շրջան, որն այս պայմաններում հնարավոր չէր իրականացնել, կամ ոչ արդյունավետ կլիներ»:

Սցենարիստն ասել է, որ արդեն իսկ սիրված հերոսների կողքին կլինեն նոր կերպարներ՝ իրենց պատմություններով.«Ինչքան էլ ենթադրելի է, որ սա նախորդի շարունակությունն է, բայց կարելի է ասել՝ նաեւ նոր ու առանձին պատմություն է»:

Անին նշել է՝ թեեւ սցենարը պատրաստ էր, այս դադարը կօգտագործեն ավելի երկար ու մանրակրկիտ աշխատելու համար:

«Թղթե երազանք 2»-ի դերասանական կազմում ընդգրկված են Փառանձեմ Սահակյանը, Արսեն Միքայելյանը, Մարիամ Ադամյանը, Անի Պետրոսյանը, Նառա Սանթոյանը, Դավիթ Հակոբյանը, Վիլեն Սարգսյանը, նաեւ փոքրիկներին մարմնավորող Մանվելն ու Աննան: Թե ինչպես նրանք կներկայանան սերիալում, ինչպես կզարգանա հերոսների պատմությունը, սցենարի հեղինակը չցանկացավ նշել, միայն ասաց, որ պատմությունը պատմելու այլ ձեւ են ընտրել:

Աղբյուրը՝ bravo.am