Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը տասնամյակի լավագույն արտիստն է ճանաչվել Միացյալ Թագավորությունում: Այդ մասին ասված է The Official Charts Company երաժշտական կազմակերպության մամուլի տեղեկագրում, որը դեկտեմբերի 11-ին հրապարակվել է նրա կայքում։
Երգիչը Official Chart Record Breaker Award հատուկ մրցանակին է արժանացել որպես Մեծ Բրիտանիայի ամենահաջողակ երաժիշտ: Մասնավորապես, նրա սինգլները 79 շաբաթ առաջին հորիզոնականներն են զբաղեցրել երկրի պաշտոնական երաժշտական չարթերում: Բացի այդ, ինչպես նշվում է մամուլի տեղեկագրում, Շիրանի Of You կոմպոզիցիան վերջին տասնամյակի լավագույն երգն է ճանաչվել Մեծ Բրիտանիայում: «Շնորհակալություն բոլորին, ովքեր ինձ աջակցել են վերջին տասը տարվա ընթացքում,-ասել է Շիրանը The Official Charts Company-ին տված հարցազրույցում:-Հատկապես իմ ցնցող երկրպագուներին»:
Շիրանը պատմության մեջ Official Chart Record Breaker Award հեղինակավոր պարգեւի երրորդ դափնեկիրն է: Ավելի վաղ, մամուլի տեղեկագրի տվյալներով, այն ստացել են Ջասթին Բիբերը (որպես առաջին երգիչ, որը միաժամանակ բոլոր երեք առաջին դիրքերում է եղել պաշտոնական չարթերում) եւ Պոլ Մաքքարթնին (ամենամեծ թվով ալբոմների համար, որոնք առաջին տեղերն են զբաղեցրել Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում):
Էդ Շիրանն ամենահաջողակ արտիստներից մեկն է առեւտրային առումով: Նրա Plus դեբյուտային ալբոմը, որը թաղարկվել է 2011 թվականին, վաճառվել է 100 մլն օրինակով: Երկրորդ լիաֆորմատ ձայնագրությունը՝ Multiply-ը (2014 թ.), պլատինե կարգավիճակ է նվաճել ընդհանուր առմամբ 90 անգամ, իսկ ամբողջ աշխարհում վաճառվել է դրա 16 մլն օրինակ:
Շիրանի երրորդ սկավառակը, որը կրում է Divide անվանումը, թողարկվել է 2017 թվականին, ներկայում վաճառվել էդրա ավելի քան 15,5 մլն օրինակ: 2017 թվականի վերջին Շիրանը դարձել է Բրիտանական Կայսրության շքանշանի ասպետ այն ավանդի համար, որը նա ներդրել է երաժշտության ոլորտում եւ բարեգործության մեջ: Իր կարիերայի ընթացքում Շիրանը դարձել է Grammy մրցանակի քառակի դափնեկիր, ստացել է BRIT Awards-ի հինգ մրցանակ, Billboard Awards-ի վեց մրցանակ եւ այլ բազմաթիվ հեղինակավոր երաժշտական պարգեւներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: