Armlur.am-ը գրում է․ Արդեն մի քանի օր է՝ համացանցում ակտիվորեն քննարկվում է պարուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Սոֆի Դեւոյանի փոփոխված արտաքինը:
Մտերիմների հրապարակած լուսանկարներում տիկին Դեւոյանն այնքան ուրիշ է, որ շատերը շտապել են ենթադրել, թե նա դիմել է պլաստիկ վիրահատությունների՝ փոքրացրել է քիթը, ձգել մաշկը:
Ոմանք նույնիսկ ափսոսանք են հայտնել, որ երբեմնի շքեղ կինը կորցրել է իր բնական գրավչությունն ու փայլը:
Այնինչ տիկին Դեւոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ երբեւէ պլաստիկ վիրահատությունների չի դիմել.
«Դա այնպիսի բան է, որ թաքցնել պարզապես հնարավոր չէ. եթե պլաստիկ միջամտություններ արած լինեի, վստահ եղեք՝ ամբողջ քաղաքը կիմանար այդ մասին եւ ես չէի կարող հերքել, բայց ես անկեղծ կլինեմ՝ վախենում եմ նման միջամտություններից:
Ինձ խորհուրդ են տվել վիրահատել կոպերս, բայց, չնայած ցանկություն ունեմ, վախենում եմ դիմել այդ քայլին»,-մեկնաբանեց պարուհին:
Նրա խոսքով՝ աղմուկ է բարձրացել, քանի որ ինքը փոխել է սանրվածքը, հանդես է եկել վառ դիմահարդարմամբ, որը, գուցե, շատերի համար անսովոր է եղել:
Տիկին Դեւոյանը հավելեց, որ լրջորեն զբաղվում է իր մաշկի խնամքով, հաճախ դնում է դիմակներ եւ այն կարծիքին է, որ կինը միշտ պետք է խնամված տեսք ունենա.
«Հաճախ են հարցնում՝ ինչպես է ինձ հաջողվել պահպանել երիտասարդ տեսքս, գեղեցկությունս, ինչպես է պատահել, որ տարիներն անցել են իմ կողքով: Պատասխանը մեկն է՝ հարկավոր է ապրել սիրո եւ բարության մեջ:
Երբ մարդու հոգին երիտասարդ է , սիրտը՝ ուրախ, այդ ամենն անմիջականորեն անդրադառնում է նաեւ նրա արտաքինի վրա»,-եզրափակեց տիկին Դեւոյանը:
Նշենք, որ նախորդ տարին պարուհու համար հոբելյանական էր. «Հոգու եւ պարի թատրոնի» հիմնադիրը նշեց իր 70-րդ տարեդարձը:
Նա արդեն 55 տարի է՝ բեմում է: