Դերասանական փոփոխված կազմ և նոր լուծումներ. «Անավարտ երազը» նոր հեռուստասերիալը Շանթի եթերում

«Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Անավարտ երազ» 16 մասանոց նոր հեռուստանովելը, որը 1 տարի առաջ նույն հեռուստաընկերությամբ հեռարձակված մեկ այլ հեռուստասերիալի՝ «Այրված անուրջների» վերափոխված տարբերակն է: Նախագծի ստեղծագործական և դերասանական կազմում մի շարք փոփոխություններ են եղել:

«Անավարտ երազի» սցենարիստ Հարություն Ղուկասյանը Tert.am Life-ին հայտնեց, որ սա գաղափարի նորովի պատկերացումն ու ներկայացումն է:

««Այրված անուրջների» սցենարը ես չեմ գրել, քանի որ որոշում կայացվեց երկար սերիալ  անել, կարծեմ, մոտ 60 սերիա էր: Այն հաջողությամբ եթեր գնաց, սակայն որոշվեց այդ գաղափարն այլ կերպ ներկայացնել: Սյուժետային որոշակի նմանություններ կան, սակայն պատմությունն այլ հենքերի վրա է դրված, այլ զարգացումներ ունի և ընդամենը 16 սերիա է»,- ասաց սցենարի հեղինակը:

Հարությունը վստահեցնում է, որ նույն գաղափարը նորից ներկայացնելու պատճառն այն չէ, որ նախորդ նախագծում ինչ-որ բան այն չէր:

«Երևի, այդ 60 սերիայի մեջ հնարավոր չեղավ ներկայացնել ամբողջ ասելիքը: Զարգացումը սյուժետային այլ գծերով գնաց, ինչը հատուկ է երկար սերիալներին: Կարող եմ ասել, որ սա լրիվ ուրիշ կինո է: Այստեղ առաջ են քաշված թիրախային կետերը, որոնց մասին ուզում էինք խոսել,- ասաց նա, իսկ հարցին, թե որոնք են այդ թիրախային կետերը, պատասխանեց,- պատմությունը բավականին լուրջ հարցեր է առաջ քաշում: Առաջին սերիայում հարսանիք է, որի ժամանակ տեսանյութ է հայտնվում, որտեղ տեսնում ենք հարսին ինտիմ միջավայրում: Կադրում չի երևում, թե ով է նրա հետ: Բոլորը սկսում են մտածել, որ փեսան չէ, չնայած վերջինս վստահեցնում է, որ ինքն է: Այսպես, աղջկա անձնական կյանքը բուռն քննարկման առարկա է դառնում: Այստեղ ներկայացված է վերաբերմունքը մեր ավանդական կոչված արժեքների մասին: Մենք չենք ասում՝ դա լավ է կամ վատ, սակայն ցույց ենք տալիս, թե որքան բուռն է մեր հասարակությունն արձագանքում մարդկանց անձնական կյանքին վերաբերող հարցերին՝ նրանց կյանքը դարձնելով դժոխք: Ցույց ենք տալիս հասարակության ազդեցությունը մարդկանց մասնավոր կյանքի վրա»:

Հարությունը նշեց, որ իրենք ներկայացնում են այլ սյուժե․ «Սա բոլորովին ուրիշ պատմություն է: Առաջին սերիայում նմանություն կա, քանի որ դա պատմության հիմքն է, որից սկսվում է ամեն ինչ: Հետո մեզ մոտ բոլորովին ուրիշ կինո է գնում»:

Նախագծի դերասանների մի մասը նախորդ կազմից են, մյուսները փոխվել են:  Մասնավորապես գլխավոր կերպարներին Կարեն Ասլանյանի և Մարիամ Ալեքսանյանի փոխարեն մարմնավորում են Բեն Ավետիսյանն ու Մերի Երեմյանը: Սցենարիստը նշեց, որ նախագծի դերասանական կազմի ընտրությանն ինքը չի մասնակցել, սակայն դերասաններն ընտրվել են սահմանված կարգով՝ քասթինգով:

Դերասանական կազմի փոփոխության մասին հարցերին չպատասխանեցին նաև ստեղծագործական թիմի մյուս անդամները:

Tert.amLife