ԲՐԻԹՆԻ ՍՓԻՐՍԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ՊԱՀՈՒՄ ԵՆ ԻՐ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ

Այս տարեսկզբին, ինչպես հայտնի է, աշխարհահռչակ երգչուհի Բրիթնի Սփիրսի երկար սպասված համերգային շրջագայությունը, որ պետք է տեղի ունենար, չեղյալ հայտարարվեց։ Պատճառը երգչուհու հոր՝ Ջեյմի Սփիրսի առողջության հետ կապված խնդիրներն էին։ Պարզվել էր, որ նա ծանր հիվանդ է, ինչը չափազանց ազդել էր երգչուհու վրա։ Բրիթնի Սփիրսը, որոշ ժամանակ անց, դիմել էր հոգեբուժարան, իր հոգեկան առողջությունը վերականգնելու համար։

Հոր հիվանդությունը եւ դրանով պայմանավորված իր ապրումները հյուծել էին նրա նյարդահոգեկան համակարգը։ Եվ ահա սկսեցին լուրեր շրջանառվել, որ երգչուհուն հոգեբուժարան են տարել հակառակ իր կամքի եւ այնտեղ պահում են բռնի կերպով։ Հետաքրքրական է, որ Սփիրսների ընտանիքի հետ աշխատող իրավաբանների թիմից մեկը լուրեր էր տարածել, որ դեռեւս 2007-8 թթ Բրիթնիի մոտ ի հայտ էր եկել բիպոլյար խանգարում եւ նյարդային պոռթկումներ, եւ նրա հայրը նշանակվել էր դստեր միակ խնամակալը։

Ըստ այդմ, բավական հեշտ է երգչուհուն բռնի կերպով կամ իր կամքին հակառակ հոգեբուժարանում պահելը։ Երգչուհու երկրպագուները անմիջապես սկսեցին #freeBritney ֆլեշմոբը, եւ ամեն ինչ չէր լրջանա, եթե երգչուհու մայրը՝ Լին Սփիրսը, չսկսեր «լայքել» գրառումներն այն մասին, որ երգչուհուն բռնի կերպով են տարել հոգեբուժարան եւ այնտեղ պահում են իր կամքին հակառակ։ Երկրպագուները այդ քայլի մեջ տեսել են օգնության կանչ եւ ավելի ակտիվացրել երգչուհուն հոգեբուժարանից դուրս բերել տալու իրենց գործողությունները։