«Գուցե, անհարկի և անհարգալից վերաբերմունք եմ ցուցաբերել, ինչի համար զղջում եմ». Դավիթ Չախալյանը ներողություն է խնդրում «Շանթ»-ից

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է «Շանթ» հեռուստաընկերության և X Factor 4-ի մասնակից Դավիթ Չախալյանի միջև առաջացած խնդրի մասին. «Շանթ» հեռուստաընկերությունը դատի էր տվել  Դավիթ Չախալյանին՝ նախագծի շրջանակում կնքած պայմանագրի կետերը խախտելու համար։ Ավելի քան երկու տարի ձգված դատական գործընթացից հետո դատարանը բավարարել էր հեռուստաընկերության հայցը բոլոր կետերով և Դավիթ Չախալյանին տուգանել 12.5 մլն դրամի չափով։

Մեզ հետ զրույցում Դավիթն ասել էր, որ չի կարող և չի պատրաստվում վճարել տուգանքը: Դավթի հարցազրույցից հետո «Շանթ» հեռուստաընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր. ««Շանթ» հեռուստաընկերությունը, հավատարիմ մնալով գործարար պարկեշտության սկզբունքին, մինչև այսօր էլ պատրաստ է հրաժարվել Դավիթից որևէ տուգանք գանձելուց, եթե վերջինս ընդունի իր մեղքը և ներողություն խնդրի թույլ տված խախտումների համար»։

Օրերս Դավիթը դիմեց Tert.am Life-ի խմբագրություն՝ ցանկանալով կրկին անդրադառնալ թեմային ու ներողություն խնդրել հեռուստաընկերությունից։ 

Դեռ այն ժամանակ Արմավիր քաղաքում գտնվող Դավթի ընտանիքին պատկանող միակ բնակարանը կալանքի տակ էր, այժմ էլ այն շարունակում է կալանքի տակ մնալ: Դավթի խոսքով՝ այնտեղ ապրում են ինքը, մայրը,  83-ամյա տատիկն ու 84-ամյա պապիկը։ Երգիչը հայտնեց, որ տույժը դեռևս ուժի մեջ չի մտել:

«Կարծում եմ՝ պայմանագրի կետերը խախտելու նախապայմանները ստեղծվում են այն ժամանակ, երբ մասնակիցը ցանկանում է շարունակել իր երաժշտական գործունեությունը և չի խորանում կնքված պայմանագրի իրավական հետևանքների մեջ։ Իմ պարագայում ևս գործել է զգացմունքային պահը։ Պայմանագրի կետեր իմ կողմից, իրոք, խախտվել են։ Ես պարտավոր էի հետևելու X Factor-ի պայմանագրի կետերին՝ դատական անցանկալի իրավիճակում չհայտնվելու համար։ Հիմա ամբողջովին ընդունում եմ, որ խախտումներ եղել են։ Ստիպված եմ գնացել այդ քայլին, որովհետև տան միակ զավակն եմ՝ աշխատող ուժը, պետք է աշխատեի, որպեսզի օգնեի մայրիկիս, «Շանթ» հեռուստաընկերությանը վիրավորելու ոչ մի նպատակ չեմ ունեցել,- ասաց Դավիթն ու հավելեց,- Շուշանիկ Արևշատյանը, որպես իմ մարզիչ և ավագ ընկեր, ում մտահոգում էր իր սանի վիճակը, խորհուրդ էր տալիս զիջման գնալ և ներողություն խնդրել «Շանթ» հեռուստաընկերությունից՝ անցանկալի հետևանքներից զերծ մնալու համար։ «Շանթ» հեռուստաընկերության վերջերս տարածած հայտարարությունը՝ ինձ ներելու համար, հույսեր ծնեց իմ մեջ։ Հարգելի «Շանթ» հեռուստաընկերություն, գուցե, ժամանակին անհարկի և անհարգալից վերաբերմունք եմ ցուցաբերել Ձեր նկատմամբ, որի համար զղջում եմ։ Դուք ինձ հարթակ եք տվել, աշխատել եք ինձ հետ, օգնել իմ կայանալու ճանապարհին։ Խոնարհաբար ներողություն եմ խնդրում․ անգնահատելի է ինձ՝ X Factor-ի մասնակցին, և ՀՀ երիտասարդին ներելու Ձեր մարդասիրական քայլը։ Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը և երախտագիտությունը»։