Երիտասարդ մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանն այսօր տոնում է 19-ամյակը։ Տարիքի մասին մտորումների, նվերների, մինչև այս իրականացրած նպատակների և բաց թողածի մասին Անելյան պատմել է Tert.am Life-ին։ Մոդելի խոսքով՝ չի սիրում իր տարեդարձը, սակայն նշում է, քանի որ այն ևս մի առիթ է իրեն հարազատ մարդկանցով շրջապատելու։
«Շատ եմ կարևորում, որ այս օրը կողքիս լինեն մարդիկ, որոնց իսկապես սիրում եմ, իսկապես հարազատ են ինձ և չլինի որևէ ավելորդ մարդ, որի ներկայությունից կարող է նեղվեմ։ Բոլոր տարեդարձներս էլ, բնականաբար, ինչ-որ չափով հիշվող են եղել, տպավորվել են, սակայն մինչև օրս չեմ ունեցել այնպիսի առանձնահատուկ տարեդարձ, որի մասին կարող եմ խոսել։ Գրեթե ամեն տարի ընկերներիս ու հարազատներիս շրջապատում եմ լինում»,- ասաց Անելյան։
Ինչ վերաբերում է նվերներին՝ նա նկատեց, որ ընկերներն ու մտերիմներն իրեն նվեր գնելուց առաջ հարցնում են, քանի որ ինքը սիրում է ստանալ պետքական նվերներ։
«Ամեն տարի էլ ստանում եմ այնպիսի նվերներ, որոնց կարիքն ունեմ, քանի որ ընկերներս հարցնում են ինձ, բացի այդ, արդեն լավ գիտեն իմ նախասիրությունները։ Հետաքրքիր է, բայց առաջին նվերս ստացել եմ դեռ մեկ շաբաթ առաջ, այդպես էլ շարունակվել է ամբողջ շաբաթը ու դեռ շարունակվելու է, քանի որ ունեմ ընկերներ, որոնք երկրում չեն»,- ասաց մոդելն ու հավելեց, որ իրեն առաջինը շնորհավորում են տատիկն ու մայրիկը, ապա ընկերները։
Անելյան իր տարեդարձը յուրահատուկ տոնելու տարբերակ ունի, որը կիրագործի առաջին հնարավորության դեպքում․ «Շատ եմ ցանկանում եվրոպական որևէ երկրում բոլորովին մենակ, անծանոթ միջավայրում նշել տարեդարձս։ Սա, կարծում եմ, կապված է նրա հետ, որ ուզում եմ զգալ մարդու մենակ լինելը մոլորակի վրա, թե ինչպես նա կարող է երջանիկ լինել հենց այդ մենակության մեջ»։
Մոդելը ծիծաղելով նշեց, որ չնայած ուշադրություն չի դարձնում անձնագրային տարիքին, վերջին տասն օրվա ընթացքում շատ լարված է եղել, որ մեկ տարով էլ է մեծանում․ «Ես ասում էի՝ վայ արդեն 19 տարեկան եմ, ինչ մեծ եմ, ինչ եմ հասցրել անել, ոնց հասա այս մեծ թվին։ Հիմա ինձ համար 19-ը շատ մեծ թիվ է, որին հասնելու ճանապարհին ես այդ տարիքից ավելին եմ աշխատել, գործունեությունս էլ ավելի հասուն մարդու է հատուկ եղել։ Չեմ ցանկացել մեծ երևալ, ուղղակի այդպես է ստացվել։ Իրականում չեմ ուզում մեծանալ»։
Մոդելը, բնութագրելով 19 տարեկանում իր զգացողությունները, ասաց․ «Մի քանի օր առաջ հայրիկս ինձ հարցրեց, թե ինչ տարիք է ինձ համար 19-ը, պատասխանեցի, որ շատ անհարմար ու անհասկանալի։ Ես հիմա ունեմ համադասարանցիներ, որոնք ամուսնացել են, ունեմ կուրսեցիներ, որոնք ընտանիք են կազմել, ունեմ իմ տարիքի ծանոթներ, որոնք արդեն երեխաներ ունեն, բայց այս ամենի հետ մեկտեղ ես ունեմ ընկերուհիներ, որոնք ինձ նման են մտածում՝ այս տարիքում կառուցում են կարիերա՝ փորձելով սեփական ուժերով որևէ բանի հասնել։ Սրանք իրար հակադիր երկու բևեռներ են, մտածում եմ, թե որն է ճիշտ, ես ի՞նչ անեմ, ի՞նչ ուղղությամբ գնամ։ Հիմա մի տարիքում եմ, երբ շատ բաների համար մեծ եմ, շատ բաների համար դեռ փոքր»։
Անելյան նշեց, որ իր յուրաքանչյուր տարիքի համար ինքն ունի նպատակների և անելիքների ցանկ․ «Իմ յուրաքանչյուր տարիքի համար մտածած նպատակներ ունեմ։ Իրականում այսպիսի մի հետաքրքիր բան կա իմ կյանքում՝ նոր տարին ինձ համար սկսվում է ոչ թե հունվարի 1-ից, այլ տարեդարձիցս։ Ես տարին սկսում եմ հաշվել ծննդյանս հաջորդ օրվանից և որոշում եմ, թե ինչ եմ անելու։ Ունեմ նպատակներ, որոնց ամեն կերպ փորձում եմ հասնել հենց այս տարիքում։ Չնայած, երբեմն, դրանք չեն իրագործվում, երբեմն էլ այնպես չի դասավորվում, ինչպես մենք ենք ուզում, բայց ես կարողանում եմ շնորհակալ լինել ունեցածիս համար»։