«Իմ անձնական կյանքում էլ այդպես է՝ աղջիկները, որոնց հետ շփվում եմ, ինձանից մեծ են»․ Ստեփան Հովհաննիսյանը՝ «Դասարանցիները» նոր ֆիլմի ու իր կերպարի մասին

Պատանի դերասան Ստեփան Հովհաննիսյանը նկարահանվել է Տիգրան Նալչաջյանի «Դասարանցիները» նոր գեղարվեստական ֆիլմում։ 14-ամյա Ստեփանն իր դերի, համագործակցության և նկարահանման հրապարակում ունեցած փոքրիկ բարդության մասին պատմել է Tert.am Life-ին:

Ստեփանը երկրորդ անգամ է նկարահանվում գեղարվեստական ֆիլմում։ Առաջինը «Մեր երազանքի ճանապարհն» էր։ Գեղարվեստական ֆիլմում հանդես գալու առաջարկը Ստեփանը ստացել է Տիգրան Նալչաջյանից․ «Մոտ 8 տարի է, ինչ Տիգրան Նալչաջյանի մոտ եմ սովորում, առաջարկն անակնկալ չէր։ Համագործակցությունը շատ հետաքրքիր ու հեշտ ստացվեց, Տիգրանի հետ նախկինում էլ ենք  նկարահանվել։ Ֆիլմի սցենարի հետաքրքիր ձևով ծանոթացանք. ստեղծագործական ամբողջ կազմով հավաքվեցինք, բոլորով ծանոթացանք սյուժեին, մեր կերպարներին։ Առաջին անգամ էր, որ  ամբողջ կազմով էինք կարդում սցենարը, շատ հետաքրքիր էր»։

Դերասանն ուրախությամբ նկատեց, որ մինչև այսօր բաժին հասած բոլոր կերպարները նման են իրեն, դերի մեջ մտնելու, բնական լինելու խնդիր չի ունենում։

«Իմ հերոսներն այնպիսին են, ինչպիսին սովորաբար ես եմ լինում իրականում՝ բնավորությամբ, պահվածքով, մտածելակերպով։ Այստեղ իմ կերպարը սովորում է ցածր դասարանում, բայց սիրահարված է իրենից մեծ՝ 11-րդ դասարանում սովորող մի աղջկա։ Ամեն ինչ անում է, որպեսզի այդ աղջիկն էլ իրեն հավանի, սակայն ոչինչ չի ստացվում։ Իրականում էլ իմ անձնական կյանքում այդպես է՝ բոլոր աղջիկները, որոնց հետ շփվում եմ, ինձանից տարիքով մեծ են»,- ասաց դերասանը։

Ստեփանն իր կերպարը հավանում է, բացառությամբ բնավորության մի գիծը․ «Ինձ դուր չի գալիս, որ նա աղջկա հետևից է ընկնում։ Ես նման բաներ չեմ սիրում, չեմ անում, իմ կերպարն այդ առումով մի քիչ չափն անցնում է։ Բայց դա էլ հենց կերպարս հումորոային է դարձնում։ Իրական կյանքում դա մարդու բնավորության հետ է կապված։ Մյուս բոլոր առումներով ես իմ կերպարին շատ եմ սիրում»։

Ֆիլմի ժանրի մասին խոսելիս Ստեփանն ասաց․ «Այնպես չէ, որ սա միայն կատակերգություն է, ու մարդիկ  սկզբից մինչև վերջ ծիծաղելու են, այն նաև դաստիարակչական բնույթ ունի։ Հումորային, թեթև ծիծաղելի պահեր կան, սակայն ավելի շատ սովորեցնող է։ Հիմնականում հումորային են իմ ու այդ աղջկա հարաբերությունները, նրա ուշադրությունը գրավելու իմ փորձերը, երկխոսությունները։ Ընդհանուր առմամբ՝ դիտողը պետք է ուշադիր լինի, հասկանա դասարանի պատմությունը, տեսնի, թե որքան լավ է, երբ մարդիկ կարողանում են ընկերություն անել»։

Ստեփանը նկատեց, որ կա մի բարդություն, որը հաղթահարել առայժմ չի կարողանում․ «Բարեբախտաբար, տեքստ հիշելու հետ կապված խնդիր չունեմ, բավականին հեշտ եմ սովորում, սակայն նկարահանման հրապարակում շատ խոսելն ինձ իսկապես խանգարում է, ոչ միայն ինձ, այլև բոլորին, սակայն երբ իմ տեսարանը չենք նկարահանում, սկսում եմ ակտիվ շփվել, խոսել, ինչը խանգարում է»։

Աղբյուրը՝ Tert.am Life