Մարտի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի մասնակիցները հնարավորություն կունենան մեծ լսարանի առաջ ներկայացնել սիրված երգերը՝ նոր ոճով ու մատուցմամբ: Կայանալիք համերգն աշխատանքային ակտիվ փուլում է:
Ինչպես LosArmNews.com կայքի հետ զրույցում պատմեց ֆինալիստներից Էդգար Ավետյանը, երգերն արդեն բաշխվել են, փորձերը՝ մեկնարկել: Թե ինչ երգերով է ներկայանալու, Էդգարը որոշեց չնշել՝ անակնկալ թողնելով երկրպագուների համար: Նշեց միայն, որ նախագծի ընթացքում իր կատարմամբ հատկապես սիրվել են Սայաթ Նովայի «Բռոյի» երգը, առաձնահատուկ է ընդունվել նաև «Կանչում եմ, արի, արի», «Քանի վուր ջան իմ» երգերը:
Բացի անհատական կատարումներից, Էդգարը զուգերգ կունենա նաև մասնակիցներից Աննա Գրիգորյանի հետ. «Մինչ նախագիծն էլ երգեր ներկայացնելիս միշտ որոշ փոփոխություններ եմ արել, փորձել եմ երգերն իմ պատկերացման համաձայն, իմ ձևով ներկայացնել: Հիմա էլ ժամանակ չեմ կորցնում. այս ընթացքում նոր երգեր եմ պատրաստել, որոնք սոցիալական հարթակներում շուտով կներկայացնեմ իմ հանդիսատեսին: Ժողովրդական հայտնի գործեր ներկայացնելուց բացի, շատ կուզենայի նաև հեղինակային գործունեություն ծավալել»:
Էդգարի խոսքով՝ նախագծից առաջ որևէ տեղ չի երգել, միայն երբեմն-երբեմն սիրողական հոլովակներ է պատրաստել ու տեղադրել սոցցանցերում. «Նախագիծը մեզ մեծ ճանաչում տվեց: «Ազգային երգիչն» ինձ մեծ փորձ տվեց, շատ դասեր քաղեցի: Այն ինչ սովորել եմ, վստահ եմ՝ կօգնի հետագայում էլ ավելի առաջ գնալու համար: Բացի այդ՝ ծանոթություն, մտերմություն լավ մարդկանց ու մասնագետների հետ, ինչն անփոխարինելի է»:
Ինչ վերաբերում է սպասվող մենահամերգին, արձագանքնեը շատ են. լսարանը նամակներով է կիսում սպասումներն ու ակնկալիքները: Երիտասարդ երգչի խոսքով՝ երկրպագուներն այսկերպ իրենց շատ են մոտիվացնում ու նոր լիցքեր հաղորդում:
Ի դեպ, Էդգարը երաժշտական կրթություն չունի: Ասում է՝ գործիքների վրա ինքնուս է նվագում, հիմա հատկապես հետաքրքրված է կիթառով ու դուդուկով: