Հեշտացնելով տանտիկինների գործը. 3-ից 5 րոպե և Դուք կիմանաք ինչ եփել վաղը՝ նոր հաղորդում, նոր ձևաչափ

«Օ՜ֆֆֆ, մարդ չգիտի վաղն ինչ եփի» արտահայտությունը հայկական իրականության մեջ ամենատարածվածներից է: Կանանց փնտրտուքները՝ նոր ու համեղ պատրաստելու ճանապարհին, այսուհետ կունենան լուծում ՝ ընդամենը 3-ից 5 րոպե տևողությամբ հոլովակներ, որոնք, փորձառու խոհարարի մեկնաբանությամբ, կներակայացնեն ինչ ու ինչպես պատրաստել:

Օրեր առաջ հայկական օնլայն տիրույթում հրապարկվեց խոհանոցային նոր հաղորդում, որն, ինչպես երևում է, անմիջապես գրավել է լսարանի ուշադրությունը: Դիտումների աճող դինամիկա, դրական արձագանքներ. խոհանոցային հաղորդման ոչ ստանդարտ մատուցումը՝ կարճ ու խոհարարի մեկնաբանություններով ուղեկցվող ձևաչափը հատուկ է ընտրվել,  ArenaNews.am-ի հետ զրույցում ասում է նախագծի հեղինակ Հրաչ Ղուկասյանն ու հավելում՝ թեպետ և հեռուստաեթերում, և ինտերնետային հարթակներում խոհանոցային հաղորդումներ շատ կան, բայց այս մեկը նշանավորվել է միանգամից մի քանի առանձնահատկություններով.

 «Ապահովում ենք նկարահանման տեխնիկական բարձր որակ, որը միաժամանակ վիզուալ հետաքրքիր է ներկայացնում ընթացքը: Բացի այդ՝ կարճ տևողություն, ինչը հնարավորություն է տալիս մարդուց անիմաստ ժամանակ չխլել, նրան զուր չզբաղեցնել:  Հատկապես այսօր համացանցում ապրող մարդու համար վիդեոկոնտենտի տևողությունը շատ կարևոր է. որքան կարճ, այնքան լավ»:

Հաղորդման խոհարարը Արբի Ղարախանին է, ով հեռուստադիտողներից շատերին ծանոթ է «Շանթ» հեռուստաընկերության «Մամայի եփածն ուրիշ է» հաղորդումից: Հրաչի խոսքով՝ առավել արդյունավետ է աշխատանքը, երբ այն մատուցվում է փորձառու և լսարանի մոտ վստահություն ձեռք բերած խոհարարի կողմից, որը չի դադարում զարմացնել իր բաղադրատոմսերով ու իմպրովիզներով:

Կարծրատիպային պատկերացումը, թե տանտիկինները միայն հեռուստացույց են դիտում, այլևս ակտուալ չէ: Նոր հաղորդումը ներկայացվածություն ունի յութուբում, ֆեյսբուքում, նաև ինստագրամում.

«Համացանցում ապրում են մարդիկ՝ ամենատարբեր հետաքրքրություններով: Խմբեր, որոնք նախատեսված են աշակերտների ծնողների համար, հատուկ առանձնացված խմբեր մայրիկների համար և նմանատիպ այլ հարթակներ, որոնք այսօրվա տանտիկիններին անուղղակիորեն բերել են դեպի համացանց:

Եթե նկատել եք, նույնսիկ հայտնի արտիստներն իրենց ինստագրամյան էջերն ակտիվացնելու համար շատ հաճախ հոլովակներ են հրապարակում այն մասին, թե ինչպես են սնվում, ինչպես են պատրաստում: Այդ հոլովակները պարբերական բնույթ են կրում, որովհետև իրենք էլ տեսնում են, որ խոհանոցը հետաքրքրում է բոլորին»,-մանրամասնում է նախագծի հեղինակը:

Մեր զրուցակցի խոսքով՝ առաջին հաղորդումից հետո արձագանքները դրական են, թեպետ շտկումների տեղ միշտ կա. «Ընդամենը առաջին քայլն ենք արել, բայց իսկապես ոգեշնչվել ենք  հեռուն գնալու համար: Դե իսկ լրացումների կարիք միշտ կա. մենք եվրոպական կամ ամերիկյան իրականությունում չենք ապրում, երբ հանրությանը կոնտենտը մատուցվում է անմիջապես իդեալական տարբերակով»:

Չնայած հեռուստատեսային տարիների փորձին՝ Հրաչի համար մի բան հստակ է՝ երբեք չես կարող իմանալ հանրությունն ինչպես կընդունի նոր արտադրանքը.

«Իհարկե ունենում ես քո մոտավոր հաշվարկները, բայց չես կարող հստակ կանխատեսել արձագանքը: Նույնն է, որ հիթ դարձող երգի հեղինակը կարողանա նախապես կանխորոշել, թե երգն ինչ հաջողություն կունենա:

Եվ հակառակը՝ հազարավոր գործիքներ կարող ես կիրառել, բայց նախատեսվող հաջողությանը չհասնել»:

Հաղոդումն առայժմ հրապարակվում է շաբաթական մեկ անգամ,  բայց արդեն իսկ կան մտքեր թողարկումների թիվն ավելացնելու: Սպասվում են նաև այլ լուծումներ, նորություններ, որոնք մեր զրուցակիցը չշտապեց հրապարակել:

ArenaNews.am