Տիգրան Պետրոսյանի՝ ԱՄՆ մեկնելու առիթը, նոր ալբոմը, որդու հետ աշխատանքն ու Նուռի հետ նոր նախագիծը

Երգիչ, երգահան Տիգրան Պետրոսյանն այս օրերին Միացյալ Նահանգներում է: Մինչ մեկնելը նա հասցրել է հումորիստ, սցենարիստ, երգիչ, երգահան Վարդան Զադոյանի եւ դերասանուհի Աննա Մանուչարյանի հետ համատեղ նոր ալբոմ թողարկել՝ «Eth.No.Rules»-ը, որն ընդգրկում է հայկական ֆոլկ եւ էթնո ոճերի 14 երգ: Ինչպես պարզվում է, Տիգրանն առաջիկայում հետաքրքիր նորությամբ է հանդես գալու նաեւ դիզայներ Արման Նուռի հետ: Թե ինչու է մեկնել ԱՄՆ, ինչպես է ստեղծվել երաժշտական նոր ալբոմը, եւ հետաքրքիր ինչ նախագծերով է ներկայանալու առաջիկայում, Տիգրան Պետրոսյանը պատմել է BRAVO.am-ին:

Երգչը խոստովանել է, որ շատ է սիրում Ամանորն ԱՄՆ-ում նշել՝ եղբոր ընտանիքի հետ, եւ այս տարին էլ բացառություն չի եղել այդ առումով: Ասում է՝ մեկնել է ոչ թե գործնական նպատակներով, այլ որպես զբոսաշրջիկ.«Ես այստեղ ընդամենը հանգստանում եմ: Ինձ միշտ շատ է դուր եկել Ամերիկան, հատկապես այստեղի ակումբային կյանքը: Սիրում եմ լինել տարբեր ակումբներում ու լսել բազմաոճ երաժիշտների՝ ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ: Եվ ըստ իս` այդ անհայտները շատ շուտով հայտնի են դառնալու, որովհետեւ տեսնում եմ նվագի որակը, իսկ ինչպես ասում են՝ տաշած քարը գետնին չի մնա: Ի դեպ, Սուրեն Առուստամյանը վերջերս «Կատալինա» ջազ-ակումբում շատ լավ համերգ ունեցավ, նաեւ միասին մի դուետ կատարեցինք: Շատ պատահական ու հաճելի մի բան ստացվեց: Այսինքն՝ ես երաժշտական եմ վայելում Ամերիկան»:

Ինչպես նշեցինք, Տիգրան Պետրոսյանն ԱՄՆ մեկնելուց առաջ ընկերների` Վարդան Զադոյանի եւ Աննա Մանուչարյանի հետ նոր ալբոմ է թողարկել, որով փորձել են նոր շունչ հաղորդել հայկական ֆոլկ երաժշտությանը: Մեր զրուցակցը պատմել է, որ Վարդան Զադոյանին վաղուց է ճանաչում, քանի որ վերջինս հեղինակել է իր «Ում» եւ «Մնամ հավետ» երգերի խոսքերը: Ասում է՝ համատեղ այլ աշխատանքներ էլ են իրականացրել եւ այդպես որոշել են մի նոր, հետաքրքիր նախագծով հանդես գալ: Իսկ երբ Հանրային ռադիոյում աշխատելու տարիներին բացահայտել է, որ Աննա Մանուչարյանը բացի լավ ասմունքելուց, նաեւ լավ երգում է, նրան էլ է առաջարկել միանալ իրենց, իսկ նոր նախագիծն անվանել են «Three Trees» (Երեք ծառ):

«Մոտավորապես պատկերացնում էի, որ նոր երգերը հնչողությամբ պետք է 80-ականների վերջի, 90-ականների սկզբի երաժշտական ոճը հիշեցնեն, որովհետեւ թե՛ ինձ, եւ թե՛ Վարդանի համար այդ հնչողությունը շատ սիրելի է: Ինչ վերաբերում է «Երեք ծառի» գաղափարին, ապա մենք պատկերացրել ենք, որ Աննան ծիրանենին է, Վարդանը՝ կաղնին, իսկ ես՝ բարդին: Իհարկե, ես բարդու բոյ չունեմ, բայց այդպես պատկերացրինք, որ ես երկու մետրանոց տղա եմ»,- կատակում է Տիգրանը:

Նրա խոսքով՝ ալբոմի հիման վրա նաեւ համերգ-ներկայացում են նախատեսնում, որի իրագործումը, սակայն, ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում.«Այս ալբոմի ֆինանսական կողմն էլ էր շատ մեծ, այնքան էլ դյուրին գործ չէր նման նախագիծ իրականացնելը, բայց հույս ունեմ, որ մի օր մեր ներկայացումն էլ հաջողությամբ կկայանա: Համերգի միտքը, սցենարը կա ամբողջությամբ՝ սկզբից մինչեւ վերջ: Հիմքում մեծ մասամբ բնապահպանական թեմաներն են: Օրինակ՝ երբ ես տեսնում եմ, թե մարդիկ Նոր տարուն ինչպես են հսկայական եղեւնիները հատում մի քանի օրվա հաճույքի համար ու հետո դեն նետում, սրտիցս արյուն է կաթում: Ի՞նչ կլինի, որ տոնածառն արհեստական լինի: Մեր երկրում այդպիսի շատ թեմաներ կան, որ մեզ շատ են հուզում: Այդ ներկայացմամբ մենք ցույց ենք տալիս հայ աշխատավորի, հայկական գյուղի կյանքը՝ ինչով է այն սկսվում եւ ինչպես է ավարտվում»:

Առաջիկայում Տիգրան Պետրոսյանը երաժշտասերներին կներկայանա եւս մեկ նոր ալբոմով, որը համագործակցություն է դիզայներ Արման Նուռի հետ: Ինչպես պարզվում է, վերջինս հեղինակել է ալբոմում ընդգրկված երգերի խոսքերը, իսկ Տիգրանը՝ երաժշտությունը: Դրանք իրենց ոճով ու կատարողականությամբ տարբերվելու են «Eth.No.Rules» ալբոմում ընդգրկված գործերից: Այս անգամ բոլոր 11 երգերը կատարելու է երգչախումբը.«Կոմիտասի 150-ամյակի առթիվ որոշեցինք այսպիսի մի նախագծով հանդես գալ: Մեր ժողովրդական, ֆոլկ երաժշտությունը շատ հեռու է գնացել ժողովրդից, եւ մենք որոշեցինք նորովի ներկայացնել երաժշտական այդ ուղղության համն ու հոտը: Նախապես պայմանավորվեցի իմ վաղեմի ընկերոջ՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի հետ, որի երգչախումբն էլ կատարելու է բոլոր երգերը: Ես եւ իմ ընկերներն այս ալբոմով ուզում ենք ասել՝ ժողովուրդ ջան, մենք ոչ միայն Կոմիտաս երգող, այլեւ Կոմիտաս շարունակող մարդիկ պիտի լինենք: Չի կարելի կորցնել այն, ինչն անմիջապես մեզ հետ, մեր հայ ազգի հետ կապ ունի»:

Երգիչն ասաց, որ շուտով վերադառնալու է ԱՄՆ-ից, որպեսզի զբաղվի ալբոմի ձայնագրման աշխատանքներով: Ինչպես հայտնի է, Հայաստանում նա նաեւ համագործակցում է «ԴԵՏՔ» երաժշտական խմբի հետ, որի անդամներից Արման Պետրոսյանը հենց իր որդին է.«Մեր համատեղ աշխատանքը մշտական է, բարեկամական ու հայրական (ժպտում է,-հեղ.): Քանի որ Արմանը տղաս է, ես չեմ կարող ուղղակի մի կողմ քաշվել եւ ասել՝ դե, դուք ինչ ուզում եք, արեք: Շատ հարցերում չեմ խառնվում, որովհետեւ նրանք իրենց ճաշակն ու մոտեցումն ունեն, եւ այդ մոտեցումը վատը չէ, միայն խրախուսում եմ: Ուղղակի փորձում եմ ավելի պրոֆեսիոնալ ուղու վրա դնել: Նրանք հիմա այն շրջանում են, որ ճիշտ խորհուրդներ պետք են: Իսկ ես ուր էլ լինեմ, մեր համագործակցությունը շարունակվելու է»,- եզրափակել է նա:
Bravo.am