«Նկարահանումների ընթացքում առողջական խնդիր ունեցող ոչ մի աշխտակից չենք ունեցել»․ «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները ժամանակավորապես դադարեցվել են

Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները ժամանակակավորապես դադարեցվել են՝ հաշվի առնելով հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարաված արտակարգ դրության կանոնները։

Tert.am Life-ի հետ զրույցում նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը նշեց, որ իրենք ունեն նկարահանված և պատրաստ սերիաներ, սակայն եթերային դադար կլինի՞, թե՞ ոչ, կախված է իրավիճակից։

«Որոշումը կայացրել է «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությունը՝ ելնելով իր աշխատակիցների, դերասանների անվտանգությունից։ Նկարահանումների ընթացքում առողջական խնդիր ունեցող ոչ մի աշխատակից չենք ունեցել, ուղղակի անկախ ամեն ինչից, կարևորագույնն ու առաջնայինը մեր թիմի առողջական ապահովությունն է։ Պատրաստի սերիաներով դեռ կարող ենք զբաղեցնել մեր հեռուստադիտողներին»,-ասաց Անին։

Թե երբ կվերականգնվեն նկարահնումները, հստակ ասել չեն կարող։ «Ամեն ինչ կախված է արտակարգ դրությունից և երկրի իրավիճակից։ Սցենարային աշխատանքները շարունակվում են, երբ ամեն ինչ նորից ապահով ու անվտանգ լինի, կշարունակենք աշխատել նույն ռիթմով»։

Անին նշեց, որ սա շատ տխուր իրավիճակ է բոլորի համար․ «Եթե զուտ աշխատանքային առումով նայենք, դադարը տխուր է բառի բուն իմաստով, որովհետև մենք սովոր ենք տեմպի մեջ աշխատել, ամենօրյա շփման մեջ լինել մեր թիմի հետ։ Այս ընդհանուր լռությունը տխուր է։ Հուսով եմ՝ այն որևէ մեկին ընկճախտի չի հասցնի, սակայն հասկանում ես, որ ուրիշ ելք չկար ու համակերպվում։ Կարծում եմ, եթերային դադար չենք ունենա և այդ առումով մեր տխրությունը չի փոխանցվի հեռուստադիտողներին»։

Աղբյուրը՝ Tert.am Life