«Միշտ մտածել եմ, որ ծնողներս ինձ չեն հասկանում». Իրինա Այվազյանը՝ կյանքի ծանր կորստի, Բրյուսովից դուրս մնալու և ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին

Դերասանուհի Իրինա Այվազյանին շատերը գիտեն ավելորդ քաշի մասին առանց կոմպլեքսի խոսելով և կարծում են, թե դա նրան չի խանգարում, սակայն դերասանուհին էլ իր անհաշտություններն ունի կիլոգրամների հետ: Ժամանակին հայրիկի դիտողությունը քաշի մասին նրա վրա խորը հետք էր թողել, մայրիկն էլ չէր հավատում, որ աղջիկը կիրականացնի երազանքն ու դերասանուհի կդառնա: Ընտանիքի անդամներին Իրինան շատ է սիրում, բայց հարաբերությունները խնդրահարույց են:

Իրինան անկեղծ զրույց է ունեցել Tert.am Life-ի հետ և պատմել իր կյանքի ծանր շրջանի՝ պապիկի մահվան, Բրյուսովից դուրս մնալու, ընտանիքում չհասկացված լինելու զգացողության մասին: Չենք շրջանցել նաև ավելորդ քաշի թեման, սակայն այս անգամ Իրինան անկեղծացել է խանգարող կողմի մասին:

-Իրինա, դու հայտնի դարձար «էլենի օրագիրը 2» նախագծով, որտեղ շեշտը դրված էր թմբլիկությանդ վրա, էկրանից ներկայանում էիր որպես «տգեղ» աղջիկ, ինչը կրկնակի ուշադրություն էր հրավիրվում ավելորդ քաշիդ վրա: Մեզ տված հարցազրույցում ասել էիր, որ մարդիկ մտնում են Ինստագրամի քո էջ ու գրում, որ գեղեցիկ նկարներ ես հրապարակում, «քեզ սիրուն աղջկա տեղ ես դրել», բայց այդպիսին չես: Չէի՞ր սրտնեղում, որ էկրանից  ներկայանում ես որպես արտաքին խնդիր ունեցող աղջիկ, մեխանիկորեն քեզ չէին ընկալում գեղեցիկ:

-Երբ քաշ հավաքեցի, կոմպլեքսավորվում էի առաջարկներ ընդունել: Մտածում էի՝ տեսախցիկներն ավելի են գիրացնում, ինձ հաճելի չի լինի տեսնել ինձ եթերում: «Էլենի օրագրում» ինձ հրավիրել էին քասթինգի Ժաննա Վելիցյանի և Անելյա Գուբրյանի կերպարների համար: Փորձելուց հետո ռեժիսորը զգուշությամբ ասաց, որ մեկ այլ կերպար էլ կա՝ թմբլիկ աղջիկ է, շատ համով երեխա է, իրեն շատ են սիրում, ասաց՝ կուզե՞ս փորձենք: Շատ ուրախացա: Եթե ես հիմա ավել կիլոգրամներ ունեմ և թմբլիկ կերպար եմ խաղում, էկրանից ինձ նայելով չեմ կոմպլեքսավորվի, որովհետև դա կերպարային է:

-Մտավախություն չունե՞ս, որ անընդհատ շեշտը կդրվի այդ փաստի վրա:

-Չէ: Իրականում հիմա նկարահանումների առաջարկներս քիչ են հենց քաշիս պատճառով: Շատ դեպքերում ասել են՝ շատ լավ երեխա է, բայց պետք է մի քիչ նիհարի, որպեսզի նկարահանենք:

-Դա քեզ չի՞ լարում և մղում փոփոխություն անելու:

-Ես դրանից չեմ կոմպլեքսավորում, չեմ սիրում կոմպլեքսավորվել: Ես այս պահին այսպիսին եմ, բայց կարող եմ նիհարել այսպիսին չլինել, դա ինձանից է կախված:

-Այսինքն՝ քեզ ընկալում և սիրում ես այնպիսին, ինչպիսին կաս ու անհաշտություններ չե՞ս ունենում:

-Հա, թեև հիմա ինձ դուր չի գալիս  քաշս, բայց ես հաշտ եմ դրա հետ, մինչև կլուծեմ այդ խնդիրը: Առաջին դերս «Երանի» հեռուստասերիալում էր: Նկարահանվելուց հետո, սակայն, սկսեցի կոմպլեքսավորվել քաշիցս: Երկար ժամանակ այլևս առաջարկներ չէի  ընդունում: Այդ ժամանակ ես իմ ներկայիս քաշից 10 կգ քիչ էի կշռում, բայց ինձ չաղ էի համարում, պատկերացրու՝ հիմա ինչքան վատ եմ զգում ինձ:

-Ներկայիս քաշիցդ 10 կգ պակաս քաշով կոմպլեքսավորվում էիր, հիմա՝ ոչ: Ինքդ քեզ հետ ի՞նչ ճանապարհ անցար քեզ ընդունելու և սիրելու այնպիսին, ինչպիսին կաս:

-Չգիտեմ: Այնպես չէ, որ միշտ կոմպլեքսավորվել եմ, ուղղակի այդ շրջանում հենց տուն էի մտնում, պապաս ասում էր՝ էս ոնց ես չաղացել, քեզ հայելու մեջ նայիր: Ահավոր կոտրվում էի դրանից: Հերթական անգամ, երբ այդպես ասեց, սկսեցի լացել: Շատ էի նեղվել: Դրանից հետո ասացի՝ ինձ ընդունեք այնպիսին, ինչպիսին կամ, ես այսպիսին եմ:

-Ավելորդ քաշը կարող է խանգարել շրջապատում բոլորին, բացի քեզնից: Իրականում սկսում ես ազատվել դրանից այն ժամանակ, երբ ինքդ ես ավելորդ  համարում: Այս պահին դեռ չունե՞ս այդ մոտիվացիան:

-Իրականում ինձ շատ վատ եմ զգում, բայց գիտեմ, որ հեշտ կարող եմ լուծել:

-Իսկ ինչո՞ւ չես լուծում:

-Որովհետև մի քիչ ալարկոտ եմ:  Ընկերներս ասում են՝ հանկարծ չնիհարես, մենք քեզ այսպիսին են սիրում, ասում եմ՝ թողեք ես որոշեմ: Ես նիհար եղել եմ, գիտեմ, որ այդպիսին լավն եմ:

-Սննդակարգ պահելն առաջին հերթին կամքի ուժի հարց է, պետք է հրաժարվես մի շարք սովորություններից: Դժվարությա՞մբ ես սննդակարգ պահում: Առհասարակ կամքի ուժ ունե՞ս:

-Առհասարակ՝ մամաս ասում է՝ դու պնդաճակատ ես, ամեն կերպ հասնում ես քո ուզածին: Կարծում եմ՝ դա իմ կամքի ուժից է գալիս: Եթե ես որոշել եմ, որ դիետա եմ պահելու, կպահեմ: Հնարավոր է՝ իմ սիրելի ուտելիքից հոտ քաշեմ, դնեմ տեղը, բայց չեմ ուտի: Կամքի ուժ լավ էլ ունեմ, ուղղակի պիտի տրամադրվեմ ինչ-որ բան անել: Եթե սննդակարգ չեմ պահում, սիրում եմ համեղ ուտել: Դիետաս ավարտելու հաջորդ օրը խնջույքի էի հրավիրված, մարտական  տրամադրված հարձակվեցի ֆուրշետի սեղանի վրա, ալկոհոլային խմիչք օգտագործեցի: Ինձ լրիվ ազատություն էի տվել:)

-Ընդունենք, թե ոչ, արտաքինն իր որոշակի ազդեցությունն ունի նաև անձնական կյանքում: Երբեմն հարաբերություններին խանգարում է ինքդ քեզ հետ ունեցած ներքին խնդիրդ: Հարցն այն չէ, որ քեզ չպիտի սիրեն, այլ այն, որ ինքդ ես խնդիր ստեղծում, օրինակ, կոմպլեքսավորվելով քաշից, համարում  ես, որ քեզ չպիտի սիրեն: Որքանո՞վ է դա խանգարում անձնական կյանքում:

-Ես փակ մարդ  եմ: Դա շատ-շատ է խանգարել ինձ անձնական կյանքում: Բայց խնդիրն այլ է, ես չեմ սիրում, երբ ինձ ասում են՝ ինչ անել: Գուցե դա լավ չի, բայց երբ կողքիս մարդ է լինում, ես պիտի շարունակեմ անել այն, ինչ ուզում եմ, գուցե իրեն դուր չգա, բայց այդպես է: Եթե կողքիս  հասկացող մարդ չլինի, դա շատ լուրջ ազդելու է մեր հարաբերությունների վրա, դրա համար միշտ աշխատում եմ կենտրոնանալ հասկացող մարդկանց վրա: Ինձ պետք է անպայման բացատրեն՝ ինչու ոչ, եթե ուղղակի ասում են չէ, մեջս ագրեսիա է առաջանում, որ անպայման անեմ տվյալ բանը:

-Հակառակ սեռի հետ շփումներ, անձնական կյանքդ դասավորվելու փորձեր շա՞տ ես ունեցել:

– Իմ ընկերները հիմնականում տղաներ են, ինչն ինձ շատ է օգնում: Տղան ինչպես էլ իրեն ներկայացնի, ես հասկանում եմ իր իրական տեսակը

Անձնական առումով էլ քիչ չեմ ունեցել փորձ ինչ-որ մեկի հետ շփվելու, դա տեղափոխելու անձնական հարթակ, բայց չեն ստացվել:

-Ինչո՞ւ:

-Կարծում եմ՝ իմ պատճառով, նաև նշածս դեպքերում ինձ հասկանալու ունակությունը չունենալու:

-Իսկ դու միշտ հասկացե՞լ ես:

-Դեպքեր եղել են, երբ ես էլ չեմ հասկացել, օրինակ, նույն ինչ-որ բան անել-չանելու կոնտեքստում:

-Մի բան է շփվել ու հասկանալ, որ չստացվեց, այլ բան է սիրել: Երևի թե, յուրաքանչյուրն իր կյանքում ունեցել է սեր: Ունեցե՞լ ես մեծ սեր, որը կորցրել ես:

-Ցանկացած տարիքում, երբ ինչ-որ մեկի հետ շփվում, ընկերություն ես անում, մտածում ես, որ իրեն սիրում ես: Այսինքն, ոչ թե մտածում ես, այլ իսկապես սիրում ես, բայց ժամանակի հետ դա անցնում է: Ես չեմ կարող ասել, որ ունեցել, կորցրել եմ իսկական սեր ասվածը, չեմ հաշտվել դրա հետ, բայց ունեցել եմ խորը ապրումներ:

-Ե՞րբ ես ապրել ամենամեծ ցավն անձնական հարաբերություններում:

-Նախորդ տարի:

-Դո՞ւ ես լքել, թե՞ քեզ են լքել:

-Ընդհանուր համաձայնությամբ ենք եկել այդ որոշմանը, բայց ավելի մանրամասնել չեմ ուզում:

-Առհասարակ, ասում ես վերջ ու կարողանո՞ւմ ես միանգամից մտովի վերջ դնել, թե՞ հոգուդ խորքում սպասում ես, դժվարությամբ ես բաց թողնում:

-Ասում եմ վերջ, բայց ժամանակ է պետք մտքիցս, սրտիցս հանելու համար: Սակայն եթե ասում եմ վերջ, չեմ մտափոխվում՝ անկախ նրանից, թե ներքուստ ինչ եմ զգում:

-Իրինա, վերջերս լայն քննարկման արժանացավ քո անձնական հարաբերությունները երիտասարդ երգիչ Գևորգ Մկրտչյանի հետ: Խոսակցություններ են շրջանառվում, որ սիրավեպ ունեք:

-Անձնականի մասին խոսել չեմ սիրում:

Այնուամենայնիվ, ձեր ակտիվությունից են առաջացել այդ խոսակցությունները. նա ասել էր, որ ձեր հարաբերություններում փոփոխություն կա՝ ակնարկելով, որ լսարանը կարող է սպասել անձնական կապի մասին նորության: Դու լռում ես, միաժամանակ, երկուսդ էլ համատեղ հրապարակումներ շատ եք անում: Ըստ էության՝ և՛ խոսում եք, և՛ չեք խոսում, մինչդեռ կարող եք չանել այդ հրապարակումները և տեղի չտալ խոսակցությունների:

-Հասկանում եմ՝ ինչ ես ասում, բայց ես չեմ ուզում կոնկրետ խոսել այդ մասին: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա, չեմ ուզում հիմա խորանալ անձնական հարաբերությունների թեմայի մեջ:

-Ասացիր՝ ամեն կերպ կհասնեմ ուզածիս: Նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները:

-Կարծում եմ՝ հա:

-Ցանկացա՞ծ միջոց:

-Կան որոշակի սահմաններ:

-Ո՞րն է քո սահմանը:

-Այս պահին դժվարանանում եմ ասել: Օրինակ՝ մանկուց երազում էի Թատերական ընդունվել, բայց ընտանիքիս անդամները դեմ էին: Մամաս ասում էր՝ դերասանությամբ սիրողական զբաղվիր, այլ մասնագիտություն ունեցիր: Ես էլ ծնողներիցս էի կախված, ընտրեցի Բրյուսովի Իտալերենի ֆակուլտետը, բայց առաջին կուրսի կեսից հասկացա, որ, միևնույն է, ուզում եմ գնալ Թատերական, ամեն ինչ արեցի, որ ինձ ճանաչեն որպես դերասանուհի: Դեռ իմ ուզածը չէ, որովհետև երազում եմ թատրոնում խաղալու մասին, այնուամենայնիվ, գնացի իմ ուզած ուղով:

-Թատերական գնալու մասին հիմա մտածո՞ւմ ես:

-Մինչև վերջերս այո, բայց այնտեղ ավարտած ընկերներ ունեմ, որոնք խորհուրդ չեն տալիս: Ամեն դեպքում, ես կոմպլեքսավորվում եմ փաստից, որ, կոպիտ ասած, «դրսից եկած» դերասանուհի եմ: Երբ ինձ ասում են՝ դերասանուհի ես, կոմպլեքսավորվում եմ ասել այո, ասում եմ՝ տենց մի բան: Մարդիկ կան, կրթություն չունեն, հանգիստ ասում են, որ դերասանուհի են, ես չեմ կարողանում: Շատ աղջիկներ կան, որոնք ուղղակի ուզում են էկրանից երևալ: Ես դրանից շատ լուրջ եմ վերաբերում, իմ գերնպատակը սերիալում խաղալը չի եղել, ավելի շատ ուզում եմ թատրոնում խաղալ: Շատ ե սիրում թատրոնը, երբ գնում եմ ներկայացում դիտելու, հուզվում եմ՝ անկախ նրանից՝ հուզի՞չ է, թե՞ ոչ:

-Իսկ ինչպե՞ս Բրյուսովի ուսանողուհին գտավ հեռուստատեսություն հասնելու ճանապարհը:

-Տարիներ առաջ մասսայական  տեսարաններում էի նկարահանվում, ինձ հետաքրքիր էր այդ ամենին նույնիսկ կողքից հետևելը: Մի երկու անգամ ռեժիսորներն ինձ նկատեցին, հրավիրեցին քասթինգի: Տեքստս հավանում էին, բայց ասում էին՝ կրթություն է պետք, հուսախաբ եղած գնում էի տուն: Մի օր Վահե Սայանը հրավիրեց, ասաց, որ «Երանի» սերիալում շարունակական դեր կա, փորձենք: Նկարահանվեցի, սակայն դրանից հետո սկսեցի քասթինգների չգնալ, քանի որ էկրանից ինձ տեսնելով, քաշս ինձ խանգարում էր: «Շանթից» մի քանի անգամ կանչել էին քասթինգի, չէի գնացել: Երբ հրավիրեցին «Էլենի օրագրի» համար անցկացվող քասթինգին, մտածեցի՝ արդեն ամոթ է, գնամ ու ստացվեց այս կերպարը:

-Երբեմն, շրջապատող մարդիկ անողոք են: Ամենամոտ մարդիկ կարող են ձևավորել մեր ամենամեծ կոմպլեքսները: Հայրիկիդ օրինակն էլ է դա փաստում: Առհասարակ, շրջապատի կարծիքն ի՞նչ ազդեցություն է ունենում հոգեվիճակիդ վրա:

-Առհասարակ, շրջապատող մարդիկ քիչ ազդեցություն են ունենում ինձ վրա՝ անկախ նրանից՝ մո՞տ են, թե՞ ոչ: Եթե մի բան  ուզում եմ, կանեմ, եթե անգամ բոլորը դեմ լինեն:

Կարծում եմ՝ պապայիս ասածներից նեղվում էի, որովհետև ինքս էլ էի այդպես մտածում, երբ կողքից ասում են՝ պոռթկում ես:

Բնավորության մի գիծ ունեմ, երբ շատ են մի բանն ասում, անկախ ինձնից «ինադ» եմ ընկնում և հակառակն եմ անում: Իրականում, գուցե ուղղակի կոտրվում եմ: Իհարկե, սկսած մեկնաբանություններից, վերջացրած ծնողներիս կարծիքից, իրենց հետքը թողնում են ինձ վրա: Ես երազում էի դերասանուհի դառնալ, մամաս ասում էր՝ քեզ նույնիսկ ներս չեն թողնի Թատերական ինստիտուտից (արտասվում է, հեղ.): Մինչև հիմա հիշելիս սկսում եմ արտասվել…

-Շատ նուրբ բան նկատեցի. մայրդ չէր հավատում քո դերասանուհի դառնալու ցանկությանը, հայրդ մատնանշում էր ավելորդ քաշդ, ինչը քեզ ցավ էր պատճառում: Ընտանիքիդ անդամների հետ հարաբերություններդ խնդրահարո՞ւյց են: Չհասկացված լինելու խնդիր ունե՞ս:

-Բնականաբար, կա այդ հարցը: Ես տեսակով ահավոր փակ եմ: Որքան ցույց եմ տալիս էմոցիաներս, հազարապատիկը ներսումս է: Ընտանիքիս անդամների հետ վեճեր լինում շատ են: Միշտ մտածել եմ, որ ծնողներս երբեք չեն հասկացել ինձ:

Մամաս միշտ ինձ պատկերացրել է որպես գրասենյակային աշխատող՝ կիրթ աղջկա կերպարի մեջ, բայց ես արվեստ եմ սիրել: Պապաս արվեստագետ է՝ նկարիչ-քանդակագործ, մտածում էի՝ այդ հարցում նա ինձ ավելի շատ կհասկանա: Իրականում այդպես էլ կա:

Վեճեր շատ են լինում, մտածում եմ՝ ինձ չհասկացան, բայց դա չի ազդում մեր հարաբերությունների վրա:

-Ուրիշ ի՞նչի շուրջ եք վիճում:

-Միայն աշխատանքիս թեմայով: Հիմա իրենք լավ են վերաբերում նրան, ինչով զբաղվում եմ, սակայն չեն պատկերացնում, որ դրանով պետք է գումար վաստակեմ, դա պետք է լինի իմ հիմնական  աշխատանքը:

-Ասում ես՝ վեճերը չեն ազդում հարաբերությունների վրա, բայց երբ գլխումդ պտտվում է միտքը, որ ծնողներդ քեզ չեն հասկանում, մյուս հարցերը մեխանիկորեն սկսում ես չքննարկել նրանց հետո: Գուցե, այդ ամենի արդյունքո՞ւմ ես դարձել ավելի փակ:

-Ես արդեն սովորել եմ իմ այս տեսակին: Երբեմն չեմ էլ ասում, որ պատրաստվում եմ այսինչ բանն անել: Ծնողներս չեն իմանում, որ ես նման հարցեր եմ լուծել: Կարծում եմ՝ դա իրենցից չի եկել, ես մանկուց այդպես եմ մեծացել. խորհուրդներ հարցնել և տալ չեմ սիրում: Միշտ մտածել եմ, որ ավելի լավ է անեմ  այն, ինչ ես եմ ուզում, որպեսզի սխալվելիս ոչ ոքի չմեղադրեմ:

-Ամենափակ մարդիկ, այնուամենայնիվ, ունենում են կիսվելու կարիք, այլ հարց է, որ քիչ են գտնում մարդկանց, որոնց հետ կարող են իրենց թույլ տալ բաց լինել: Բաց լինելու տեղեր ունե՞ս:

-Ինձ մոտ էլ այդպես լինում: Եթե կան մարդիկ, որոնց հետ կիսվում եմ, միևնույն է, մինչև վերջ չեմ բացվում, մեկի հետ մի թեմայով եմ կիսվում, մյուսի հետ՝ այլ ու դիստանցիայով…

-Ինչի՞ց ես վախենում:

-Ոչնչից:

-Մարդկանցից միշտ տարածություն պահելը վախի դրսևորում է, հոգեբանորեն դու տարածություն ես պահում քո վախերից՝ ցավ ապրելուց, ընկալելի չլինելուց, այլ խնդիրներից… վախերը տարբեր կարող են լինել, բայց դրանք են սահմանում քո տարածությունը:

– Չեմ խորացել այդ հարցի շուրջ: Երևի, չհասկացված  լինելուց եմ վախենում: Թեև ժամանակի հետ սկսել եմ  դրանից էլ շատ չվախենալ: Անկեղծ ասած՝ կուզեի այլ տեսակի լինել, ավելի բաց, բայց արդեն սովորել եմ սրան ու տարիքի հետ ավելի է խորանում դա:

Երբ իմ խնդիրներով կիսվում եմ մեկի հետ, մտածում եմ՝ ծանրաբեռնում եմ իրեն: Ես սիրում եմ պոզիտիվ մթնոլորտում լինել, իսկ բացասականի մասին խոսելիս աուրան փոխվում է: Սակայն կայքումս մի պահ կար, երբ արդեն տրաքում էի, որ ոքի ոչինչ չէի պատմում խնդիրներիս մասին:

-Ի՞նչ շրջան էր դա:

-Չեմ սիրում խոսել այդ մասին, բայց… (հուզվում է, հեղ.): Չեմ սիրում հուզվել այլ մարդկանց ներկայությամբ…

Մի շրջան կար, երբ ամեն ինչ լցվեց ինձ վրա. արդեն երկուսուկես տարի սովորում էի Բրյուսվում: Գնում էի ինստիտուտ ու դասի չէի նստում: Ես այլ  տեղ չէի գնում, վատ բան չէի անում, ուղղակի չէի ուզում դասի նստել: Լիկվիդներ ունեի, իտալերենն էլ նոր էի սովորում, չէի հասցնում: Ընտանիքիս անդամները չգիտեին, որ ես նման խնդիրներ ունեմ, շատ լարված էի:

Մի օր մամայիս լացի ձայնից արթնացա, զանգել, ասել էին, որ Լևոն պապիկս է մահացել: Դա մեզ համար շատ անսպասելի հարված էր, որովհետև նա առողջ էր: Պապիկիս շատ-շատ էի  սիրում, բայց քանի որ շատ փակ եմ, երբեք չեմ գնում ընտանիքիս անդամներին գրկում, ասում, որ սիրում եմ: Ես ինքս ինձ չէի կարողանում ներել, այնքան մեղավոր էի զգում, որ սեր չեմ տվել իրեն, թեև շատ էի սիրում:

Դեպրեսիայի մեջ ընկա, ավելի շատ դասեր բաց թողեցի, ավելի վատ վիճակ ստեղծվեց, դուրս մնալու եզրին էի, տնեցիներն իմացան… Ուզում էինք փոխել անգլիական բաժին, չփոխեցին: Գործերս վերցրինք, տարբերություն հանձնեցի ու Ռուսական տուրիզմի ակադեմիա ընդունվեցի: Նախորդ տարի վերջապես ավարտեցի:

-Պապիկիդ մահն ազդակ չդարձա՞վ, որ մտերիմներիդ հետ հարաբերութուններդ վերանայես:

-Հիմա մի քիչ ուրիշ ձև եմ, բայց էլի մամայիս, պապայիս, տատիկիս, չեմ գրկում, ասում, որ սիրում եմ: Չեմ ուզում այդ մասին մտածել, բայց երբ պահը գա, էլի ինձ մեղադրելու եմ, ուղղակի չեմ կարողանում այլ կերպ:

-Տանը մեկուսացա՞ծ ես:

-Հիմնականում հա: Մամաս շատ է բողոքում, որ երբ տանն եմ, իմ սենյակում եմ, իր հետ չեմ խոսում: Ես իրենց հետ խնդիր չունեմ, ուղղակի այդպիսին եմ: Երբ տանն եմ, անկողնուս մեջ եմ, գիրք եմ կարդում, հեռախոսիս մեջ եմ…

-Դա նաև սովորության ուժի հարց է: Չե՞ս կարծում, որ, երբեմն, պետք է ճիգ  գործադրել փոփոխություն գնալու համար:

-Շատ-շատ եմ փորձել: Չեմ ուզում ասել՝ չեմ կարող, ուղղակի չի ստացվում: Միաժամանակ ես նաև ակտիվ եմ տանը: Պապաս ասում է, եթե Իրինայի ձայնը տունը չկա, կարծես, դատարկ լինի, եղբայրս էլ ասում է՝ շատ ես խոսում: Իրականում շփվում եմ, եթե, իհարկե, սենյակիցս դուրս եմ գալիս:)

-Լիկվիդներդ, ուսմանս լուրջ չվերաբերելը «վրե՞ժ» էր ծնողներիցդ:

-Հնարավոր է, բայց ես դա չէի անում ծնողներիս ինչ-որ բան ապացուցելու համար: Գիտակցաբար վրեժ չէի լուծում, բայց այդպես ստացվեց: Ուղղակի ինձ հաճելի չէր նստել դասին, չէի կարողանում նստել: Իրականում շատ վատ բան եմ արել, ծնողներս քիչ գումար չեն ծախսել իմ պարապմունքների, վարձի համար:

-Երբ հարցազրույց էինք անում Եգիպտոսում հանգստիդ մասին, հարցրեցի՝ ի՞նքդ ես ֆինանսավորել հանգիստդ, պատասխանդ կտրուկ էր՝ ոչինչ չեմ անում ընտանիքիս հաշվին: Կարելի է ասել, դու էլ իրենց սպասելիքները չես արդարացրել: Խնդիր ունե՞ս ապացուցելու, որ քո աշխատանքով կարող ես քեզ ապահովել, ֆինանսապես անկախ ես:

-Հնարավոր է՝ այո, բայց նաև ես կարծում եմ, որ 24 տարեկան եմ, և ամոթ է, որ ծնողներիցս գումար ուզեմ տանից դուրս գալու, առավել ևս՝ ճամփորդելու համար: Լինում են դեպքեր, երբ գումար չեմ ունենում, այդ ժամանակ ուղղակի տանից դուրս չեմ գալիս:

-Իսկ դու օգնո՞ւմ ես ընտանիքիդ:

-Չէ: Մամաս կեսկատակ ասում է, որ լույսի և ջրի վարձը ես եմ տալու, ամբողջ օրը ես եմ լողանում ու մազ ֆենում, բայց ես օգնում եմ այնքանով, որ ինքս ինձ եմ պահում:)

-Հիմա չես նկարահանվում: Իհարկե, ինստագրամյան գովազդներով գումար վաստակում ես, բայց դա կայուն եկամուտ չէ: Արդյոք դա հեղհեղուկ չի դարձնում կայունությունդ:

-Դարձնում է, բայց ոչ այն աստիճան, որ համարեմ, որ բացարձակ կայացած չեմ: Ես հիմա չեմ նկարահանվում, բայց ինստագրամյան գովազդի գներն այնքան բարձր են, որ կարողանում եմ մի գովազդով գոնե մեկ ամիս ապրել:

-Որքա՞ն գումար է քեզ պետք 1 ամիս ապրելու համար:)

-Չեմ ասի:)

-Առհասարակ, շա՞տ ես ծախսում:

-Շատ-շատ, բայց  չեմ հասկանում՝ ինչի համար: Ես սիրում եմ շոփինգ անել, բայց ամեն գումար ստանալուց պարտադիր չեմ գնում խանութներ: Երևի, գումարիս մեծ մասը տաքսիների համար եմ ծախսում, դրա համար միշտ ասում եմ, որ պետք է մեքենա գնեմ:

-Հայտնիներից շատերը խուսափում են օգտվել հասարակական տրանսպորտից, բայց այնքան գումար էլ չեն վաստակում, որ միայն տաքսիներից օգտվեն: Դու օգտվո՞ւմ ես երթուղայիններից:

-Այո եմ և չեմ կոմպլեքսավորվում: Ինձ դուր չի գալիս միայն այն, երբ նկատում եմ, որ ինձ թաքուն նկարում են: Դա ինձ շատ է նյարդայնացնում՝ անկախ նրանից երթուղայինի մե՞ջ եմ, թե՞ փողոցում: Դրանից հետո սկսել եմ մի քիչ խուսափել երթուղայիններից, բայց այնպես չէ, որ ես մեգաաստղ եմ, կտրականապես հրաժարվել եմ հասարակական տրանսպորտից: Եթե մեքենա ունենամ, ավելի լավ, բայց դեռ չունեմ, ինչու չօգտվեմ, եթե կարող եմ ավելի քիչ վճարել քաղաքի մի կետից մյուսը հասնելու համար: Տաքսիներից ավելի հաճախ եմ օգտվում ժամանակի սղության առումով: Թեև հիմա չեմ նկարահանվում, ինձ համար միշտ զբաղմունքներ գտնում եմ և առօրյաս հագեցած է:

-Մեր նախնական զրույցում ասացիր, որ ոչնչի համար չես ափսոսում: Իսկապե՞ս հնարավոր է այդպես:

-Իրոք, ոչնչի համար չեմ ափսոսում: Եթե մի բան եղել է, ուրեմն քեզ պետք է: Երբ հետ եմ նայում, կան բաներ, որոնք կուզեի այլ կերպ լինեին, բայց չեմ ափսոսում, որովհետև այս պահին դրանց շնորհիվ եմ այսպիսին: Տարօրինակ է, բայց սիրում եմ սխալվել: Դրանք են օգնում ուղղումներ անել:

-Ամենամեծ սխալիդ ուղղումը ո՞րն է եղել:

-Նորից եկա համալսարանական թեմաներին: Սխալ եմ համարում, որ հարմարվեցի ծնողներիս մտքի հետ: Հնարավոր է՝ շատ պայքարեի, այլ կերպ լիներ, բայց չեմ համարում, որ ուղղել եմ այդ սխալը, նույնիսկ նկարահանվելուց հետո: Դա ուղղում չեմ համարում, որովհետև իրենք էլ գիտեին, որ, միևնույն է, խաղալու եմ, սխալս ուղղած կհամարեի, եթե, այնուամենայնիվ, գնացած լինեի Թատերական:

-Ինքդ քո հանդեպ շա՞տ պահանջկոտ ես:

-Հա, իմ ամենամեծ քննադատը ես եմ:

-Ուրիշների հանդե՞պ էլ:

-Չէ, շատ բան չեմ պահանջում:

-Վստա՞հ ես:)

-Ես ուղղակի ուզում եմ ինձ վերաբերեն այնպես, ինչպես ես եմ վերաբերում մարդկանց: Եթե կամակորություններ եմ անում, դա ինձնից  չի գալիս, չեմ ուզում ինձ իդեալական դարձնել, բայց իրոք դիմացինից է գալիս, որ ես սկսում եմ կամակորություն անել: Բնականաբար, ես էլ եմ սխալներ անում և չեմ նկատում: Սակայն կողքիս մարդկանցից շատ բան չեմ պահանջում:

Աղբյուրը՝ Tert.am Life