Երգչուհին չի կարողանում արտերկրից վերադառնալ Հայաստան

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որը «Dream World Tour»-ի համերգներով շրջագայում էր ամբողջ աշխարհում, այժմ չի կարողանում վերադառնալ հայրենիք:

Այս մասին Հովհաննիսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Արդեն Հայաստան վերադառնալս երազումս եմ տեսնում: Ավստրալիայից եկա Բրազիլիա (համերգիս համար) ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղու՜՜՜՜՜՜ց չվերթները հանվել են:   #տունեմուզում»,-գրել է երգչուհին:

Մինչ վերոնշյալ գրառումը Լիլիթը մեկ այլ հրապարակում էր արել՝ շեշտելով, որ  «Dream World Tour»-ի համերգների 90 տոկոսը, բարեբախտաբար, արդեն իրականացվել է, սակայն դեռ մնացել են շատ կարևոր մի քանի համերգներ, որոնք պահել էր շրջագայության վերջին հատվածի համար: «Ցավոք, կորոնավիրուսի պատճառով որոշեցի հետաձգել առաջիկա բոլոր մենահամերգներս: Հայցում եմ ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար, բայց հիմա ինձ համար միայն կարևոր է ձեր առողջությունն ու անվտանգությունը: Հավատս մեծ է, որ շատ շուտով վերանալու է այս «աներես» վիրուսը, այ կտեսնեք»,-գրել էր երգչուհին:

168.am