Interview Magazine հրատարակությունը հրապարակել է դերասաններ Բրեդ Փիթի եւ Էնթոնի Հոփքինսի զրույցը, որի ընթացքում նրանք եկել են այն եզրակացության, որ տարիքի հետ մարդիկ ավելի խոցելի են դառնում։
«Ես լաց չեմ եղել շուրջ 20 տարի, բայց այժմ ավելի հուզական եմ դարձել: Ինձ մտահոգում են երեխաները, ընկերները, նորությունները,- խոստովանել է դերասանը: -Կարծում եմ, որ դա լավ նշան է: Դրան Հոփքինսը, որը Փիթի հետ նկարահանվել է «Աշնան լեգենդները» (1994 թ.) եւ «Ծանոթացեք, Ջո Բլեք» (1998 թ.) ֆիլմերում, հավելել է, որ նման արցունքները, որպես կանոն, չեն թափվում տխրության պատճառով:
«Տարիքի հետ հայտնաբերում եք, որ երբեմն պարզապես ցանկանում եք լաց լինել: Պատճառը վիշտը չէ: Խոսքը կյանքի վեհության մասին է»,-մեկնաբանել է «Օսկար» մրցանակի դափնեկիրը: Դերասանները քննարկել են սխալները, որոնք կատարել են անցյալում: Բրեդ Փիթի կարծիքով՝ մարդկանց մասին պետք է դատել ոչ թե նկատի առնելով նրանց վրիպումները, այլ այն, թե ինչպես են նրանք դրանց արձագանքում: «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ բոլորը միմյանց չափազանց խիստ են դատում սխալների համար: Մենք դրան չափից ավելի մեծ նշանակություն ենք տալիս,-ընդգծել է Փիթը:-Բայց մենք միշտ ենք սխալվելու: Անհամեմատ ավելի կարեւոր է տեսնել, թե պատահածից հետո ինչ քայլ կանի մեղավորը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: