«Հարս չկա». այսպես է կոչվում պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հումորային նոր նախագիծը, որն «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի մարտի 9-ից: Նախագծի առաջին մանրամասները Մենչը վստահել է Tert.am Life-ին և հայտնել, որ նկարահանումները կսկսվեն մի քանի օրից:
«Պատմությունը մի շատ հարուստ երիտասարդի մասին է, որը ծնվել և ապրել է ԱՄՆ-ում, սակայն որոշում է իր հարսնացուին գտնել Հայաստանում և այդ նպատակով ժամանում է հայրենիք»,- ասաց Մենչն ու հավելեց, որ այդ երիտասարդին մարմնավորում է դերասան Բեն Ավետիսյանը:
Նախագծում խաղում են Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Աղաս Մանուկյանը, Գրիգոր Դանիելյանը, Լևոն Հարությունյանը, Էլեն Ասատրյանը և այլք:
Պրոդյուսերը հայտնեց, որ հումորային ֆիլմը բաղկացած է 24 մասից: «Առայժմ նախագիծը նախատեսված է 1 եթերաշրջանի համար, սակայն երկրորդ եթերաշրջանի հնարավոր գործողությունները ևս արդեն մտածել ենք»,- ասաց նա:
Գարնանային եթերաշրջանում էկրանին չի լինի «Ֆուլ Yere1» նախագիծը: Ավելի վաղ պրոդյուսերը Tert.am Life-ին ասել էր, որ սա էքսպերիմենտալ նախագիծ է, ինքն էլ չգիտի՝ ինչ տևողություն կունենա: Հարցին՝ ինչո՞ւ որոշեցին երկրորդ եթերաշրջան չունենալ, նախագիծը չհաջողե՞ց, Մենչը պատասխանեց. «Հաջողեց: Այն չշարունակելը եղել է բացառապես իմ որոշումը, քանի որ ուզում էի նոր նախագիծ սկսել»:
Նախագծի նկարահանումները կկայանան Երևանում: Այս շրջանում Արմենը շարունակում է լինել ԱՄՆ-ում, սակայն վստահեցրեց, որ շուտով կլինի Հայաստանում: «Այս պահին դեռ ԱՄՆ-ում եմ, սակայն շուտով ժամանելու եմ Հայաստան և ոչ միայն նախագծի համար»,- ասաց նա:
Աղբյուրը՝ Tert.am Life