Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2019»-ին կներկայացնի Կարինա Իգնատյանը

Առաջին ալիքի ուղիղ եթերում քիչ ատառաջ ընտրվեց «Մանկական Եվրատեսիլ 2019»-ի հայ պատվիրակը: Նա Կարինա Իգնատյանն է:

Հաղթողն ընտրվեց հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվերակության հարաբերակցության արդյունքում: Ժյուրին ուներ 2 կազմ՝ բաղկացած մեծահասակներից և երեխաներից: Նրանցից յուրաքանչյուրի քվեարկությունը կազմել է ընդհանուր թվի 1/3-րդ մասը:

Մեծահասակների ժյուրիի քվեարկությամբ առաջին տեղում Վարդան Մարգարյանն է՝ 47 միավորով, երկրորդ տեղում Կարինա Իգնատյանը՝ 46 միավորով: Մանկական ժյուրիի քվեարկությամբ ևս Վարդան Մարգարյանն առաջատարն էր 44 միավորով, Կարինա Իգնատյանը պահպանեց երկրորդ տեղը՝ 42 միավորով: Պատկերը փոխվեց հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ Կարինան առաջին տեղում էր 50 միավորով, Վարդանը երկրորդ տեղում էր 45 միավորով: Գումարային արդյունքով հաղթեց Կարինան:

Այս տարի «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչի հատուկ հյուրն էր «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի հաղթող Ռոքսանա Վենգելը, ով վարելու է այս տարվա «Մանկական Եվրատեսիլը»: «Մանկական Եվրատեսիլն» այս տարի կանցկացվի Լեհաստանում: 

Հիշեցնենք, որ նախնական 30 հայտի արդյունքում ձևավորվել էր մասնակիցների տասնյակ: Հայաստանը մրցույթում ներկայացնելու համար պայքարում էին Անիշոկը, Անի Աթայանը, Անահիտ Առաքելյանը,  Ռոզա Էլոյանը, Էմիլի Հովհաննիսյանը, Անժելա Ալբերտյանը, Նարեկ Մարկոսյանը, նախորդ տարի «Դեպի մանկական Եվրատեսիլում» 2-րդ տեղը զբաղեցրած Վարդան Մարգարյանը, «Մանկական Նոր Ալիք 2019»-ի հայաստանյան պատվիրակ Կարինա Իգնատյանը և Ռուսաստանի «Ձայնը․ երեխաներ» նախագծի ֆինալիստ Ռոբերտ Բագրատյանը։

tert.am