«Փորձել եմ հնարավորինս հեռանալ նախկինում մարմնավորածս կերպարներից»․ Գրիգոր Դանիելյանը՝ «Հարս չկա» սիթքոմում նոր կերպարի մասին

Դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը «Հարս չկա» սիթքոմում կներկայանա տաքսու վարորդի կերպարով։ Դերասանը հումորային մի քանի նախագծերում ավելի վաղ հանդես է եկել նման դերով, սակայն վստահեցրեց, որ նոր գույներով, նախկին կերպարներից հնարավորինս տարբեր հերոս են ստացել։

Դերասանը Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է իր նոր կերպարի ու հումորային հերոս ստեղծելու ընթացքի  մասին։

Սիթքոմի գլխավոր հերոսը Բեն Ավետիսյանն է, որը հարսնացու գտնելու նպատակով ժամանում է հայրենիք և օդանավակայանում հանդիպում Գրիգորի կերպարին: Վերջինս նրա համար Հայաստանում ստանձնում է ոչ միայն վարորդի, այլև զբոսավարի դերը։

«Միջին վիճակագրական հայ վարորդ է, որն ամեն ինչից տեղեկացված է։ Բեն Ավետիսյանի և Աղաս Մանուկյանի կերպարներին տարբեր վայրեր եմ տանում, ծանոթացնում Երևանին։ Հեռուստադիտողները կերպարիս կտեսնեն ոչ բոլոր սերիաներում, սակայն նա ճակատագրական ազդեցություն է ունենալու հերոսների կյանքում»,-ասաց դերասանը։

Ըստ դերասանի՝ «Ֆուլ Հաուս» և Yere1 նախագծերի վարորդ-կերպարների՝ Մուշեղի ու Առաքելի կերպարները քիչ ազդեցություն են ունեցել նոր հերոսի ստեղծման վրա։  «Օրինակ՝ Մշեցի Առաքելը գրոտեսկային կերպար էր։ Նոր հերոսս չափազանցությունների մեջ չէ, ավելի առօրեկան, իրատեսական է։ Փորձել եմ հնարավորինս հեռանալ նախկինում մարմնավորածս կերպարներից։ Մարդիկ, վստահաբար, կտեսնեն նոր բան՝ խոսելու ուրիշ ձևով, ուրիշ արտաքին տեսքով։ Ընհանրապես ես սիրում եմ այնպես անել, որ իմ մարմնավորած կերպարներն իրար չկրկնեն, չնմանվեն»,-ասաց Գրիգորը։

Դերասանի խոսքով՝ այս նախագծում սցենարական աշխատանքներ չի արել, սակայն համագործակցում է սցենարիստների հետ և փորձում կերպարի համար հատուկ բառապաշար ու տեսակ ձևավորել:

«Իմ ամբողջ ստեղծագործական կյանքում տարբեր նախագծերում հանդես եմ եկել որպես սցենարիստ, մասնակցել եմ սցենարական աշխատանքներին, այս անգամ մասնակցություն չեմ ունեցել, սակայն փորձում եմ կերպարիս էլ ավելի վառ գույներ հաղորդել։ Լինում է, երբ օրինակ սցենարով մի փոքր այլ կերպ է գրված, ես ներկայացնում եմ այնպես, ինչպես մտածում եմ, որ իմ հերոսն իրական կյանքում կխոսեր։ Սա ընթացիկ աշխատանք է, որը փորձում ենք ձևավորել՝ համագործակցելով սցենարիստների հետ։ Կերպարն ընթացքում առաջընթաց է ապրում, բնավորություն ձեռք բերում, փոփոխվում, այնպես ենք անում, որ այդ ընթացքը հետաքրքիր ու սահուն լինի»։

Գրիգորն իր կերպարները կառուցելիս շեշտը դնում է նրանց բնականության ու այն տեսակի վրա, որը հեռուստադիտողներին հայտնի է ու վերցված իրական կյանքից․ «Երբ որոշած է, որ դերը ես եմ մարմնավորելու, փորձում եմ գտնել տեսակ, որը մեզ հանդիպում է առօրյայում։ Խոսքը, բառապաշարը, շարժուձևը որքան իրական են, այնքան կերպարը սիրվում է հեռուստադիտողների կողմից։ Սա շատ կարևոր հանգամանք է»։

Գրիգորը դժվարացավ իր հումորային կերպարներից ինչ-որ մեկն առանձնացնել, քանի որ սիրում է բոլոր այն հերոսներին, որոնց երբևէ մարմնավորել է: «Ամենասիրելին չկա, սական կնշեմ ամենաերկար խաղացածս դերը՝ «Ֆուլ Հաուս»-ում Մուշեղի կերպարը: Ընթացքում նա շատ հոգեհարազատ կերպար էր դարձել։ Ինձ համար կարևոր է, որ ինձ ազատ զգամ իմ կերպարի մեջ։ Նոր դերս էլ բացաություն չէ»,-ասաց Գրիգորն ու հավելեց, որ այդ դեպքում հեշտ է թե՛ դերը ստանձնելը, թե՛ հետո կերպարից դուրս գալը։

Դերասանն այս ընթացքում հագեցած զբաղվածություն ունի նաև կադրից դուրս՝ ամռանը նրա թիմը պատրաստվում է նկարահանել «Դեպի ճամբար» նախագծի երկրորդ եթերաշրջանը։

Աղբյուրը՝ Tert.am Life