«Թղթե երազանք» հեռուստանախագծի պրեմիերան և հայտնի հյուրերը

«Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի ունեցավ «Շանթ» հեռուստաընկերության նոր նախագծի՝ «Թղթե երազանք» բազմասերիանոց հեռուստաֆիլմի փակ պրեմիերան՝ հայտնի հյուրերի մասնակցությամբ։ Tert.am Life-ը ներկա է եղել փակ դիտմանն ու ֆիքսել ամենահետաքրքիր դրվագները։

Ավելի վաղ մենք ընթերցողներին պատմել ենք բազմասերիանոց նախագծի մասին։ Սցենարիստ Անի Մաղաքյանի խոսքով կերպարը, որին հեռուստադիտողները կտեսնեն էկրանին՝ հավաքական է, որը ստեղծելիս սցենարիստն ու բեմադրող-ռեժիսորը օգտվել են 2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերության կազմակերպած «Ապագայի համար» հեռուստամարաթոնի ռեպորտաժներից, որոնք պատմում էին իրական պատմություններ՝ անապահով պայամաններում ապրող գյումրեցի երեխաների երազանքների և առօրյայի մասին։

Պրեմիերայի շրջանակներում ցուցադրվեց «Թղթե երազանք» հեռուստանովելի առաջին մի քանի սերիաներից հավաքված մոտ մեկ ժամ տևողությամբ դեմո տարբերակը։

«Նման նախագծերի համար սցենարը բոլորովին այլ կերպ է գրվում։ Իրականում նկարահանման ընթացքը, շնորհիվ ռեժիսորի, գրագետ է արվել և բավակնին երկար է տևել։ Այն ժամանը, որը չենք ունենում հեռուստասերիալների վրա աշխատելու ընթացքում, այս դեպքում ունեցել ենք․ 7 ամիս գրվել է սցենարը, մոտ երեք ամիս աշխատել ենք գաղափարի վրա և առհասարակ բավականին երկար աշխատանքային ընթացք ենք ունեցել»,- ասաց սցենարիստ Անի Մաղաքյանն ու հավելեց, որ մինչ հեռուստանախագծի եթերային պրեմիերան՝ դեմո տարբերակով լսարանին ցույց են տալիս, թե ինչ են պատրաստվում ներկայացնել։

Ռեժիսոր Գարրի Զաքարյանի խոսքով՝ բավականին դժվար է եղել 24 մաս ունեցող նախագծից հավաքել մեկ ժամ տևողությամբ ֆիլմ, որը և՛ իրենով կլինի առանձին ֆիլմ, և՛ կներկայացնի ծավալուն տարբերակը․ «Բավականին դրվագներ եղել են, որոնք կցանկանայինք ցույց տալ, սակայն ժամանակի տեսանկյունից չէինք կարողանա։ Սփոյլերներ չեն լինի, ոովհետև կան սյուժետային գծեր, որոնք ուղղակի այս տարբերակում չկան և երբ երկուսն էլ դիտեք՝ կտեսնեք, թե որքան տարբեր են իրարից։ Ֆիլմը իհարկե հետաքրքիր է, բայց սերիալի տարբերակն էլ ավելի հետաքրքիր է լինելու»։

Ինչ վերաբերում է դերասանների ընտրությանն, ապա ռեժիսորն ասաց, որ իրենք հնարավորինս բնականությունը պահպանելու միտումով գյումրեցի կերպարները մարմնավորելու համար ընտրել են արմատներով գյումրեցի դերասանների։


Աղբյուրը tert.am Life