Միհրան-Արփի, Գրիգ-Սոնա զույգերի պայքարն ու հումորները «Երգիր, թե կարող ես» նախագծում

«Երգիր, թե կարող ես» նախագծի նոր եթերաշրջանը շուտով կլինի «Արմենիա TV»-ի եթերում: Նախագծի նկարահանումներն արդեն մեկնարկել են: Tert.am Life-ը եղել է նկարահանման հրապարակում և ներկայացնում է բեքսթեյջն ու հետաքրքիր մանրամասները: Այս անգամ տաղավարում ընտանեկան «պայքար» էր, որի կողմերում Միհրան-Արփի, Գրիգ-Սոնա զույգերն էին:

Միհրանն ու Արփին երգիչ են, Գրիգն ու Սոնան՝ դերասան և պարուհի, սա էլ բավական չէ, Միհրանն ու Արփին նախագծի փորձառու մասնակիցներն են, Գրիգն ու Սոնան առաջին անգամ են հյուրընկալվում «Երգիր, թե կարող ես»-ին. այս համատեքստում պայքարն անհավասա՞ր էր, թե՞ ոչ, կերևա եթերում, հստակ է այն, որ նկարահանումներն անցան ուրախ մթնոլորտում:

Միհրանն ու Արփին վստահ են՝ պայքարն անհավասար չի լինի, քանի որ խաղն ավելի շատ հիմնված է արագ կողմնորոշվելու ունակության վրա:

«Էստեղ կապ չունի՝ երգի՞չ ես, թե՝ ոչ: Վայրկյանների ընթացքում կարող է մյուսն ավելի արագ գուշակել, ըստ դրա, կուտակվեն բալերդ: Եթե բալային համակարգիցդ բալ չիջավ, կհաղթես:) Մենք չենք եկել հաղթելու»,- խաղից առաջ ասաց Միհրանն ու հավելեց, որ նախորդ անգամ էլ իրեն դուր էր եկել մասնակցել խաղին, այն լավ տրամադրություն էր հաղորդում:

Արփին նկատեց, որ խաղը և՛ շատ էներգիա է տալիս, և՛ խլում է բավականին էներգիա, բայց հաճելի է: Նա էլ նկատեց, որ իրենց մասնագիտությունը դեռ հաղթաթուղթ չէ այս նախագծում. «Սա Էստեղ լավ երգչին չեն ծափահարում, հաղթում է նա, ով ուշադիր է, երգի բառերը հիշում է: Արագ ու ճիշտ  կողմնորոշվելու խաղ է»:

Գրիգն ու Սոնան երգիչների դեմ պայքարին հումորով արձագանքեցին: «Ես էս մրցակցությունը նմանեցնում եմ Հայաստանի հավաքականի խաղերին, երբ դու ֆուտբոլիստ չես ու պիտի խաղաս ֆուտբոլիստների դեմ: Ինձ թվում է՝ մեր հավաքականի նման կխաղանք՝ ստացվի՞, ստացվի, չէ՞, կարևորը մենք ունենք ծիրան, Սևան ու շատ հին երկիր ենք»,- իրեն բնորոշ հումորով ասաց Գրիգը, Սոնան էլ հավելեց, որ ինքը պատրաստվում է պարել մյուսների երգի ներքո: Գրիգը կատակեց, որ ինքը պարել էլ չի կարողանում:

«Եկել ենք տժժանք, գնանք»,- ասաց Սոնան ու նկատեց, որ ասում են՝ ինքը լավ է երգում, Գրիգն էլ կատակեց. «Իսկ ես լավ լսում եմ:)»: Ինչ վերաբերում է, այնուամենայնիվ, երգելու փորձ ունենալու և տեսահոլովակ թողարկելու մասին Գրիգը կատակեց. «Հայաստանում բոլորն էլ  փորձում են երգել:) Տեսահոլովակս մի քանի միլիոն դիտում ունի, չգիտեմ՝ լսե՞լ են, թե՞ միայն  նայել են»:

Նախագծի հաղորդավարը՝ Վաչե Թովմասյանը ասաց, որ նոր եթերաշրջանում հեռուստադիտողները հետաքրքիր նոր խաղեր կտեսնեն: «Լինելու են նոր փուլեր: Թեև ես սցենարական մասում ներգրավված չեմ, բայց հետաքրքիր նոր փուլեր են մտածվել, հին սիրված փուլերը թարմացվել են: Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում հյուրերի  սիրվածության աստիճանին: Կան հյուրեր, որոնք մեզ մոտ եղել են նախորդ եթերաշրջաններում, սակայն մենք համարել ենք, որ նրանց ներուժը թույլ է տալիս ևս մի անգամ մասնակցել: Օրինակ, Միհրանն ու Արփին»,- ասաց նա:

Հարցին՝ եթերաշրջան առ եթերաշրջան որքանո՞վ է բարդանում իր գործը՝ նորովի ներկայանալու, չձանձրանալու, չձանձրացնելու իմաստով, հաղորդավարը պատասխանեց. «Ցանկացած  արտիստ, լինելով նույն բանի մեջ, փորձում է նորովի ներկայանալ: Մյուս կողմից ընդամենը երրորդ եթերաշրջանն է, որ եթերում ենք: Հաղորդման ընթացքը կախված է և՛ հյուրերից, և՛ երգերից, և՛ տրամադրությունից, ինչի արդյունքում հաճախ այդ խնդիրը չի առաջանում: Ամեն խաղ, եթերաշրջան ինքն իրենով տարբերվում է մյուսներից: Ես պետք է ապահովեմ այն հարթակը, որտեղ կստեղծվի համապատասխան էներգիան, տրամադրությունը: Իմ գործն այս նախագիծը պոզիտիվ վարելն ու գումարը վերցնելն է, ինչն ինձ մոտ շատ լավ է ստացվում, հատկապես, երկրորդ հատվածը:)»:

Աղբյուրը՝ Tert.am Life