Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանն այս տարվա ամենամեծ ձեռքբերումը համարում է Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտում սովերելը, թեև մի փոքր տխրում է, քանի որ նախատոնական շրջանում հեռու է ընտանիքից։
Tert.am Life-ը Սոֆիի հետ զրուցել է տոներին պատրաստվելու, իրականացրած նպատակների և սպասումների մասին։
Ամանորի հետ կապված պարուհու ծրագրերն առայժմ հստակ չեն, նրա խոսքով, հիմա քննական ծանրաբեռնված շրջանում է։ Սոֆին նշեց, որ Ամանորն իր ամենասիրելի տոներից է, որը համընկել է նաև իր տարեդարձի հետ՝ աղջիկը ծնվել է հունվարի 1-ին։ Պարուհին ժպիտով ավելացրեց, որ այս տոնին երկու նվեր է ակնկալում։
«Շատ եմ ուզում տոներին Երևան գալ, որովհետև սա առաջին տարին է, երբ նախատոնական շրջանում ընտանիքիցս հեռու եմ։ Այս տարի Երևանում շատ քիչ եմ եղել, ուզում եմ Ամանորին ընտանիքիս կողքին լինել։ Եթե ստացվի Հայաստան գալ, կլինի հենց Ամանորին, նախատոնական անցուդարձին չեմ կարողանա մասնակցել»,- ափսոսանքով ասաց Սոֆին։
Նվերների մասին մտածել Սոֆին դեռ չի հասցրել․ «Ամանորին ընդառաջ հայրիկս միշտ հարցնում է, թե ինչ եմ ուզում ստանալ։ Այս տարի դեռ չեմ որոշել՝ մի քիչ համեստ կգտնվեմ:) Չնայած գրեթե ամեն տարի ասում եմ՝ ինձ որևէ բան պետք չէ, նվիրեք այն, ինչ ուզում եք։ Հետաքրքիրն այն է, որ ընտանիքիս անդամները միշտ նվիրում են այն, ինչ ես հոգուս խորքում ուզում էի»։
Նա նշեց, որ երբեմն մի փոքր տխրում է, որ Երևանում չէ, չնայած Մոսկվայում ևս կարողանում է հետաքրքրություններ գտնել․ «Այստեղ շատ շուտ են սկսել Ամանորին պատրաստվել՝ ամենուրեք զարդարանքներ են, փողոցներում զգացվում է տոնական շունչը։ Երբ դուրս եմ գալիս, միանգամից զգում եմ Ամանորի տրամադրությունը և անմասն մնալ չեմ կարողանում։ Այնպիսի մթնոլորտ է, որ ակամա ուզում ես տոնական օրերը շուտ գան, տրամադրությունդ բարձրանում է»։
Այնուամենայնիվ, ըստ դերասանուհու, նոր բնակավայրին հարմարվելը հեշտ չի տրվում, առայժմ ամբողջությամբ չի հաղթահարել այդ փուլը․ «2019 թվականը նախորդ տարիներից շատ տարբեր ստացվեց։ Այստեղ՝ Մոսկվայում, ամեն ինչ այլ է, անգամ, դժվար է համեմատել, ուղղակի ուրիշ է։ Բնականաբար, Երևան չէ, որովհետև ընտանիքիցս, հարազատներիցս, ընկերներիցս հեռու եմ։ Հետաքրքրությունների հետ մեկտեղ, այստեղ մի փոքր տխուր է․ Երևանի համն ու ջերմությունն այստեղ չկա»։
Դերասանուհու խոսքով՝ մոսկովյան կյանքի հետ կապված շատ բան բացահայտել չի հասցրել, քանի որ քաղաքային զբոսանքներին բավականին ժամանակ տրամադրել չի կարողանում. «Իհարկե, փորձում եմ հնարավորինս շատ ճանաչել այն վայրը, որտեղ ապրում եմ, բայց դրան տրամադրում եմ այնքան ժամանակ, որքան գրաֆիկս է թույլ տալիս։ Ինչ-որ չափով հասցրել եմ մտնել մոսկովյան կյանքի ռիթմի մեջ։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի»։
Սոֆին նշեց, որ իր ամեն տարին բուռն է անցնում, լի նորություններով ու փոփոխություններով. «Տարվա ձեռքբերումս այն է, որ կարողացա ընդունվել Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտ (ГИТИС), որովհետև արտերկրում սովորելը, հատկապես, սեփական ուժերով ընդունվելը, կարծում եմ, շատ բարդ է։ Տարին լեցուն էր և շատ լավը, հույս ունեմ, որ հաջորդ տարին կլինի էլ ավելի լավը»։