Նունե Եսայանի մենահամերգը Կրեմլում հետաձգվել է

Երգչուհի Նունե Եսայանի մենահամերգը Մոսկվայում հետաձգվել է, քանի որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրաման է ստորագրել, ըստ որի, կորոնավիրուսի տարածման վտանգը նվազեցնելու նպատակով մինչև ապրիլի 10-ը Մոսկվայում դադարեցվում են զանգվածային միջոցառումները, որոնց ներկա է լինելու 5000-ից ավելի մարդ։

Այս լուրը Tert.am Life-ի հետ զրույցում հաստատեց Նունե Եսայանն ու հավելեց, որ համերգը չի չեղարկվել, միայն հետաձգվել է: «Համերգի նոր օրը պետք է հաստատեն Կրեմլից, քանի որ այնտեղ բավականին շատ են միջոցառումները: Հիմա մենք էլ ենք սպասողական վիճակում: Հենց օրը հստականա, կհայտնեմ իմ հանդիսատեսին»,- ասաց երգչուհին:

Այս ընթացքում Նունեն մեծ ոգևորությամբ էր պատրաստվում մենահամերգին: Հետաձգման համար փոքր-ինչ սրտնեղել է, սակայն մարդկանց առողջական վիճակն ավելի է կարևորում: «Բնականաբար, մի քիչ սրտնեղել եմ համերգի հետաձգման պատճառով, սակայն շատ ավելի կարևոր է թե՛ հանդիսատեսի, թե՛ մեր առողջության համար»,- ասաց նա:

Աղբյուրը՝ Tert.am Life