Իր վարակիչ ծիծաղով ու անմիջականությամբ՝ Նատալյա Օրեյրոն այսօր նաև Women՛s club-ի հյուրն է լինելու։ BlogNews.am-ը երգչուհու հետ ներկա է եղել հումորային հաղորդման նկարահանմանը։ Ներկայացնում ենք հետաքրքիր մանրամասներ ու լուսանկարներ՝ տաղավարից։
Նախագծի հանդիսատեսին Նատալյան հայերեն ողջունեց` «Բարև ձեզ»։ Հետո, «ո՞նց ես, «փող չկա» ու էլի մի շարք բառեր Նատալյային սովորեցրին Գրիգն ու Չարենցը՝ Հայաստանում նրա կյանքն ավելի հեշտացնելու համար։ Պետք է նկատել, որ դերասանուհու մոտ ամենևին էլ վատ չէր ստացվում հայերեն խոսելը։
Գրիգի և Չարենցի հետ հումորային զրույցից հետո, երգչուհին լսեց Պոնչի պատմած անեկդոտը, որը նրան չծիծաղեցրեց։ Ասաց` կամ թարգմանչուհին լավ չի փոխանցել իմաստը, կամ իր համար ծիծաղելի չէր։ Վերջում իհարկե, Նատալյան գեղեցիկ ժեստ արեց՝ համբուրելով Պոնչին՝ նրան չնեղացնելու համար։
Women՛s club-ում պատկերացրել էին, թե ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում տեղի ունենար Նատալյա Օրեյրոյի նմանակների մրցույթ, որի ժյուրին կլիներ հենց երգչուհին։ Ակումբի աղջիկներից Թամարան, Սոնան, Մաշան ու Զառան երգեցին հայտնի Cambio dolor երգը` նմանակելով Նատալյային։ Թամարան ու Սոնան «Վայրի հրեշտակի» կերպարով էին, Մաշայի ելույթի ընթացքում Նատալիային զարմացրեց Պոնչի ճկուն շարժումներն ու ռիթմիկ պարը։ Զառան էլ հայտնի հիթը ներկայացրեց հայկական մոտիվներով։ Երգչուհուն երգի հայկական տարբերակն այնքան դուր եկավ, որ նա նույնիսկ պարեց հայկական երաժշտության հնչյունների տակ։