«Որոշեցինք լավ ընկերներ մնալ». Լյուսի Հայրապետյանը՝ սիրելիից բաժանվելու մասին

Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ մեկուսացման այս օրերին բավական հագեցած առօրյա ունի.«Գտել եմ շատ զբաղմունքներ, որոնք կօգնեն դրական տրամադրվել եւ պատրաստ դիմավորել նոր՝ ազատ կյանքը»:

Լյուսիից հետաքրքրվել ենք՝ ինչպես է իրավիճակն ազդել անձնական կյանքի վրա. «Իմ սիրելին Միացյալ Նահանգներում է բնակվում, եթե նրան նկատի ունեք:): Բանն այն է, որ մենք որոշեցինք լավ ընկերներ մնալ. ժամանակին հրաժարվելը շատերի ճակատագրերն է ճիշտ ուղու վրա դնում: Համենայն դեպս, դեռ այսպես: Կլինի երկարատեւ դադար, թե կմնա այնպես, ինչպես որոշել էինք, դեռ պարզ չէ: Պարզ է մի բան, որ եթե ունենայի ընտրյալ, ոչ մի կորոնավիրուս մեզ չէր խանգարի. միասին կհիվանդանայինք, միասին էլ կապաքինվեինք:)»

 Նա ուրախությամբ նշել է, որ վերադարձել է ընթերցանությանը.«Սկսել եմ նորից կարդալ: Վերջապես: Ժամանակս միշտ չէր հերիքում: Վաղուց պլանավորած ֆիլմերն եմ դիտում, սկսել եմ խոհանոցում ստեղծագործել. թխեցի կյանքիս առաջին խմորեղենը, այն էլ հատուկ բաղադրատոմսով՝ առանց շաքարի ու առանց գլյուտենի: Վերջապես ավելի շատ ժամանակ եմ տրամադրում մարզումներիս: Իհարկե, երբ մարդ եմ տեսնում, կիլոմետրերով հեռու եմ փախչում:): Վերջապես սկսեցի իսպաներեն սովորել: Դոմինիկյանից վերադարձել եմ այդ լեզվին սիրահարված: Սկսել եմ նորից նկարել, էսքիզներ անել: Ո՞վ գիտի, գուցե նորից դիմեմ համալսարան` արտերկրում սովորելու համար: Վերջապես ժամանակ ունեմ զբաղվել «առողջ սննդակարգ» ասվածով, ինձնով, նաեւ օգնում եմ մայրիկիս, եւ վերջապես բոլորով հոգ ենք տանում տատիկիս մասին: Շատ օգնեց կարանտինը շատ կարեւոր ու կենսական հարցերում: Պետք է նաեւ լավը փնտրել ու գնահատել: Ի դեպ, նկատել եմ, որ մարդիկ ավելի սրտացավ ու ուշադիր են դարձել. կարծում եմ՝ դա էլ է հետեւանքն այս մեծ հարվածի»:

Խոսել ենք նաեւ չեղարկված ու հետաձգված ծրագրերից.«Ունեի նկարահանումներ, որոնք անժամկետ հետաձգվեցին: Պատրաստվում էի մեկնել Արաբական Էմիրություններ, այնուհետեւ Հունաստան, ինչը նույնպես հետաձգվեց: Մի շարք միջոցառումներ պետք է վարեի, բայց դրանք էլ, բնականաբար, հետաձգվեցին, կամ իրականացվեցին առցանց տարբերակով: Կարծում եմ՝ բոլորս էլ նույն իրավիճակում ենք, բայց վստահ եմ՝ փրկությունը մոտ է: Ուզում եմ բոլորին շատ համբերություն, պատասխանատվության զգացում ու զգոնություն մաղթել: Սա, թերեւս, այն բացառիկ դեպքն է, որ ամբողջ աշխարհն ունի մեկ ընդհանուր նպատակ, եւ այն կիրականանա շուտով: Այս ամենը շատ խոր արմատներ ու պատճառներ ունի, ըստ իս: Դա էլ, կարծում եմ, շուտով պարզ կդառնա: Չեմ հավատում այսքան մեծամասշտաբ պատահականություններին: Հուսով եմ` վիրուսը շուտով կնահանջի վերջնականապես ու հիմնովին»:

 Լյուսին զրույցի վերջում բոլորին հորդորել է մնալ տանը.«Դուրս եկեք միայն անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանված ու ուշադիր, պատասխանատու եղեք ձեր ու շրջապատի հանդեպ: Տուն վերադառնալուն պես լվացվեք եւ մաքրեք սպիրտով ամեն գնում, եւ ոչ միայն: Գուցե շատ տարօրինակ թվա, բայց մենք այդպես ենք անում: Տուփերը, ցելոֆանները տեղում ախտահանում ենք, ապա նոր տանում խոհանոց: Առողջություն բոլորիս: Լավ եղեք եւ մի կորցրեք հավատն ու լավատեսությունը»:

Աղբյուրը՝ bravo.am