Ելենա Արշակյանի նոր՝ «Սիրուն Սոնա» հեռուստասերիալի մասին թերթ-ը պատմել է իր ընթերցողներին և հայտնել, որ նկարահանումից մեկ օր առաջ ռեժիսորը որոշել է փոխել գլխավոր դերասանուհուն և ֆիլմ է հրավիրել դերասանուհի Շուշաննա Թովմասյանին:
Tert.am Life-ի հետ զրույցում Շուշաննան պատմել է Ելենայի հետ աշխատելու վաղեմի ցանկության, այլ դերասանուհու փոխարեն ներկայանալու անհարմարությանն և աշխատանքն ընտանեկան կյանքի հետ համատեղելու բարդության մասին:
«Սերիալում ներգրավվելն ինձ համար էլ շատ անսպասելի ստացվեց: Վերջին նախագծից հետո մոտ 1 տարի դադար եմ ունեցել, ինչը պետք էր ինձ: Միշտ ասում էի, որ կրկին կնկարահանվեմ լավ առաջարկ ունենալու դեպքում: Միշտ ցանկացել եմ աշխատել Ելենայի հետ, որովհետև մինչև օրս աշխատել եմ տղամարդ ռեժիսորների հետ, ինձ հետաքրքիր էր աշխատել կին ռեժիսորի հետ, հատկապես, որ կրթությամբ ռեժիսոր եմ: Սցենարիստ Անահիտ Մխիթարյանի գործոնը ևս կարևոր էր: Մենք նախկինում աշխատել ենք իրար հետ: Իրենց համատեղ աշխատանքները միշտ հետաքրքիր են եղել ինձ»,- ասաց Շուշաննան:
Բացառությամբ «Տնփեսա» սիթքոմի, որպես ռեժիսոր, Շուշաննան միշտ աշխատել է ամուսնու՝ Վահե Սայանի հետ: Հարցին, թե ինչպես ամուսինն արձագանքեց այլ ռեժիսորի հետ աշխատելու ցանկությանը, Շուշաննան պատասխանեց՝ շատ լավ:
«Թե՛ ես, թե՛ Վահեն ուզում էինք, որ աշխատեմ նաև այլ ռեժիսորի հետ: Պարտադիր պայման չի եղել, որ ես միայն իր նախագծերում աշխատեմ: Իհարկե, որոշում կայացնելուց առաջ իր հետ խոսել եմ, քանի որ ես այլևս միայնակ մարդ չեմ: Քանի որ Վահեն ներկա չէր իմ ու Ելենայի հանդիպմանը, առանց իր վերջնական խոսքի ոչինչ չեմ հաստատել: Վահեն ևս խոսել է Ելենայի հետ,- ասաց նա ու հավելեց, որ աշխատանքային հարցերում ամուսինն իրեն խորհուրդներ չի տալիս: -Ինձ շատ է դուր գալիս փաստը, որ Վահեն ինձ վստահում է: Ինքն ու Ելենան իրար հետ խոսել են, բայց շատ հարցեր քննարկել են ինձ հետ: Թեև Վահեն շատ ավելի երկար տարիների փորձ ունի, շատ հարցեր թողեց, որ ինձ հետ քննարկվեն, որպեսզի ես ինձ հարմարավետ զգամ»:
Սոնայի կերպարը հասկանալու և նրան ներկայացնելու համար Շուշաննան մեկ գիշեր է ունեցել: «Խոսակցության կեսից Ելենան ասաց, որ «ռեքը» հաջորդ օրն է: Բանակցություններն ավարտելուց հետո բավականին ուշ հասա տուն, սկսեցի կարդալ սցենարը: Ինձ շատ հետաքրքիր էր հասկանալ, թե կերպարիս ուր է գնում, մի քանի սերիա կարդացի, արդեն ժամը 4-ն էր, հասկացա, որ եթե քնեմ, դժվար եմ արթնանալու, ավելի լավ է չքնեմ: Տաք թեյ պատրաստեցի, կարդացի բոլոր սերիաներն ու առավոտյան թարմ տպավորություններով գնացի նկարահանման: Ամեն բան շատ լավ ստացվեց: Նկարահանման առաջին օրը շատ արագ անցավ, կարծես, արդեն հունի մեջ ընկած լինեինք, շատ արագ էինք հասկանում իրար: Դա բավականին ոգևորիչ էր»,- պատմեց Շուշաննան:
Շուշաննայի փոխարեն այս դերին մեկ այլ դերասանուհի էր պատրաստվել, նրան փոխարինելու որոշումը Ելենան կայացրել է վերջին օրը: Հարցին՝ դա բարդացնո՞ւմ էր առաջարկն ընդունելու իր որոշումը, Շուշաննան պատասխանեց. «Երբ այդ մասին իմացա, ինձ շատ անհարմար զգացի: Մի պահ մտածեցի, թե ինչ կզգայի, եթե ինձ հետ նման բան լիներ: Միաժամանակ, հասկացա, որ այս աշխատանքում հնարավոր են նման բաներ: Հաճախ նախագծի կեսից էլ է դերասան փոխվում: Ես Ելենային առաջարկեցի ինձ ուրիշ կերպար տալ, սակայն նա հստակ ասաց, որ ինքն է որոշում և, կոպիտ ասած, ես այդ հարցին չխառնվեմ, չանհանգստանամ: Ես պետք է միայն հասկանայի՝ արդյոք ուզում եմ նկարահանվել կամ կարող լուծել ինձ առաջադրված խնդիրը»:
Դերասանուհին, որը պետք է խաղար Սոնայի դերում, ներգրավված է ֆիլմում այլ դերով: Շուշաննան և նա ունեն համատեղ նկարահանումներ, թեև դեռ չեն հասցրել հանդիպել: «Մենք նախկինում ծանոթ չենք եղել, սակայն հեռուստատեսությամբ տեսել եմ իրեն: Տաղանդավոր դերասանուհի է և ուրախ եմ, որ իր դերն ունենալու է նախագծում, աշխատելու ենք միասին: Կարծում եմ, որպես հասակակից դերասանուհիներ, կփորձենք անել լավագույնը, առաջին հերթին պետք է մտածենք նախագծի մասին»,- ասաց նա:
Ամուսնությունից հետո Շուշաննան առաջին անգամ է աշխատում նման գրաֆիկով: Կենցաղային գործերն աշխատանքի հետ համատեղելը հեշտ չէ, սակայն Շուշաննան նշեց, որ ամուսինը ներողամիտ է:) «Ժամանակին ես ուղղակի զբաղվում էի իմ ուսմամբ, գործերով, գալիս էի տուն, որտեղ մայրիկս ինձ դիմավորում էր տաք ապուրով, ամեն բան շատ ավելի թեթև էր: Հիմա, երբ արդեն ընտանիք ունեմ, միայնակ ենք ապրում, կենցաղային հոգսի մեծ մասն իմ ուսերին է, հեշտ չէ: Առաջին օրերն էին ավելի բարդ, երբ չէի տիրապետում գրաֆիկիս, չհասցնելու խնդիր ունեի, հետո ամեն բան հեշտացավ: Վահեն էլ ինձ համար ավելորդ բարդություն չի ստեղծում: Քանի որ նա ևս ռեժիսոր է, գիտի այս աշխատանքի բարդությունները, տևողությունը և ներողամտորեն է վերաբերում իմ թերացումներին»,- ասաց Շուշաննան: