Ե՞րբ և որտե՞ղ կկայանա «Ազգային երգիչ» նախագծի համերգը. մանրամասներ

Նոր մատուցմամբ ու կենդանի հնչողությամբ ժողովրդական երգեր, արդեն հայտնի ու սիրված դեմքեր, շքեղ ու լուսավոր համերգասրահ. մարտի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի մասնակիցների համերգը:

Ինչպես SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նախագծի պրոդյուսեր Աննա Թադևոսյանը, երգիչները բեմում մենակ չեն լինելու. նրանց հետ հանդես կգան նաև «Մեծ փոքրիկներ» նախագծի ամենատաղանդավոր փոքրիկները:

Աննա Թադևոսյանի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են. այս պահին հստակեցվում է վերջնական երգացանկը, որից հետո էլ կսկսեն փորձերը:«Մի բան է հեռուստատեսությամբ հետևել նախագծին, մեկ այլ բան՝ կենդանի հնչողությամբ վայելել ազգային երգերը: Այն էներգետիկան, մթնոլորտը, որը լինում է համերգասրահում, անկասկած, շատ ավելի տպավորիչ է: Մարդիկ, որոնք ամիսներ շարունակ դիտել են նախագիծը, քվեարկել են մասնակիցների օգտին, նրանց հետ կիսել են իրենց զգացողությունները, կարող են գալ ու վայելել իրենց քվեարկության արդյունքները, կենդանի հնչողությամբ լսել իրենց սիրելի երգիչների կատարումները»,- ասում է նախագծի պրոդյուսերը:

Թեպետ համերգի մասին հոլովակը դեռ մի քանի օր է, ինչ «Շանթ» հեռուստաընկերության եթերում է, բայց, պրոդյուսերի խոսքով, հանդիսատեսի կողմից համերգի նկատմամբ հետաքրքրությունը միշտ է եղել.

«Մեզ անդադար զանգում ու հարցնում էին՝ համերգ լինելո՞ւ է, թե՞ ոչ, ե՞րբ է լինելու, որտե՞ղ: Շատ պատասխանատու է Մարզահամերգային համալիրի դահլիճում համերգ ունենալը: Լսարանի  հետաքրքրությունն իսկապես շատ մեծ է, դրանով էլ պայմանավորված ընտրել ենք մեծ համերգասրահ, որպեսզի կարողանան ներկա գտնվել բոլոր ցանկացողները:

Թեև համերգի տոմսերը վաճառքի են հանվել ընդամենը մեկ օր առաջ, բայց սպառվում են մեծ արագությամբ, այնպես որ ցանկացողները պետք է շտապեն, որպեսզի հասցնեն տոմսեր ձեռք բերել»:

Հարցին, թե արդյոք համերգային ծրագրերը միայն այս մեկով կսահմանափակվեն, Աննան նշում է՝ համերգներ նախատեսված են ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլև արտերկրում.

«Դեռ հստակ չէ, թե երբ և ինչ կազմով, բայց, հավանաբար, կունենանք համերգներ Միացյալ Նահանգներում և Ռուսաստանում. ամեն դեպքում, այս պահին կենտրոնացած ենք մարտի 20-ին կայանալիք համերգի կայացման աշխատանքների վրա»:

Աղբյուրը՝ shantnews.am